Մարզպետի եղբայրը՝ թմրամոլ

10/04/2006

Տհաճ պատմության մեջ է ընկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը: Ապօրինի կերպով թմրանյութեր պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանությունը ապրիլի 4-ին խուզարկության է ենթարկել մարզպետի եղբոր` 1958թ. ծնվ. Սեյրան Խաչատրյանի Գորիսում գտնվող բնակարանը: Նրա տանից, ըստ հավաստի աղբյուրների, հայտնաբերվել է 1,9 գրամ քաշով մարիխուանա թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված, ինչպես նաեւ` երկաթյա ասեղ, որի մեջ հայտնաբերվել է ափիոնանման նստվածք: Ս. Խաչատրյանը ձերբակալվել է եւ ապրիլի 5-ին տեղափոխվել ոստիկանության Երեւան քաղաքի ժամանակավոր պահման մեկուսարան: Նրան արդեն ներկայացվել է մեղադրանք` ՀՀ Քրօր-ի 268 հոդվածի հատկանիշներով` «թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի»: Իսկ դա նախատեսում է առավելագույնը 2 ամսվա կալանք կամ մինչեւ մեկ տարի ազատազրկում: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից չհերքեցին այդ լուրերը: «Օրերս ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, որի անդամներից մեկը Գորիս քաղաքի բնակիչ Սեյրան Խաչատրյանն է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: