Ժիրինովսկին հրավիրում է հայ «պատրիոտներին»

10/04/2006

Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցությունն ապրիլի 24-25-ին Մոսկվայում անցկացնելու է «Հայրենասիրական կուսակցությունների համաշխարհային կոնգրեսի» երրորդ համագումարը, որին, մեր տեղեկություններով, հրավիրված են կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ` ԱԺՄ կուսակցությունը: Ինչպես մեզ տեղեկացրին Ժիրինովսկու գրասենյակից, հայաստանյան կուսակցություններն ընտրվել են ՌԴ ԱԳՆ-ի խորհրդով: «Սակայն, կան կուսակցություններ, որոնց Վլադիմիր Վոլֆովիչն անձամբ է ցանկացել հրավիրել, եւ որոնք մասնակցել են 2-րդ համագումարին»,- ասացին Ժիրինովսկու գրասենյակից: Պատրաստվո՞ւմ են մեր քաղաքական այրերն ընդունել Ժիրինովսկու հրավերը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը կոնկրետ հրավեր դեռ չի ստացել եւ նման ինֆորմացիա չունի: «Բայց կարծում եմ, որ բոլոր կուսակցություններն էլ հայրենասիրական են»,- ասաց նա: Հրավերը ՀՅԴ Գերագույն մարմինը թեեւ ստացել է, բայց դեռ չի քննարկել` արժե՞ մասնակցել դրան, թե՞ ոչ: Եվ կամ մասնակցելու դեպքում հայկական պատվիրակությունը պիտի մեկնի Մոսկվա՞, թե՞ համագումարին կմասնակցեն Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչները, դեռ հայտնի չէ: Իսկ ՕԵԿ-ից այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց, քանի որ ՕԵԿ-ականները սովորություն ունեն հեռախոսազանգերին ընդհանրապես չպատասխանել: «Սա մեր երրորդ հրավերն է: Նախկինում մենք մասնակցել ենք վարչության անդամների մակարդակով: Իսկ այս անգամ էլ ես անձամբ եմ գնալու»,- փոխանցեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Իսկ ինչո՞ւ է կուսակցության նախագահը որոշել անձամբ մասնակցել այդ համագումարին: «Կարեւորում եմ այդ հանդիպումը: Շատ կուսակցություններ են հրավիրված: Ամբողջ աշխարհում հայրենասիրական պոռթկումներ են գնում, եւ բավական կուսակցություններ կան աշխարհի բոլոր երկրներում: Համագումարը լինելու է ապրիլի 24-26-ը: Համընկնում է Եղեռնի զոհերի հիշատակի օրվա հետ եւ, կարծում եմ, որ այդ օրը համագումարի ժամանակ այնտեղ կնշենք»,- փոխանցեց Վ. Մանուկյանը: Պարզ է, որ եթե կոալիցիան դեռ տեղյակ չէ համագումարի մասին, ապա Ժիրինովսկու հայաստանյան «ընտրյալը» հենց Վազգեն Մանուկյանն է: