«Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Ինձ տարան Գառնի-Գեղարդ։ Ետ դառնալու ճանապարհին վարորդն ինձ հարցրեց՝ ինչի՞ մասին եք խոսելու։ Երբ պատասխանեցի` կոռուպցիայի դեմ պայքարի, նա թերահավատորեն ժպտաց, ճիշտ այնպես, ինչպես մենք ժպտում ենք «Դոն-Կիխոտը» կարդալիս»,- Ազգային ժողովում տեղի ունեցող միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի ժամանակ ասաց ՌԴ Հանրային պալատի անդամ Գրիգորի Տոմչինը։
Այսպես ժպտում են բոլոր հայերը, երբ խոսում են ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլեւ աղքատության կրճատման, անկախ դատարանների ստեղծման, ազատ, արդար ընտրությունների անցկացման եւ այլ գեղեցիկ բաների մասին։
Բոլորը մտածում են՝ միայն խոսում են, էլի։ Այս կարծիքի հետ համաձայն է նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն ասում էր՝ հարկավոր է պայքարել ոչ թե խոսելով, այլ գործով։ Իհարկե, այս միտքը Ա. Բաղդասարյանին ու իր ղեկավարած կուսակցությանն էլ է վերաբերում, բայց դե գործ անելու համար սկզբից հարկավոր է որոշել` ի՞նչ անել, նոր անցնել գործի։ Որոշելու համար էլ հարկավոր է խոսել։ Եվ կոնֆերանսի մասնակիցներն էլ (պատգամավորներ, միջազգային հյուրեր, դեսպաններ…) երկու օր շարունակ խոսում էին։
Կարելի էր ի սկզբանե գուշակել՝ ով ինչ է ասելու (խոսքը վերաբերում է հայ բանախոսներին)։ Օրինակ, երբ խոսում էր Արմեն Ռուստամյանը, բոլորը սպասում էին, որ նա անպայման կհիշի փոփոխված սահմանադրության մասին։ Եվ հիշեց։ Կարելի էր անգամ կանխագուշակել, թե ինչի՛ մասին են լռելու։ Ճիշտ է, կոնկրետ անձանց։ Այս մասին բարձրաձայնեց միայն ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը. «Մինչեւ կոնկրետություն չմտցվի, ոչ մի արդյունք չի լինի»։ Պատգամավորն ինքը որոշեց նախաձեռնություն ցուցաբերել եւ, որպես կոռուպցիայի փայլուն օրինակ, նշեց մաքսային կառույցը եւ նրա ղեկավարին։ «Միայն բենզինի եւ դիզվառելիքի ներկրումից պետական բյուջեն կորցնում է 55 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ մաքսայինին վճարված 100 դրամից 46-ը կաշառք է»։ Ցավոք, կոնկրետությունը վերջացավ՝ Թաթուլ Մանասերյանի ելույթի հետ միաժամանակ։
Կային նաեւ ելույթներ, որոնք որքան էլ փորձեցինք կապել կոռուպցիայի դեմ պայքարի հետ, չստացվեց։ Օրինակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ա. Եղոյանը մոտ կես ժամ խոսեց իրենց համագործակցության մասին տեղական եւ միջազգային կառույցների հետ։ Վերջում ավելացրեց, որ իրենք դեմ են արտահայտվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած բնական գազի սակագնին։
Կարելի է ելույթ ունենալ առանց կոնկրետ փաստեր նշելու, բայց գոնե հետաքրքիր խոսել։ Ցավոք, ոչ բոլորի մոտ է դա ստացվում։ Դրական առումով առանձնացավ թերեւս Գր. Տոմչինի խոսքը։ «Կոռուպցիայի դեմ պայքարելու համար միայն նոր օրենքներ գրելը հիմարություն է։ Դրա փոխարեն հարկավոր է ուսումնասիրել, թե տվյալ օրենքը որքանո՞վ է թույլ տալիս չինովնիկին կաշառք վերցնել։ Իսկ եթե օրենքն այդպիսի հնարավորություն տալիս է, ապա չինովնիկն անպայման կաշառք կվերցնի, այլապես չի կարող պահպանել իր աթոռը», – ասաց պրն Տոմչինը։
Կոնֆերանսն ավարտվեց ամփոփիչ մամուլի ասուլիսով, որի ժամանակ կենտրոնում նստած էր Ա. Բաղդասարյանը, աջ կողմում` ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վ. Պրյախինը, ձախում՝ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը։ Բանախոսներն իրենց գոհունակությունն արտահայտեցին կոնֆերանսի, դրա ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ։ «Մենք լավ աշխատեցինք։ Ընդունեցինք բանաձեւ։ Ստեղծվեց ԳՕՓԱԿ-ի հայաստանյան մարմին, որին ներգրավվեցին ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբերն ու խմբակցությունները՝ թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր»,- նշեց Ա. Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ իրենց գլխավոր նպատակը կոռուպցիայի դեմ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելն է։
«Իսկ այդ գործում միջազգային երկրներն ու կառույցները պատրաստակամություն են հայտնել մեզ օգնել»,- նշեց պրն Բաղդասարյանը՝ նայելով Պրյախինին եւ Էվանսին։ Վերջիններիս մեջ հավանաբար հաճելի հուշեր արթնացան, թե ինչպես են ժամանակին «օգնել» արդար ընտրություններ եւ հանրաքվե անցկացնելու գործում։
Իսկ գործնականում կոնֆերանսի տված օգուտն ինչպիսի՞ն կլինի եւ ե՞րբ շոշափելի կդառնա։ Պրն Բաղդասարյանի կարծիքով, դրա ազդեցությունն արդեն իսկ շոշափելի է, քանի որ մամուլը մեծ ուշադրություն է դարձնում կոռուպցիային։
«Մենք մտնում ենք համագործակցության նոր փուլ։ Միացեք մեզ, պայքարենք եւ լավ արդյունքներ կունենանք»,- ասաց ԱԺ նախագահը՝ դիմելով լրագրողներին։
Նրանից ետ չմնաց նաեւ Ջոն Էվանսը. «Դուք ամենամեծ ուժն եք կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Ձեր գործը վտանգավոր է, բայց շատ անհրաժեշտ»։
Ահա այսպես։ Իսկ մենք հույսներս դրել էինք ասուլիս տվողների վրա։ Պարզվում է՝ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Միգուցե հաջորդ ասուլիսի ժամանակ հարց տվողներն ու պատասխանողները տեղերով փոխվե՞ն…