«Կյանք է, դինամիկ զարգացումներ են, որտեղ յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն փնտրում է իր ապագա գոյատեւման երաշխիքները»,- այսպիսի վերաբերմունք ունի ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը Գրողների միության տան վերակառուցման ծրագրերին: Չնայած ՀԳՄ անդամների մտավախությանը, ԳՄ քարտուղարը բացառում է, որ շենքը կարող են քանդել: «Իրականությունն այն է, որ փոխշահավետ սկզբունքներով Գրողների միության շենքի վերակառուցման առաջարկ է եղել, որը քննարկվել է ԳՄ վարչության նիստում: Առաջարկվել են մի քանի նախագծեր՝ շենքի քանդման եւ տեղում ճարտարապետական նույն կոնֆիգուրացիայով նոր շենքի կառուցման, ինչպես նաեւ՝ շենքի պահպանման եւ կից կառույցների միջոցով տարածքի բազմապատկման տարբերակով»,- Դ. Մուրադյանի հավաստմամբ` ԳՄ վարչության անդամների մեծամասնությունը դեմ է եղել շենքի քանդմանը, իսկ վերակառուցման ծրագրին մոտեցել են խիստ վերապահումներով: Ըստ առաջարկված նախագծերի՝ Գրողների տան վերակառուցված տարբերակը 12 հարկանի կառույց է ենթադրում, որի համասեփականատերերն են լինելու ԳՄ-ն եւ առաջարկի հեղինակը, տվյալ դեպքում՝ Արմեն Ստեփանյանը, որին է պատկանում նաեւ «Աստրալ» ակումբը: «Կարեւոր չի, թե ինչ գործունեություն նրանք կիրականացնեն այստեղ, ենթադրում եմ, որ կլինեն հարկաբաժիններ, որ կտրվեն վարձակալության տարբեր բիզնես-կենտրոնների, այդ ամենից Գրողների միությունը, իր տարածքից բացի, կստանա իր փայ հարկաբաժինը, որը գործունեության մեջ դնելով՝ եկամուտներ կապահովի»,- համոզված է Դ. Մուրադյանը:
«Բնականաբար կարելի էր միանգամից այդ առաջարկները մերժել եւ չքննարկել, բայց մյուս կողմից էլ` մեզ կարող էին, չէ՞, ասել, թե ինչո՞ւ չեք քննարկում Գրողների միության, այսպես ասած, գործունեության հնարավոր դաշտը»,- ըստ Դ. Մուրադյանի` շենքի վերակառուցումը հնարավորություն կտա Գրողների միությանը` ընդլայնել ֆինանսատնտեսական գործունեության դաշտը եւ ավելացնել ԳՄ եկամուտները՝ այդ միջոցները ծառայեցնելով ԳՄ աշխատակազմի եւ գրական մամուլի պահպանման խնդիրներին: Առաջարկված նախագծերը տպագրվելու են «Գրական թերթում»: «Նախագծերից բացի` կտպագրվեն նաեւ առաջարկների մանրամասները, իրավական երաշխիքները, որոնք կդրվեն գրողական համայնքի քննարկմանը, կհրավիրվի ընդհանուր ժողով եւ խնդիրը միասնական լուծում կստանա, որովհետեւ սա այն խնդիրը չի, որ լուծվի նույնիսկ միայն վարչության շրջանակներում, կարծում եմ՝ նորմալ պրոցես է, եւ սրա շուրջ հիվանդագին կրքեր պետք չեն, որովհետեւ մենք բավականաչափ երկար ժամանակ ապրել ենք, որպեսզի թեթեւամիտ որոշումներ չընդունենք»,- համոզված է միության քարտուղարը: