23.000 դրամից մեկ տոննա ցեմենտի գինը Հայաստանում տասնմեկ ամսում դարձել է 43 հազար դրամ (աճել է 87 տոկոսով): Շուկայում գերիշխող դեր ունեցող «Արարատ ցեմենտը» (Գագիկ Ծառուկյանի) ու «Միկա ցեմենտը» (Միխայիլ Բաղդասարովի) այսօր շուկայում իրենց արտադրանքը վաճառում են նույն գնով: Կրկնենք՝ 43 հազար դրամ՝ մեկ տոննա ցեմենտի համար: Հանրապետությունում եւ մեր տարածաշրջանում՝ առհասարակ, շինարարությունը պարզապես ծաղկում է: Այսինքն՝ վերոնշյալ արտադրողներն իրենց ապրանքը սպառելու բարդություններ չունեն. գործարաններն աշխատում են ողջ հզորությամբ: Սակայն տարվա սկզբին հրապարակված հանրապետության 300 խոշոր հարկատուների ցանկում «Միկա ցեմենտը» զբաղեցնում էր ցուցակի հեռավոր 292-րդ տեղը (118 մլն դրամ), իսկ «Արարատ ցեմենտը» ցուցակում ընդհանրապես չկար:
Ինչպե՞ս է ցեմենտը հոսում բյուջեի կողքով
Որպեսզի հասկանալի դառնա, թե գազի եւ էլեկտրաէներգիայի՝ գոնե մինչեւ այս տարվա ապրիլի մեկը կայուն գների պայմաններում ինչպես կարելի է հաջողացնել գնի նման անտրամաբանական աճ, նախ՝ ներկայացնենք ցեմենտի գնագոյացման մեխանիզմը: Այս հարցում մեզ օգնել է ոլորտի էքսպերտներից մեկը: Ցեմենտի գնագոյացումը կախված է տվյալ գործարանի տեխնիկական հզորությունից (որքան մեծ լինեն արտադրանքի ծավալները, այնքան ինքնարժեքը ցածր կլինի), ինչպես նաեւ` նոր տեխնոլոգիաների կիրառումից: «Արարատ-ցեմենտ» ՓԲԸ-ն, որն այժմ կրում է «Ռոբերտո» փաղաքշական անվանումը, նոր տեխնոլոգիական գիծ է: Այն ցեմենտ արտադրում է չոր մեթոդով, որը մինչեւ 20 տոկոսով տնտեսում է էներգետիկ ռեսուրսները: Դրանով այդ գործարանն առավելություն ունի Հայաստանի (ինչպես նաեւ՝ Վրաստանի եւ Ադրբեջանի) բոլոր գործարանների հանդեպ: Դրան գումարած՝ գործարանի նախագծային հզորությունը, որը տարեկան մեկ միլիոն 200 հազար տոննա է: Որեւէ այլ գործարան չունի նման հզորություն, հետեւաբար, որեւէ գործարան գնի առումով (ո՛չ Հրազդանի, ո՛չ Վրաստանում գործող Ռուսթավիի, Բաթումիի գործարանները, ո՛չ Ադրբեջանի գործարանը, ո՛չ Արարատի փոքր գործարանը) չի կարող մրցակցել այդ գործարանի հետ: Ցեմենտ ստանալու համար անհրաժեշտ է երկու կոմպոնենտ՝ կրաքար եւ կավ: Կրաքարն ու կավն աղալուց հետո պետք է լավ խառնվեն: Հին մեթոդով աշխատող մյուս գործարաններն այդ պրոցեսն իրականացնում են ջրի միջոցով, որից հետո նոր խառնուրդը մտցնում են վառարան: Վառարանում գազ է վառվում, որը պետք է նախ՝ ջուրը չորացնի: Վառարանն ինքը երկար է, հետեւաբար՝ գազ ավելի շատ է ծախսում: Նոր մեթոդով աշխատող գործարանները, մասնավորապես՝ Արարատի ցեմենտի գործարանը, այդ երկու կոմպոնենտները՝ կրաքարն ու կավը, խառնում է իրար օդի միջոցով: Այսինքն՝ ինչպես արդեն նշեցինք, տնտեսվում են գազն ու էլեկտրաէներգիան: Գնագոյացման վրա ազդող մյուս չափորոշիչներն արտադրանքի հսկայական ծավալներն են եւ այն, թե ինչ հեռավորության վրա են գտնվում հանքավայրերը, որոնցից հումքը տեղափոխում են գործարան: Արարատի ցեմենտի գործարանը ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ աշխարհի մասշտաբով այն գործարաններից մեկն է, որի աշխատանքի համար անհրաժեշտ երկու հանքանյութն էլ գտնվում է նույն տարածքում՝ թե՛ կրաքարը, թե՛ կավը. ամենահեռավոր հանքավայրը գործարանից 9 կմ հեռավորության վրա է, ամենամոտը՝ մեկ մետր: Նույնը չես ասի Հրազդանի գործարանի մասին, որի հանքավայրերը 60-70 կմ հեռավորության վրա են: Ինչ վերաբերում է կրաքարի որակին, ապա աշխարհում հայտնի է, որ ամենամաքուր կրաքարն արարատյան հանքավայրի կրաքարն է՝ 98 տոկոս մաքրության: Սրա որակական հատկանիշներն այնպիսին են, որ անորակ արտադրանք տալու համար շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն, քան որակյալի: Այս կոնտեքստում դիտարկելիս էլ այս գործարանի արտադրած ցեմենտը պիտի որ էժան լիներ: Ցեմենտի արտադրության մեջ գնագոյացման հիմնական կոմպոնենտներից մյուսն էներգառեսուրսների գինն է, իսկ էլեկտրաէներգիան, մինչեւ ապրիլի մեկը՝ նաեւ գազը, չի թանկացել: Թանկացումների դեպքում էլ գնի տատանումը ծայրահեղ դեպքում կազմում է 40-45 տոկոս:
«Պարզապես թալան է գնում»
1999թ. Արարատի ցեմենտի գործարանն արտադրել է 250.000 տոննա կլինկեր (սա ցեմենտի հումքն է, որից հետո ցեմենտ է աղացվում): 250.000 տոննա արտադրության դեպքում ցեմենտի գինը կարող էր լինել 19.000 դրամից ոչ պակաս: Ցեմենտը վաճառվում էր 21 հազար դրամով: Մեկ միլիոն 200.000 արտադրական ծավալ ունեցող գործարանն արտադրել է 250.000 տոննա կլինկեր: Գործարանի շահույթը եղել է 24 տոկոս: Իր հզորության մեկ քառորդով աշխատած գործարանն ունեցել է 24 տոկոս շահույթ: Հիմա գործարանն աշխատում է ողջ տարին, շուկայի, սպառման խնդիր չի ունեցել: Այստեղ ակնհայտ գերշահույթների մասին է խոսքը: «Արարատ ցեմենտ» գործարանի խորհրդի նախագահ եւ «Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանն՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչու են իրենք թանկացրել ցեմենտը, պատասխանեց. «Պատճառը պահեստամասերի թանկացումն է: Հրակայուն երկաթյա մատերիալների վրա տարեկան երեք միլիոն դոլարի ներդրում ենք անում, որը ներմուծում ենք Ռուսաստանից: Իսկ այնտեղ այդ պահեստամասերի գներն անընդհատ բարձրանում են»: Թեեւ ակնհայտ է, որ ապրիլի մեկից գազի գինը կբարձրանա, սակայն պարոն Առուստամյանը խոստացավ, որ առաջիկայում (խոսքն առաջիկա մեկ ամսվա մասին է) ցեմենտը չի թանկանա: Պարոն Առուստամյանի բերած հիմնավորումը գուցե համոզիչ ու խիստ տրամաբանական թվա պատահական մեկի համար: Սակայն մասնագետների համար դրանք պարզապես անհամոզիչ խոսքեր են: Ամորտիզացիան ինքնարժեքի մեջ գրոշներ է կազմում: Բանն այն է, որ այն հիմնական նյութերը, որոնք գործարանը գնում է՝ հրակայուն, վառարանում օգտագործվող աղյուսներն են: Ճիշտ տեխնոլոգիայով աշխատեցնելու դեպքում այդ աղյուսներն ունեն մեկից երկու տարի աշխատելու ռեսուրս, այսինքն՝ մաշվում են 2 միլիոն 600.000 տոննա ցեմենտ արտադրելուց հետո: Մյուս հիմնական օգտագործվող նյութն աղացող նյութերն են, երկաթե գնդիկները (ինչի մասին ասում էր պարոն Առուստամյանը): Դրանք կլինկերը կոտրատում, մանրացնում եւ հասցնում են անհրաժեշտ մանրության: Երկաթե գնդիկները պատերին քսվելով, հասկանալի է, մաշվում են: Համաձայն նորմատիվի՝ յուրաքանչյուր մեկ տոննա կլինկերի համար անհրաժեշտ է մեկ կգ գնդիկ: Այսինքն՝ եթե գործարանն արտադրում է 100.000 տոննա ցեմենտ, ուրեմն պիտի օգտագործի 1000 տոննա գնդիկ: Այս գնդիկների գինը, համաձայն էքսպերտի, չի թանկացել: Այս գնդիկներից արտադրում է Հայաստանը՝ Չարենցավանում: Դրա որակն այնքան էլ հաջող չէ, եւ մեկ տոննայի համար օգտագործվում է կիլոգրամից ավելի գնդիկ: Արտադրվում է նաեւ Ուկրաինայում, որտեղից էլ ներմուծում են: «Դատելով հարկատուների ցուցակից ՝ այս գործարանները ոչ միայն շահույթ չունեն, այլեւ վնասով են աշխատում: Տրամաբանությունը մեկն է՝ պարզապես թալան է գնում»,- վստահ է մեր փորձագետը:
Կա՞ հակամրցակցային համաձայնություն
«Միկա ցեմենտն» իր հզորություններով չի կարող մրցել «Արարատ ցեմենտի» հետ: «Միկայում» թանկ լինելու հիմնավորումներն ավելի շատ են՝ տեխնոլոգիական հին գիծ, հեռու հանքեր, ցեմենտ ստանալու «թաց» մեթոդ: Եթե նայենք իրական շուկան, վերոնշյալ երկու գործարանների արտադրանքի գները նույնը չպիտի լինեն: Հակառակ դեպքում ստացվում է, որ գնային քաղաքականությունը միմյանց հետ համաձայնեցված է: «Միկա ցեմենտը» գազ եւ էլեկտրաէներգիա ավելի շատ է ծախսում: Հետաքրքիր է, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնո՞ւմ է այս երկու՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գների հիմնավորվածության վերահսկում: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը նշեց, որ հանձնաժողովը ցեմենտի շուկան ուսումնասիրել է երկու ամիս առաջ՝ շուկայի կառուցվածքի տեսակետից: Քանի որ վերոնշյալ երկու գործարաններն էլ գերիշխող դիրք ունեցողների ռեեստրում են, պարտավոր են 6 ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնել նաեւ արտադրանքի գնի վերաբերյալ (ժամկետը լրանում է հունիսի վերջին): Եթե նրանց արտադրանքը որեւէ գնային փոփոխության ենթարկվի, պետք է բացատրություն ներկայացնեն գնի բաղադրիչների վերաբերյալ եւ նշեն փոփոխության պատճառները: Հանձնաժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի այն դեպքում, եթե ներկայացված փաստարկները չհիմնավորված լինեն: Իսկ ինչ վերաբերում է այս երկու ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության գալուն (խոսքն արտադրանքի չհիմնավորված բարձր գնի մասին է), ապա դա խիստ դժվար ապացուցվող բան է. այն հաստատելու համար խիստ լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ: Հայաստանում մեկ նման համաձայնության բացահայտման նախադեպ կա: