Էրեբունու համայնքի Նուբարաշենի խճուղու հարեւանությամբ գտնվող գերեզմանոցի կամ հայտնի Սովետաշենի գերեզմանոցի պարիսպները քանդել են: Տպավորություն է ստեղծվում, որ գերեզմանոցը ուզում են մեծացնել փողոցի եւ գերեզմանոցի արանքում ընկած մոտ 7-8 մետր լայնություն ունեցող տարածքի հաշվին: Այդ տարածքը թաղումների ժամանակ ծառայում էր որպես ավտոկայանատեղի: Իսկ գերեզմանոցի մուտքի հարեւանությամբ եղած ավտոկայանատեղիի մի մասը վաճառվել է, բնականաբար, գերեզմանոցի համար: Եվ գաղտնիք չէ, որ Երեւանի գերեզմանոցներում ազատ տարածքներ գրեթե չկան: Այդ պատճառով, քաղաքային իշխանություններն արդեն սկսել են վաճառել փողոցների եզրային մասերը:
Գերեզմանոցի համար վաճառվող հողակտորը պակաս եկամտաբեր չէ, քան էլիտար շենք կառուցողներին վաճառվող հողերը: Եթե Երեւանի միայն կենտրոնական մասում է հողի 1 քմ արժեքն ավելի քան 1300-1700 դոլար, ապա քաղաքից դուրս ընկած գերեզմանոցների նույնքան հատվածն էլ այդ գնով է վաճառվում: Դեռեւս պետական կարգավիճակ ունեցող գերեզմանոցները կարծես թե դարձել են ղեկավարողների սեփականությունը: Սովետաշենի գերեզմանոցի կողքով անցնում է Երեւան-Մասիս կամ Արտաշատ եւ ավելի հեռուն տանող միջքաղաքային ճանապարհը: Եվ կարծես թե պարիսպը քանդվել է, որպեսզի տեղափոխվի փողոցի եզր: Մեր կասկածները միայն մասամբ հաստատեց քաղաքապետարանին ենթակա «բնակչության հատուկ սպասարկման» ՊՓԲԸ (թաղման բյուրո) տնօրեն Արտաշես Գաբրիելյանը: «Գերեզմանոցի պարիսպները 30-40 տարվա վաղեմություն ունեն,- ասաց պարոն Գաբրիելյանը:
-Մենք քանդել ենք, որպեսզի վերանորոգենք: Կտեսնեք, որ գեղեցիկ բան ենք կառուցելու»:
Ա. Գաբրիելյանն ասաց, որ գերեզմանոցն ընդամենը 1-1,5 մետր են լայնացնելու: Իսկ այդ հողակտորի լայնությունը մոտ 7-8 մետր է: Բայց քանդված պանելները ճանապարհին ավելի մոտ են շարված, եւ դժվար թե շահագրգիռ մարմիններն ընդամենը 1,5 մետրով բավարարվեն: Հանգամանքներն են այդպես համոզում: Իսկ պարոն Գաբրիելյանն էլ ասում էր, թե այդ տարածքը աղբանոց է դարձել, եւ իրենց աշխատակիցները չեն կարողանում մաքրել:
«Լավ չի՞, որ պարսպապատենք ու մաքրենք»,- հարցնում է Ա.Գաբրիելյանը:
Այդ հողատարածքով նաեւ ջրագիծ է անցնում, եւ թույլատրելի չէ, որ այն հայտնվի գերեզմանոցի տարածքում: Դա գիտի նաեւ պրն Ա. Գաբրիելյանը: Ի դեպ, գերեզմանոցի անմիջապես դիմացն է գտնվում Նուբարաշենի աղբավայրը, եւ այնտեղ թափառող շները անարգել հանգրվանում են նաեւ շիրիմների վրա: Բացի այդ, գերեզմանոցի տարածքի հողը սողանքային է, եւ տեղեր կան, որտեղ հողի շարժի պատճառով մի քանի գերեզման իրար վրա են լցվել:
Ա.Ա.