3-րդ հարկի կանայք թեեւ առանձին սենյակներում են ապրում, այդուհանդերձ, մի ընտանիքի պես են: Նրանց միավորում է միասին ապրած մանկությունը: Հավաքվում են, վերհիշում անցյալը, զրուցում-դատարկվում ու փորձում մոռանալ ամեն դաժան բան, ապրել նորովի: Ասում են, որ անցյալի դառնությունները չեն կարողանում մոռանալ ու ամեն Աստծո օր նրանցից մեկը մի տխուր բան հիշում է: Նրանց մենք հանդիպեցինք Իրինայի սենյակում, որտեղ սովորականի պես հավաքվել էին անցյալի վերքերը թարմացնելու: Մանկատան սաներն ասում են, որ իրենք վերջերս քեֆ են արել, ուրախությունից գոռացել են: Հարցնում եմ՝ «Ի՞նչ առիթով»: Ասում են՝ «Մեր՝ Գավառի մանկատան տնօրենը մահացել էր, ուրախությունից գոռում էինք, տոն էինք սարքել: Տնօրենը մեռավ ու լավ մեռավ: Հարսանիք էինք սարքել»: «Մարդը մահացել էր, իսկ դուք այդ առիթով քե՞ֆ էիք անում»,- հարցնում եմ: «Էդ մարդ չէր, Հիտլերն էր, մենք էլ իրա գերիներն էինք,- ասում են: -Գավառի մանկատան սաներից ում էլ հարցնես՝ կասեն, որ էնտեղ նացիզմ էր: Մեզ ստորացնում ու ոչնչացնում էին ամենաստոր ձեւերով…»: Խոսելիս այս կանանց աչքերը տնօրենին հիշելուն պես չարանում էին: Ամեն մի խոսքի հետ տեղափոխվում էին մանկություն: Ու այդ պահին նրանց աչքերում ատելություն էր նկատվում, եւ իրար ընդհատելով, մեկը մյուսին կոպտելով՝ պատմում էին, թե ինչ դաժան կենսագրություն ունեն, որից ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել: Ասում են, որ մանկատունը բանտ է, որտեղ կարող են վրադ թքել ոչ թե ընկերներդ, այլ բանտի աշխատակիցները ու, երբ ազատություն ես ստանում` էդ թքածը դաջված մնում է վրադ կամ հիշողությանդ մեջ, մինչեւ մահ: Ազատության մեջ նրանց անընդհատ թվում է, թե հիմա ուր որ է՝ կթքեն իրենց վրա… Ուզում են ինքնապաշտպանվել, բայց հանկարծ հասկանում են, որ այլեւս մանկատանը չեն: Լարված են, զգուշավոր: Զրուցելիս նրանցից մի աղջիկ խնդրում է իր անունը չնշել, որովհետեւ չի սիրում մանկատան սանի անվան տակ խոսել: Նա սկզբում չէր մասնակցում մեր զրույցին: Պայմանականորեն աղջկան կոչենք Նարե. «Հիշում եմ, երբ փոքր էինք, այն տարիքում, որ զուգարան գնալու սովորությանը դեռ չէինք վարժվել, հաճախ չէինք հասցնում վազել զուգարան եւ մեկ-մեկ տակներս էինք անում: Դե՛, էդ տարիքում բոլոր երեխաների մոտ էլ այդպես է լինում, ոչ մեկը զուգարանի կանոններին սովորած չի ծնվում, 2-3 տարեկանում չես էլ հասկանում, չէ՞… Երբ տակներս էինք անում, դայակը մեր հագուստը հանում էր, ցրտին սառը ջրի շլանգը պահում էր մեր մերկ մարմնին եւ ավելով լվանում էր մեր հետույքներն ու մարմինը: Երբ ցավից լաց էինք լինում, ասում էր՝ էդ էր պակաս, որ ձեր կեղտոտածը ձեռքերով լվանամ: Ավելի ճանկռտոցը մինչեւ հիմա մարմնիս վրա զգում եմ: Էն ավելը, որով հատակի աղբն ու գուցե նաեւ ունիտազն են մաքրել, դրանով մարդու մարմինն էին սրբում, այն մարդու, որն ուղղակի որբ էր»: Նարեն, ի տարբերություն ընկերուհիների, հանգիստ է խոսում, նուրբ, քնքուշ դիմագծեր ունի: Ասում է, որ շատ խելոք երեխա է եղել, անկյուններում է մեծացել ու մինչեւ հիմա էլ սիրում է ստվերում մնալ, չերեւալ: Նարեն մենակ է ապրում, հարազատներ չունի, երբեք չի փնտրել մորը, որովհետեւ նրանից երբեք տեղեկություն չի ունեցել: Նրանց հարցնում եմ, թե արդյո՞ք մանկատնից դուրս գալուց հետո փորձել են գտնել ծնողներին: Բոլորը` մի պահ լռելով, նախ` կարկամում են, ապա ասում՝ իբրեւ թե ծնողները մահացել են: Բայց այդ՝ «մահացել են» արտահայտության մեջ թաքնված այնքան վիրավորանք կա. հասկանում ես, որ պարզապես իրենց մտապատկերում են մահացած:
Իրավունք չունեինք բռնությունների մասին խոսել
«Հին ընկերուհիներով նստում, ամբողջ օրը մեր մանկատան կյանքի մասին ենք խոսում: Ասում են՝ հիմա մանկատներում չեն ստորացնում սաներին, լսել ենք, չգիտենք: Հիմա շատ բան է փոխվել, որովհետեւ բարեգործական կազմակերպությունները համ շատ օգնում են, համ էլ հսկում են, որ երեխաներին չնեղացնեն, չծեծեն»: Մանկատանն անցկացրած իրենց կյանքը որակում են որպես համակենտրոնացման ճամբարի գերիների կյանք: Գայանեն հիշում է, որ 1-ին դասարանում, երբ «ա» տառը չէր հիշել, մանրահատակով խփել էին գլխին: Մի անգամ էլ, երբ գրիչի թանաքը վերջացել է, ուսուցչուհին փայտով հարվածել է գլխին՝ մեղադրելով, թե դիտմամբ է թանաքը թափել: Ասում են, որ մինչեւ հիմա գլխների վրա հետքեր կան, որովհետեւ ամեն մի մանրուքի համար հարված էին ստանում գլխներին: «Մի անգամ դասատուն փայտը հեռվից շպրտեց վրաս, ընկավ գլխիս, ու քթիցս արյունը ֆշշաց… Պահարանի միջի փայտն էր, որի վրա հագուստ էինք կախում»,- հիշում է Իրինան՝ ասելով, որ իրենք իրավունք չունեին ներսի խոհանոցը դուրս հանել: Այն ժամանակ Լուսավորության մինիստրության ենթակայության տակ էր գտնվում մանկատունը, եւ մոտ 400 սան կար: Իսկ Արմինեն պատմում է, որ, երբ մեկ անգամ Մինիստրության ներկայացուցիչները «բարեհաճել են» մանկատուն, ինքը պատմել է, որ իրեն դաժան ծեծի են ենթարկել. «Պատմեցի, որ երեխեքով գնացել էինք այգի, կոշիկիս թայը ճահիճում խեղդվեց: Հաջորդ օրը կանգնել եմ տողան, ջոկատի խորհրդի նախագահը նկատեց, որ ոտքիս մեկը մյուսի ետեւում թաքցրել եմ: Ասեց՝ ոտքդ ցույց տուր, տեսավ, որ մի կոշիկս չկա, հարցրեց` ո՞ւմ վրա ես ծախել կոշիկիդ մի թայը, ու լյուկը բարձրացնելու ժեշտով մի լավ ծեծ տվեց»: Արմինեն հիշում է ու ասում, որ Մինիստրության ներկայացուցիչներին պատմելուց հետո իր վիճակն ավելի է վատացել: Մանկատան տնօրենը դրանից զայրացած (դեռ Մինիստրության ներկայացուցիչները մանկատնից դուրս չէին եկել) Արմինեին սպառնացել է՝ «Արի, արի, ես հեսա քեզ կասեմ…»: Դրանից հետո Արմինեին կրկին ծեծել են, զրկել են ճաշարան գնալուց, իբրեւ պատիժ՝ երկար ժամանակ մի ոտքի վրա են կանգնեցրել, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչպես կպատժվեն բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն մանկատան ներքին կյանքի մասին խոսել դրսի մարդկանց հետ: Մանկատան սաներն ասում են, որ իրենց դիտած գերմանական ֆիլմերում նացիստներն այդպես չեն վերաբերվել գերիների հետ, ինչպես իրենց հետ վարվել են մանկատան աշխատողները: Օրինակ, եթե ներսի խոհանոցը դուրս էին հանում, սաներին մտցնում էին մրմռացնող սառը ջրի մեջ ու այդպես երկար ժամանակ թույլ չէին տալիս դուրս գալ: Զարմանում են, երբ հիմա լսում են, որ սովետական տարիներին հացի խնդիր չի եղել, որ ամեն ինչ «խանութներում թափված էր», որովհետեւ իրենք մանկատանը հաճախ սոված էին մնում: «Փախցնոցի էր. տնօրենը կաթից, հացից բռնած՝ մեր բերանից տանում էր: Մի շերտ, ափի կեսի չափ հաց էին տալիս, երեխեքը մի հատ կծում էին, դնում էին գրպաններն, ասում էին՝ էս էլ հետո կուտենք»,- հիշում է Գայանեն: Նա նաեւ հիշում է, որ Երեւանից այդ տարիներին մանկատան երեխաների համար հագուստ են բերել: Երեւանցիների գնալուց անմիջապես հետո աշխատակիցների մեջ է հագուստը բաժանվել, փոխարենը` երեխաներին պատառոտված հագուստներ են բերել: «Տնօրենը շատ անարխիստ էր, անխնա ծեծում էր: Մի օր տարավ ինձ իրա կաբինետ, ինչ ծանր բանով ասես չէր ծեծում: Ուսմասվարը մտավ ներս, շշմած ասեց՝ աղջիկ երեխա ա, ո՞նց ես սենց ծեծում, ինձ ասեց՝ փախի, քանի քեզ չի սատկացրել, փախա…»,- հիշում է Արմինեն:
Ընկեր Ասյայի մեջ մայր կար
Հարցնում եմ՝ «Բայց երբ դուք հավաքվում եք` ոչ մի լավ բան չե՞ք ունենում հիշելու»: Պատասխանում են՝ «Անշուշտ կա, լավ դաստիարակներ էլ ունեինք: Հիշում եմ ընկեր Ասյային: Երբ գալիս էր մեզ մոտ՝ պարտադիր ինձ համար աղանձ էր բերում: Ընկեր Ասյայի մեջ մի քիչ մայր կար: Հարազատ ծնողից շատ ավելի լավ դասատուներ ենք ունեցել, խղճով էին: Ընկեր Ռիմա անունով բժշկուհի ունեինք, որ ծնողի պես էր: Մեր վատը տնօրենն ու պահեստապետն էին, ոնց որ գեստապո լինեին»:
Մանկատունն ավարտելուց հետո ազատություն են ստացել, բայց, ինչպես իրենք են ասում՝ «Չընդարձակվեցինք ազատության մեջ»: Թեեւ ավարտելուց հետո խնամքի տակ չեն, այդուհանդերձ, հասարակության մեջ դժվար են ադապտացվում, պայքարը շարունակվում է: Պայքարում են օրվա հացի հայթայթման, ինքնուրույնության, աշխատանքի, բարդույթների հաղթահարման համար: Աղջիկներից մի քանիսը երեխաներ ունեն եւ ասում են, որ հաճախ սոված են մնում, որ իրենց երեխաները մի կտոր հաց ուտեն: «Իմ կյանքի դառը պտուղներն ինձ որպես մայր պարտավորեցնում են, որ երեխայիս ամեն գնով պաշտպանեմ: Պատահել ա` ընկել եմ դռնեդուռ, մի կտոր հաց եմ ուզել, որ երեխայիս կերակրեմ, չեմ ուզում իմ մանկության նման լինի: Ես ոչինչ, ես կդիմանամ: Երբեք երեխայիս մանկատուն չեմ գցի, ես էդ դառը ճակատագրով անցել եմ: Չգիտեմ՝ ծնող ունեցող մայրերն ինչպես են, բայց երեխայիս համար կյանքս կտամ: Շատ ուշադիր եմ»,- ասում է Իրինան: Նա ասում է, որ ինքը իր տան տղամարդն է, որովհետեւ ձմռանը վառարան է դնում, ծառի վրա է մագլցում, անպետք ճյուղերը խնամքով կտրում է, կացինով կոտրատում է, ինքն էլ շալակում-տեղափոխում է. «Մեր կյանքն այդպես է, սեռդ մոռանում ես, կաշկա էլ ենք քշել, մեշոկ էլ ենք կրել, որովհետեւ միշտ կռվում ես»,- ասում են նրանք:
35-ամյա Իրինայի 11 տարեկան աղջիկը դպրոց է գնում հարեւանների տված շորերով: Իրինան 1986-ից հանրակացարանում է ապրում: Պետությունն այն ժամանակ խոստացել էր բնակարանով ապահովել, բայց խոստումին տեր չի կանգնել: Հիմա բնակարանով ապահովում են միայն այն սաներին, ովքեր 1991թ. հետո են մանկատնից դուրս եկել: «Ասում են՝ դուք խորհրդային ժամանակաշրջանում եք ավարտել, թող էդ ժամանակաշրջանում տուն տային: Ասում են, որ հեղաշրջումից հետո միայն 1991 թվից հետո ավարտածներին ենք տուն տալիս: Փաստորեն մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց խորհրդային շրջանի մարդիկ ենք, եւ երեւի մեր հարցերով պիտի դիմենք Պուտինին, որովհետեւ մեզ անգամ գրանցում չեն տալիս: Ովքե՞ր ենք մենք՝ չգիտենք,- ասում է Իրինան: -Ճգնաժամային տարիներին մեզ «բրախեցին», ասեցին՝ մնացեք ստեղ՝ «վեչնի կոյկա»: Հանրակացարանը սեփականաշնորհված է, հնարավոր է` դուրս անեն: Դուրս հանեն, կգնանք օպերայի պատերի տակ»: 3-րդ հարկի կանայք գործազուրկ են: Մեկ-մեկ վաստակում են` օրը 1000 դրամով ուրիշի բնակարանները մաքրելով: «Փարոսի» տված 11.500 դրամով, օրինակ, Իրինան լույսի ու խանութների պարտքերն է փակում:
Հանրակացարանի 3-րդ հարկում ապրող կանանց կիսափուլ ու գորշ սենյակներից դուրս եմ գալիս: Օրերով կարող էին պատմել իրենց դաժան անցյալի մասին ու, թե ինչպես են այսօր ապրում ծանր իրականության մեջ: Դուրս եմ գալիս շենքից ու մտածում, որ լավ կլիներ, եթե նրանք ամեն օր հավաքվելիս, իրենց մանկության օրերը վերհիշելիս` միայն բժշկուհի Ռիմային եւ ընկեր Ասյային հիշեին: