Անկախության փոխարեն՝ անվտանգություն

07/04/2006

Բնակչության համար գազը կթանկանա միայն 10-15 տոկոսով։ Այս մասին երեկ հայտարարել է նախագահ Քոչարյանը։ Իսկ թե ռուսական կողմի հետ կոնկրետ ինչ բանակցություններ են ընթացել, նախագահն այդպես էլ չմանրամասնեց։ Եվ այնուամենայնիվ, նախագահի խոսքերից կարելի է ենթադրել, թե հատկապես ինչ է զիջում Հայաստանը։ Դրա համար պետք է ընդամենը առանձնացնել նրա արտահայտած կարեւորագույն մտքերը։ 1. Կառավարությունը ձեւեր է գտել գազի թանկացման հետեւանքները մեղմելու համար։ 2. Կառավարությունը միջոցներ (այսինքն` գումարներ) է գտել թանկացումը փոխհատուցելու համար։ 3. Ռուսական կողմը ներդրումներ է կատարելու եւ մոռեդնիզացնելու է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը։ 4. Կառավարության գտած ձեւերն «ուժի մեջ» են մնալու երեք տարի։

Եզրակացությունը միակն է. Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը հանձնվել է Ռուսաստանին, ընդ որում` այնպիսի գնով, որը Հայաստանին հնարավորություն կտա 3 տարի շարունակ գազի սակագները պահել 65-69 դրամի սահմաններում։ Հիշեցնենք, որ սա հենց այն տարբերակն է, որը մեկ-երկու ամիս առաջ կառավարության կողմից կտրականապես մերժվում էր։