Համատեղ կառավարում

07/04/2006

«Հայփոստ» պետական ՓԲԸ բաժնետոմսերը համատեղ կկառավարեն ֆրանսիական «La Poste»-ը, հոլանդական ING ֆինանսական կազմակերպությունը եւ հայկական «Կոնվերս ինվեստ» ընկերությունը, որը ներկայումս կառավարում է «Հայփոստի» բաժնետոմսերը: Ֆրանսիական ընկերությանն այդ նախագծին մասնակցելու է հրավիրել հենց «Կոնվերս ինվեստ»-ը, ING-ին` ՀՀ Կենտրոնական բանկը: Եվրոպական երկու ընկերությունները Հայաստանի կառավարությանը ներկայացրել են համատեղ կառավարման եւ «Հայփոստում» ներդրումների նախագիծ: Ներդրումների գումարը վերջնականապես չի ճշտվել եւ ներկայումս քննարկվում է։ Հիշեցնենք, որ դեռ 2004թ. դեկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել «Հայփոստ»-ի բաժնետոմսերը 5 տարի ժամկետով «Կոնվերս ինվեստ»-ի հավատարմագրային կառավարմանը հանձնելու նախագծին: «Հայփոստ»-ն ունի 900 փոստային բաժանմունք ողջ հանրապետությունում: Ընկերությունում աշխատում է 3669 մարդ` 13 հազար դրամ միջին աշխատավարձով: 2005թ. փոստային ծառայություններից եկամուտները կազմել են 2,3 մլրդ դրամ եւ 2004թ. համեմատ նվազել են 7,3%-ով: