«Ցեղասպանության ճանաչումն ազգային անվտանգության հարց է»

07/04/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Մենք ճանաչում ենք Հայաստանը որպես անկախ պետություն: Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, սակայն հարգում ենք հայերի անկախությունը, ինչպես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների անկախությունը»,- նախօրեին Նյու Յորքում նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետի խորհրդական Էգեմեն Բագիշը:

Բագիշի խոսքերով՝ Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը, քանի որ Հայաստանը չի ճանաչում այդ սահմանները: Ըստ նրա, Հայաստանի Սահմանադրությունը կոչ է անում չճանաչել Թուրքիայի սահմանները: Հայ-թուրքական սահմանի բացման հարցը նախօրեին քննարկվել է նաեւ Բաքվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում: Սահմանի բացումը կապվում է հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ: Վերջին խնդրին եւս Բաքվում անդրադարձել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները: Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Իսկ ահա առաջին խնդրի վերաբերյալ նախօրեին Չեխիայում տեղի է ունեցել մեկօրյա բավականին ներկայացուցչական խորհրդաժողով: Նախօրեին Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի շենքում հայոց ցեղասպանության խնդրին նվիրված խորհրդաժողովն ընթացել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հովանավորությամբ: Խորհրդաժողովը նախաձեռնել են Չեխիայի Սենատի անդամ Յարոմիր Շտետինան եւ «Հայկական ակումբ» հասարակական կազմակերպությունը: Խորհրդաժողովին մասնակցել են նաեւ Սլովակիայի նախկին վարչապետ, Արդարադատության նախկին նախարար Յան Չարնոգուրսկին, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հիլդա Չոբոյանը, աշխարհահռչակ պատմաբան Վահագն Դադրյանը՝ ԱՄՆ-ից, գերմանացի գիտնական, դոկտոր Թեսսա Հոֆմանը, ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը եւ այլք: Պատմաբան Դադրյանը հանդես է եկել Թուրքիայի արխիվներում հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծությամբ, իսկ թուրքական տեսակետները խորհրդաժողովում ներկայացրել է Ելդա Ուզչանը, ով Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման փաստերն ուսումնասիրելու եւ հրապարակելու համար հետապնդման է ենթարկվել եւ ապաստանել է Գերմանիայում: Խորհրդաժողովի ընթացքում սենատոր Շտետիան, հիշեցնելով, որ Սլովակիայի խորհրդարանն ընդունել է հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում, տեղեկացրել է, որ չեխ օրենսդիրները եւս մշակում են հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթուղթ, որը կներկայացվի խորհրդարանին: Չեխ սենատորը սակայն չի մանրամասնել, թե հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթուղթը ե՞րբ եւ ի՞նչ բովանդակությամբ է ներկայացվելու խորհրդարանի քննարկմանը: Ինչեւէ, խորհրդաժողովի ընթացքում հնչած գրեթե բոլոր ելույթներում շեշտվել է այն միտքը, թե ով մոռանում է անցյալը՝ դատապարտված է այն վերապրել ապագայում: Խորհրդաժողովի մասնակից թուրք իրավապաշտպան Ելդագ Ուզչանը, խորհրդաժողովի բազմաթիվ մասնակիցների նման նշել է, թե Եվրոպան պետք է Թուրքիայից պահանջի ճանաչել Օսմանյան Կայսրության կողմից հայերի նկատմամբ գործած ոճիրը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ խորհրդաժողովի մասնակից, ՀՀ փոխարտգործնախարար Ա. Կիրակոսյանն էլ ասել է, թե պաշտոնական Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել եւ համագործակցել Թուրքիայի հետ: Կիրակոսյանի խոսքերով՝ Հայաստանը երբեւէ չի հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունից: ՀՀ փոխարտգործնախարարի պնդմամբ՝ Հայաստանի համար ցեղասպանության ճանաչումն ազգային անվտանգության հարց է: «Եթե Թուրքիան ճանաչի այն, ինչ արել է մեր ժողովրդի հանդեպ անցյալում, դա կլինի երաշխիք մեզ համար, որ մենք անվտանգ ենք, որ այդ երկիրն իր վրա է վերցրել պատասխանատվությունը եւ, փաստորեն, ներողություն է խնդրել այն բանի համար, որ կատարել է ոչ թե ինքը, այլ նախորդ իշխանությունը»,- ասել է Արման Կիրակոսյանը: Վերջինս իր ելույթում ընդգծել է, թե «մենք Թուրքիայի ժողովրդի դեմ չենք», եւ ցեղասպանության ճանաչումն էլ թուրք ժողովրդի դեմ չի արվում: Հարկ է նշել, որ նախօրեին բրիտանական «Գարդիան» հեղինակավոր թերթին տված հարցազրույցում աշխարհահռչակ թուրք գորղ Օրհան Փամուկը նշել է, որ 2005 թվականին Թուրքիայի կառավարությունն «անցկացրել է» օրենք, որը հնարավորություն է տալիս նախորդ դարասկզբին հայերի եւ քրդերի ջարդերի մասին Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը հակասող տեսակետները դիտել որպես վիրավորանք թուրք ժողովրդի հասցեին: Հիշեցնենք, որ նախորդ տարի շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում թուրք գրողն ասել էր, թե նախորդ դարասկզբին մեկ միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր են սպանվել Թուրքիայում, սակայն որեւէ մեկը չի ցանկանում խոսել այդ մասին: Փամուկի այս հայտարարությունից հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ թուրք ժողովրդին վիրավորելու մեղադրանքով եւ այս հարցում Թուրքիայի իշխանություններին եվրոպացիների բազմաթիվ քննադատություններից հետո միայն թուրք պատմաբանը խուսափեց ազատազրկումից: