Կանոնակարգը չի՞ փոխվի

07/04/2006

Կառավարությունը թեեւ դրական գնահատական է տվել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ քաղաքական ուժերի (բացառությամբ ՄԱԿ-ի) ներկայացրած նախագծին, սակայն որոշ դրույթների վերաբերյալ վերապահումներ է հայտնել: Ինչպես տեղեկացրեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, կառավարությունը մասնավորապես, առաջարկել է վերացնել Հանրային հեռուստատեսությամբ ԱԺ հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը ցուցադրելը պարտադրող ԱԺ Կանոնակարգում ամրագրված դրույթը: «Բայց դա պետք է պատգամավորների հետ քննարկենք»,- երեկ ասաց Ռ. Պետրոսյանը: ԱԺ կանոնակարգ օրենքը քվեարկության կդրվի ԱԺ առաջիկա լիագումար նստաշրջանում: Սակայն պետք է նշենք, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախօրեին հրավիրած ասուլիսի ժամանակ բավական հստակ պատասխան տվեց այդ հարցին: «Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որը վարել եմ ես: Այդ խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել «ԱԺ կանոնակարգը» թողնել անփոփոխ` հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը»,- ասաց նա: