Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ֆոկիոն Ֆոտիադիսին: Քննարկվող հարցերի շրջանակներում Ա. Մարգարյանը եւ Ֆ. Ֆոտիադիսն անդրադարձել են նաեւ էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի փակման հետ կապված խնդիրներին, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման անհրաժեշտության հարցին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը դեմ չէ ատոմակայանի փակմանը, սակայն միայն էլեկտրաէներգիայի այլընտրանքային՝ ավանդական եւ ոչ ավանդական աղբյուրների ստեղծման ու երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովման պայմանով: Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, ըստ նրա, ՀԱԷԿ-ի փակման կամ նոր ատոմակայանի կառուցման շուրջ որոշումների ընդունումն ու իրականացումն ավելի իրատեսական կդառնա: Ֆոտիադիսը նշել է, որ ՀԱԷԿ-ի փակման գործընթացի հստակ ծրագրի առկայությունը՝ հաջորդական քայլերի նախանշմամբ, կօգնի միջազգային հանրությանն ավելի լավ պատկերացնելու հարցի կարեւորությունը եւ նախատեսվող աշխատանքները: Իսկ դա, ըստ նրա, նպաստավոր պայմաններ կստեղծի այդ խնդրի ֆինանսական աջակցության հնարավորությունների քննարկման նպատակով դոնորների միջազգային կոնֆերանս կազմակերպելու համար: