ՀՀ-ում վաճառվող բենզինն անորակ նյութերի խառնուրդ է

07/04/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սայաթ-Նովա փողոցի բնակելի շենքերից մեկի մուտքին փակցված է՝ «Սեյբոլտ-Արմենիա ապրանքի որակի եւ քանակի որոշման միջազգային անկախ կազմակերպություն (Հոլանդիայի թագավորություն)» ցուցանակ: Տարօրինակ բովանդակությամբ վերոնշյալ ցուցանակի հետքերով գնալով պարզեցինք, որ այն Հոլանդիայում գտնվող կազմակերպության հայաստանյան տեսչական մասնաճյուղ է:

«Սեյբոլտ-Արմենիա» ՍՊԸ միջազգային անկախ տեսչական կազմակերպությունը 10 տարուց ավելի հանդիսանում է Հոլանդիայում գտնվող կենտրոնական «Սեյբոլտ» կազմակերպության լիիրավ ներկայացուցիչը եւ Հայաստանում մատուցում է հետեւյալ տեսչական ծառայությունները, որոնք հավաստագրված են ISO 9001-2000 համակարգով. Նավթամթերքի (բենզինի, դիզվառելիքի, յուղի, մազութի), բնական եւ հեղուկ գազերի, խմելու, հանքային ջրերի եւ կեղտաջրերի, չոր բեռների, սննդամթերքի քանակական եւ որակական ցուցանիշների որոշմամբ: Մի խոսքով՝ «Սեյբոլտ» կոչվող տեսչությունն անում է այն, ինչի մենաշնորհը Հայաստանում վերապահված է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչությանը: Տարբերությունն այն է, որ Որակի տեսչությունը պարտավոր է շուկան ուսումնասիրել եւ հայտնաբերած խախտումների դեպքում արձանագրություններ կազմել, նպաստել շուկայում առկա ապրանքի որակի բարձրացմանը, իսկ «Սեյբոլտի» գործունեությունը կախված է պատվիրատուների պատվերներից: Հայաստանում, ինչպես հայտնի է, շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն այնքան էլ հակված չեն իրենց արտադրանքի որակի մասին բարձրաձայնել, եւ հասկանալի չէ, թե մասնավորապես «Սեյբոլտ-Արմենիայի» առաքելությունը որն է մեր շուկայում, եւ ովքեր են պատվիրատուները: Փորձեցինք որոշակի պարզաբանումներ ստանալ տեսչության տնօրենի խորհրդական, պրոֆեսոր Յուրի Կաբալյանից: Ի դեպ, տեսչության «փիլիսոփայության» ֆունդամենտն ապրանքի որակը որոշելիս շահագրգիռ կողմերի ազդեցություններից զերծ մնալն է եւ տեսչական նման մասնաճյուղեր գործում են 100-ից ավելի երկրներում: «Աշխարհում «Սեյբոլտը» զբաղվում է հիմնականում նավթամթերքի որակական եւ քանակական տեսչական աշխատանքներով, բայց Հայաստանում, քանի որ նավթամթերքը մեզ չեն տալիս, տարբեր տեսակի ապրանքների որակական եւ քանակական աշխատանքներով ենք զբաղվում»: Իսկ ինչո՞վ են զբաղվում. «Ասենք, թե դուք մի կոնտեյներ կոնֆետ եք ստացել Ռուսաստանից եւ ուզում եք իմանալ` ճանապարհին գողացե՞լ են, թե՞ չէ: Մեր ներկայացուցիչը գալիս է, բացում են կոնտեյները, դատարկում ու սկսում են հաշվել: Եթե պակաս բան կա, ակտ ենք կազմում, եւ դուք մեր տված փաստաթղթով բերողից պահանջում եք պակասի գումարը վերադարձնել»: Պրն Կաբալյանի հավաստմամբ՝ իրենք նույնիսկ նավթամթերքների փորձարկման լաբորատորիա ունեն, որտեղ, սակայն, փորձարկումներ քիչ են լինում, քանի որ հիմնականում «Հայպետստանդարտին» են դիմում: «Մենք լավ ենք աշխատում, դրա համար էլ մեզ մոտ չեն բերում, իրենց պետք չի, որ լավը անեն, պետստանդարտին գումարը տալիս են, թուղթը ստորագրում են: Մենք նորմալ անում ենք, ասում ենք, որ ձեր բերած բենզինն 95 չէ, 88 է, իրենք նեղանում ու էլ չեն բերում»,- նշում է Յ. Կաբալյանը: Ուսումնասիրելով նավթամթերքի հայաստանյան շուկան, օրինակ՝ Կաբալյանը եզրակացնում է, որ դա մաֆիա է, եւ ապրանքի որակի համար պայքարելն անիմաստ է: Մեր շուկայի բենզինը նա որակում է` տարբեր անորակ նյութերի խառնուրդ, որը բնականաբար փչացնում է ավտոմեքենաները: «Պրեմիումի» անվան տակ սովորական բենզին են բերում ու վաճառում, որի միջի 70%-ը խառնուրդ է: Դրա համար մեքենա ունեցողները սուպեր կամ «պրեմիում» են լցնում, որովհետեւ գոնե դրանց մեջ քիչ խառնուրդ կա: Բենզինի շուկան սա է: Եթե համատարած այսպես չլիներ` կբերեին մեզ մոտ ստուգման, չեն բերում, որովհետեւ մեր փորձաքննության եզրակացություններն իրենց ձեռք չեն տալիս»,- նշում է նա: Ինչ վերաբերում է սննդամթերքի կամ ըմպելիքների շուկային, ապա, ըստ նրա, օրինակ՝ հայերը խմում են ամենացածր որակի սուրճը: Նա սպառողներին խորհուրդ է տալիս անձամբ բովել եւ աղալ սուրճը, կամ այն գնել փաթեթավորված վիճակում: Փաթեթի մեջ չպետք է օդ լինի, որովհետեւ սուրճը` միանալով թթվածնի հետ, օքսիդանում է, ինչը վերածվում է սուրճի օքսիդի: Աղացած սուրճը, որը վաճառվում է բացօթյա տարածքներում, 10 ժամ անց կորցնում է կոֆեինի հատկությունը, ավելին՝ կլանում է հարակից մթերքների հոտը: Մի խոսքով՝ պետք է գնել վակուումային փաթեթավորմամբ սուրճ:

Ահա այսպիսի ուշագրավ տեսչական գործունեություն։ Որակի տեսչության պետի տեղակալ Բորիս Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում, երբ իրենք կառավարությանն առընթեր մարմին էին հանդիսանում, նման կազմակերպություններ չկային, սակայն ներկայումս Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ենթակայությանն անցնելով` ոլորտն ազատականացվել է, քանի որ Ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման վարչությունը նման կազմակերպությունների գործունեությունը թույլատրում է: «Ռուսները չեն թողնում, որ նման կազմակերպությունները շատ թպրտան»,- վստահեցնում է պրն Սահակյանը՝ նշելով, որ տեսչական նման կազմակերպությունները չեն կարող իրենց մրցակիցը լինել, որովհետեւ Որակի տեսչությունը պետական կառույց է: