«Լեզու գտան»

07/04/2006

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության համար հայաստանյան առեւտրային բանկերը պետք է ստանան Կենտրոնական բանկի թույլտվությունը: ԿԲ-ն ուսումնասիրություն էր կատարել եւ պարզել, որ բանկերից ստացված միջնորդություններով ներկայացված փաստաթղթերում եւ «Վեսթերն Յունիոն» դրամական փոխանցումների համակարգի կանոններում անհստակություններ կան: Փետրվարի սկզբին ԿԲ-ն որոշում ընդունեց Հայաստանի բանկերին (թվով` 14) մարտի 15-ից թույլ չտալ «Վեսթերն Յունիոն»-ին մասնակցելու, «եթե մինչ այդ բանկերի կողմից նոր միջնորդություններ եւ գործունեության պայմանագրերում նոր փոփոխություններ չներկայացվեն ԿԲ»: Իսկ դրանից հետո բանկերն ակտիվ բանակցություններ էին վարում «Վեսթերն Յունիոն»-ի հետ. նույնիսկ լրատվամիջոցներին մեկնաբանություն չէին տալիս` պատճառաբանելով, որ ամեն մանրուք կարող է խանգարել բանակցությունների գործընթացին: Սակայն, ինչպես տեղեկացանք ԿԲ մամուլի ծառայությունից, վտանգն արդեն անցել է: Հավանաբար, բանկերը «դզել-փչել» են իրենց անճշտությունները, «լեզու են գտել» ԿԲ-ի եւ «Վեսթերն Յունիոնի» հետ, եւ ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել համակարգը չփակել: Թե այս ընթացքում կոնկրետ ինչ տեղի ունեցավ` հայտնի չէ: