Հանուն քրդական հարցում հավասարակշռված քաղաքականության

07/04/2006 Ջենհիզ ԱՔԹԱՐ, «Թըրքիշ դեյլի նյուս» (Թուրքիա)

Մենք այլեւս չենք լսում քուրդ ներկայացուցիչների, որոնք որեւէ բան են ասում Թուրքիայի Եվրամիություն մտնելու գործընթացի մասին, բացի ԵՄ-ի դրոշները թափահարելուց: Չնայած կարելի էր սպասել, որ իրավազուրկ շրջանները, որտեղ թուրքական քրդերը մեծամասնություն են կազմում, կդառնան ԵՄ մտնելու համար ջանքեր ներդնելու հիմնական կետը, ոչ իրենք՝ քրդերը, ոչ կառավարությունը, թվում է, ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորում այդ շրջանների հանդեպ: Ընդհակառակը, քրդերի ուշադրությունը, թվում է, տեղաշարժվում է արեւմուտքից հարավ, այսինքն` դեպի հյուսիս-իրաքյան «Քրդստան» եւ ԱՄՆ, որոնք նրանց աջակցում են: Իսկ թուրքական կառավարությունն իր կողմից մշտապես ձգձգում է տարածաշրջանի զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործումը:

Տնտեսական փակուղի

Օրինակ, 2002-2004 թվականներին ներկայացված միայն մեկ ծրագիր է իրականացվել արեւելքում ԵՄ-ի մասնակի աջակցությամբ: Դա զարգացման տարածաշրջանային ծրագիրն էր, որը ներառում էր Մալաթիա, Բինգյոլ, Ելազիղ, Թունջելի, Աղրի, Իգդիր, Կարս, Արդահան եւ եւս հինգ արեւմտյան գավառները: ԵՄ-ն ծրագրի համար հատկացրել էր 70 միլիոն եվրո, իսկ Թուրքիան՝ 20 միլիոն եվրո: Հարկ է նշել, որ պետական բնակարանների համար Եվրոպական խորհրդի զարգացման բանկի ընձեռած վարկը, որը նախատեսված էր Դիարբեքիրի համար, չէր հատկացվել այն պատճառով, որ երաշխիքներ չէին տրվել գանձապետարանի կողմից: Քանի որ կառավարությունը ներդրումներ չի անում տարածաշրջանի տնտեսական զարգացման համար, վախենալով անջատողական տրամադրությունների ուժեղացումից, տարածաշրջանը շարունակում է մնալ աղքատության մեջ, եւ գործազրկության արդյունքում փողոցները հեղեղած մարդիկ, որոնց թիվն արդեն հասնում է 50 տոկոսի, տարատեսակ հրահրողների եւ սադրիչների հավանական զոհեր են դառնում: Այս արատավոր շրջանակին ավելացնենք որոշ քուրդ քաղաքական գործիչների, որոնք, ըստ լուրերի, խոչընդոտում են տարածաշրջանում ներդրումներին՝ դժգոհություն հրահրելու նպատակով: Տնտեսական զարգացման նկատմամբ համընդհանուր անտարբերությունը հանգեցնում է նրան, որ հիմնախնդիրը դիտվում է բացառապես անվտանգության տեսանկյունից:

Անցյալին հայացք նետողները

1984-1999 թվականներին Թուրքիան ապրեց «ազատություններ կամ անվտանգություն» բանավեճը եւ շատ թանկ վճարեց: Ոչ ահաբեկչությունը, ոչ էլ դրան հակազդող ուժերը չհանգեցրին խնդրի լուծմանը, եւ, ի վերջո, սկսվեց նոր դարաշրջան: 1999թ. սկսած, քրդական հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված քաղաքականությունը պետք է ուժեղացվի, այլ ոչ թե թուլանա:

Դիարբեքիրի նահանգապետ Էֆքան Ալիի հայտարարությունը` «Բազմաթիվ երեխաներ փողոց են դուրս եկել: Մենք նրանց քշել ենք ջրով: Եթե մենք ուժ չկիրառեինք, եւ հենց այդ էր մեզնից սպասում ահաբեկչական կազմակերպությունը, ապա մենք 20 տարով հետ կշպրտվեինք», իշխանությունների դիրքորոշման ամենաառողջ արտահայտությունն է:

Քրդական հիմնախնդրի մասին խոսողները մշտապես հիշեցնում են 30.000 նահատակների մասին: Սակայն քաղաքականությունը չպետք է հենվի նրանց վրա, ովքեր արդեն չկան:

Արեւելյան գավառների վարչակազմը

Քրդական ծագմամբ գործիչները պետք է ներառվեն համազգային քաղաքականության մեջ՝ հաջորդ ընտրություններին: Առավելություններ չունեցող շրջանները, որտեղ բնակվում են քրդերը, պետք է կիրառեն ԵՄ-ի փորձը եւ իրականացնեն այն, մանավանդ գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Անհրաժեշտ է վերանայել այդ շրջաններում ներդրումները խթանող մեխանիզմները:

Անհրաժեշտ է մշակել իրաքյան եւ քրդական նոր քաղաքականություն, որում Քրդստանի տեղական կառավարությունը եւ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին կդիտվեն որպես իրավահավասար մասնակիցներ: Հարկավոր է վերանայել համաներման ընդլայնման հնարավորությունը: Մի խոսքով, համակարգված քաղաքականությունը, որը կպարզեցներ բոլոր հիշյալ եւ շատ այլ միջոցների իրականացումը, կարող էր դառնալ արեւելյան գավառների՝ վարչապետին կից գործող նոր վարչական մարմնի խնդիրը:

Այսօրվա Թուրքիան այլեւս այն երկիրը չէ, որտեղ «ուժի կիրառումը» կարող է ողջունվել քաղաքական, տնտեսական եւ նույնիսկ ռազմական տեսակետից: Կառուցողական քաղաքականությունը մեր միակ ընտրությունն է: