Ով ում է խանգարում

07/04/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Դեռ չէինք հասցրել մարսել Բագրատ Եսայանի մի քանի մտքերը ԳՐԵԿՈ-ի զեկույցի հետ կապված, հիմա էլ ԳՕՓԱԿ-ը։ Այն մարդկանց համար, ում այս անունը ոչինչ չի ասում, պարզաբանենք։ Այն միջազգային կազմակերպություն է՝ խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի։ Այսօր եւ վաղը ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունենալու միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանս, որին մասնակցելու է նաեւ այս կազմակերպության քարտուղարը։ Թե ի՞նչ կտա այս միջոցառումը եւ ինչո՞վ է ավելի ԳՐԵԿՈ-ի տված (կամ տալիք) օգուտից, ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանն ասել է. «Կոռուպցիայի դեմ պայքարելու երկու միջոց կա` խոսելով եւ գործով, ես ինքս գործնական քայլերի կողմնակից եմ, որովհետեւ գործողություններն ավելի բարձր են խոսում, քան բառերը: ԳՕՓԱԿ-ի անդամակցության քաղաքական արժեքը դժվար է թերագնահատել, որովհետեւ խոսքը գնում է քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածությանը կոռուպցիայի դեմ պայքարին»:

Հետաքրքիրն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խանդավառությամբ խոսում են ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ներկայացուցիչները։ Պակաս հետաքրքիր չէ եւ այն, որ խոսողները բացահայտ եւ քողարկված կերպով մեղադրում են մեկը մյուսին։

Օրինակ, ԱԺ նախագահն արել է մի հետաքրքիր արտահայտություն. «Ցավոք, որոշ անձանց սանձարձակ պահվածքը կողոպտում է մարդկանց խանդավառությունը կոռուպցիայի դեմ պայքարում…»։ Պրն Բաղդասարյանը չի պարզաբանել, թե ովքեր են այդ մարդիկ եւ հրաժարվել է մեկնաբանել Գագիկ Մելիքյանի խոսքերը, որն «Օրինաց երկրին» մեղադրել էր քաղաքական կոռուպցիայի մեջ։ Պատգամավորը նշել էր, որ լինելով իշխանության մաս, օգտվելով իշխանության պտուղներից` ՕԵԿ-ը պատասխանատվություն չի կրում։

Իսկ ամենահետաքրքիրը դաշնակցականների պահվածքն է։ Երկու օր առաջ այս կուսակցության 3 կարկառուն ներկայացուցիչներ՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Բագրատ Եսայանը հեռուստաեթերից միմյանց հերթ չտալով ապացուցում էին, որ բոլորը «քըխ» են, բացի իրենցից։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանի հարցին, թե դաշնակցության շարքերում կոռումպացված դեմքեր չկա՞ն, պրն Հովհաննիսյանը պատասխանեց հարցով՝ իսկ ԶԼՄ-ներում եւ հասարակական կազմակերպություններում չկա՞ն։ Դրական պատասխան ստանալով՝ պրն Հովհաննիսյանը հնչեցրեց երկրորդ հարցը. «Բա խի՞ չեք բռնել տալիս»։ Իսկ հետո ավելացրեց. «Եթե կոնկրետ փաստեր ունեք, ներկայացրեք, մենք կպատժենք»։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։

Նշենք նաեւ մեկ այլ փաստի մասին։ ԳՐԵԿՈ-ի զեկույցի հետ կապված ասուլիսի ժամանակ նախագահի խորհրդական Բ. Եսայանը վստահություն հայտնեց, որ իշխող կոալիցիան պատրաստ է եւ միասնական՝ կոռուպցիայի դեմ պայքարելու գործում։ Իսկ եթերից նրա գործընկերներն ակնարկում էին, որ իրենց թույլ չեն տալիս լիարժեք գործել։ Եվ երբ կեսկատակ-կեսլուրջ հարց հնչեց՝ եթե խորհրդարանում 51 տոկոս ունենայիք, կպատժեի՞ք կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց, բոլորը միանգամից պատասխանեցին՝ ԱՅՈ (երեւի հիշելով սահմանադրական հանրաքվեն)։

Լավ է, որ այդպես վճռական են, սակայն վատ է, երբ հիշում ես, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն՝ «միասնական եւ պատրաստակամ եռյակը», խորհրդարանում ունի 60%-ից ավելի ձայն։ Հիմա ձեզ ո՞վ է խանգարում, պարոնա՛յք։