Պուտինի կիսանդրիները մեծ պահանջարկ ունեն

07/04/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նկարիչ-քանդակագործ Սամվել Սարդարյանը 1994-ին է մեկնել Մոսկվա։ Տարիների ընդմիջումից հետո նա օրերս Երեւանում էր։ Այցելության նպատակն էր ընտրել երեք երիտասարդ քանդակագործների` իրեն Մոսկվայում աշակերտելու համար։ 54-ամյա քանդակագործի կոչումները Ռուսաստանի Դաշնությունում բազմաթիվ են։ Գեղարվեստի ակադեմիայի, Քանդակագործության աջակցության ֆոնդի, Նկարիչների ստեղծագործական միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։

Վերջերս աշխարհահռչակ գեղեցկուհի Ջինա Լոլոբրիջիդայի նրա կերտած արձանը հիացրել էր իտալացի դերասանուհուն, եւ վերջինս տեղեկանալով, որ հեղինակը հայ է (քանդակն Իտալիա է ուղարկվել այլ հեղինակի անվամբ. օտար երկրում արվեստագետները համակերպվում են նաեւ այս նախապայմանին), շնորհակալական երկտող է հղել նրան։

Իսկ ահաբեկչական գործողությունների հետեւանքով Մոսկվայում ավերված շենքերի զոհերի հիշատակին Սարդարյանի «Հրեշտակ» հուշակոթողի աշխատանքներն արդեն ավարտված են, եւ քաղաքային իշխանությունների կողմից ներկայումս հստակեցվում է հուշարձանի տեղադրման վայրը։ Մոտ ժամանակներս Ռուսաստանի ՊՆ ակադեմիայի շենքում իր տեղը կգտնի նաեւ հայ քանդակագործի` մարշալ Ժուկովի կիսանդրին։

– Ի՞նչ հանգամանքներում եք հայտնվել Մոսկվայում։

– Բացի քանդակագործությունը, ժամանակին Հայաստանում ունեի քարի արտադրության բիզնես։ Հնարավորություններս թույլատրում էին ֆինանսավորել որոշ կուսակցությունների գործունեությունը, սննդամթերք ուղարկել Արցախյան պատերազմի դիրքերում մարտնչող զինվորներին։ Առանց ասպարեզում երեւալու հովանավորել եմ նաեւ համազգային հանրահավաքներ, ցույցեր։ Երբեւէ չեմ մտածել փող կուտակելու մասին։ Եվ ստացվեց այնպես, որ մի օր սնանկացա։ Տեսնելով նաեւ ժողովրդի բարոյալքումը` մեկնեցի Մոսկվա։

– Եթե չմեկնեիք, ինչպե՞ս կընթանար Ձեր կյանքը Հայաստանում։

– Ոչնչի չէի հասնի։ Ես այսօր մոռացված մարդ եմ այստեղ։ Մեր ազգը չի կարողանում հարգել եւ գնահատել արվեստի բնագավառի մարդուն։ Ռուս ազգն այս տեսանկյունից մեծություն է. քաղաքագլուխ լինի թե միլպետ, մեծարում է նրանց։

– Կարծիք կա, որ Հայաստանից դուրս արվեստագետի համար կանաչ ճանապարհներ են բացվում։

– Դա այդպես չէ։ Օտար մարդն օտար երկրում պետք է իր մասնագիտական առավելություններով մի քանի անգամ գերազանցի տեղացիներին, որպեսզի փակ դռները բացվեն նրա առջեւ։ Սխալ կարծիք է, թե դրսում հեշտ է։ Սկզբնական շրջանում պատրաստ ես կատարել ցանկացած աշխատանք, մինչեւ սեփական դիրքի ձեռքբերումը։ Դժվարություններին պետք չէ անդրադառնալ, միայն նշեմ, որ իմ մասնագիտությամբ սկսել եմ աշխատել 1998-ից։ Կարճ ժամանակահատվածում կատարելով ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի նախկին նախագահ Պոնոմարյովի հուշարձանի պատվերը, արժանացա ակադեմիայի փոխնախագահ Յուրի Օրեխովի ուշադրությանը, այն դեպքում, երբ նա ոչ վաղ անցյալում ինձ մերժել էր անգամ անվճար սկզբունքով իրեն օգնական դասել։ Չնայած տարիքային տարբերությանը` մի անգամ նա նույնիսկ ինձ ասաց. «Մաեստրո, կարո՞ղ եմ կողքից դիտել, թե ինչպես ես քանդակում։ Ինչպես Պագանինին էր ջութակի վրա նվագում, այնպես էլ դու ես քո գործիքներով աշխատում»։

– Տարիներ անց ինչպիսի՞ն տեսաք Երեւանն ու երեւանցիներին։

– Ազգն անելանելի վիճակում է հայտնվել. բոլորը միապաղաղ են ու կարծես թե տառապում են «քնած» մարդու համախտանիշով, կորցրել են արագ մտածելու եւ կողմնորոշվելու հատկությունը։ Առիթ ունեցա լինել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որպեսզի ընտրեմ օգնականների` ինձ հետ Մոսկվա տանելու համար։ Չնայած ողբալի իրավիճակ է ինստիտուտում, սակայն դասախոս ընկերներիս օգնությամբ ընտրությունս կատարեցի` քանդակագործության բաժնի ավարտական կուրսից երկու հոգի եւ մեկ ժողովրդական վարպետ։ Ազգն անկում է ապրում. ստեղծագործողին չի ընձեռվում ինքնադրսեւորման հնարավորություն։

– Ասում են, ռուս հասարակության շրջանում Պուտինի՝ Ձեր քանդակած կիսանդրիները մեծ պահանջարկ ունեն։

– Իմ կարծիքով, ՌԴ նախագահը հայ ժողովրդի նկատմամբ սրտամոտ հարաբերություններ է ստեղծել, եւ ես նրան վարձահատույց լինելու սկզբունքով սկսեցի նրա կիսանդրիներն արարել եւ նկատեցի, որ այն իմ բազմաթիվ հյուրերի ուշադրությանն է արժանանում։ Պուտինի կիսանդրիները, որոնք գրասենյակային չափսի են եւ ծառայում են իբրեւ լավ հուշանվեր, արդեն մեծ պահանջարկ ունեն, հատկապես ռուսների շրջանում, քանի որ ՌԴ նախագահը ռուս հասարակության մեջ մեծ մասսայականություն է վայելում։ Պուտինի երեք մեծ կիսանդրիներն էլ եմ քանդակել, որոնցից շարժ-կիսանդրին իմ ամենասիրելի գործն է, որին ես ինքս էլ սիրահարված եմ եւ չեմ պատրաստվում բաժանվել նրանից։ Իսկ նրա պատկերով իմ մեկ այլ աշխատանքը անհասկանալի պայմաններում, երեք բանվորների ներկայությամբ, ուղղակի անհայտացավ իմ արվեստանոցի բակից, որի որոնման աշխատանքներով մոտ ժամանակներս կզբաղվեմ։ Խորհրդային տարիներին, Երեւանի իմ արվեստանոցից նույն կարգով անհայտացել էր նաեւ կոմունիզմի առաջնորդ Լենինի կիսանդրին։

– Իսկ փորձե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի կիսանդրին էլ քանդակել։

– Չեմ փորձել, բայց եթե որեւէ մեկը դիմի, կքանդակեմ։ Ես Քոչարյանին կքանդակեի առաջին հերթին իբրեւ Արցախի համար պայքարող մարդու, այլ ոչ թե նախագահի։

– Ռուսաստանում ինչպիսի՞ն են արվեստագետների միջեւ ներհամայնքային շփումները։

– Ես պարփակված աշխատում եմ, օրը 24 ժամ, եւ սերտ շփում չունեմ ոչ մեկի հետ։ Միայն կարող եմ նշել, որ վերջերս տեղի հայ մտավորականների նախաձեռնությամբ եւ Ռուսաստանում հայկական գործարար ասոցիացիայի փոխնախագահ Վարուժան Բադալյանի հովանավորությամբ ստեղծել եմ Ա. Չեխովի կիսանդրին, որը մոտ ժամանակներս կտեղադրվի Իստրա քաղաքում։ Ունեմ մեծ ծրագիր-մտահղացում` ստեղծել հայրենիքից դուրս գործունեություն ծավալած հայ անվանի մարդկանց քանդակների շարք` Արամ Խաչատրյան, Հովհաննես Այվազովսկի, Արմեն Ջիգարխանյան, Շառլ Ազնավուր, մարշալներ Բաբաջանյան, Բաղրամյան, Իսակով, Խուդյակով եւ շատ ուրիշներ, որպեսզի բոլորն իմանան, թե ովքեր են հայերը։