Հոբելյանական երեկոները, հուշ-երեկոները կամ պարզապես տոնական օրերի կապակցությամբ ստեղծված «հավաքովի» համերգները մեր օրերում մեծ տարածում են ստացել: Ցուցանակներից, հեռուստագովազդից անընդհատ կարելի է տեղեկանալ, որ պրոֆեսիոնալ թատերախմբերից ու պարի համույթներից բացի` տեղի են ունենում նաեւ ինքնուս կամ էլ հասարակական հիմունքներով ստեղծված տարբեր միջոցառումներ: Եվ կազմակերպիչները` դահլիճ վարձակալելու գումար չունենալով` աջակցության ակնկալիքով, հաճախ դիմում են քաղաքապետարան եւ թաղապետարաններ: Դահլիճ ձեռք բերելու համար միջնորդություն խնդրողների թիվն ավելանում է, քանի որ հ/կ-ներն ու մշակութային կենտրոնները պետք է արդարացնեն իրենց գոյությունը: Երեւանի քաղաքապետարանից դահլիճ սպասելը բարդ է. պետք է գրավոր դիմում գրել, որը կքննվի եւ հետո միայն պատասխանի կարժանանա: Այդպիսի մոտեցումը բացառում է պաշտոնական անձի եւ ակնկալողի անմիջական շփումն ու զրույցը: Իսկ թաղապետարաններն ավելի բաց են աշխատում եւ ավելի շատ այցելուներ են ունենում: Այցելուները հիմնականում խնդրողներն են: Միանգամյա դիտման դատապարտված միջոցառումների նախաձեռնողները գիտակցում են, որ իրենց հանդիսատեսի շրջանակները սահմանափակվում են միայն իրենց համայնքի եւ թաղի բնակիչներով: Իսկ համայնքների դահլիճները հիմնականում կամ նախկին Մշակույթի տներն են, կամ էլ` դպրոցների դահլիճները, եւ դրանք օգտագործելու համար պետք է թաղապետարանի «օրհնությունը» ստանալ:
Միջնորդությանը սպասող կազմակերպությունները հաճախ համարում են, որ թաղապետարանները պարտավոր են իրենց դահլիճ տրամադրել: «Ամեն օր էլ դիմում են,- ասաց Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի աշխատակից Սարգիս Բաղդասարյանը։ -Բայց մենք պարտավոր չենք նրանց օգնել: Օգնում ենք հնարավորությունների սահմաններում»: Շատ թաղապետարաններ իրենց ենթակայության տակ գտնվող դահլիճներ չունեն, ինչպես, օրինակ, Դավիթաշեն համայնքը: Բայց կարող են օգնել թեկուզեւ դպրոցի դահլիճների հաշվին: Կենտրոն համայնքի թաղապետարանն, օրինակ, կարող է աջակցել` Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճն անվճար վարձակալության տրամադրելով: «Այդպիսի դեպքեր եղել են,- ասաց Կենտրոն թաղապետարանի աշխատակից Էլեոնորա Թումանյանը,- բայց մենք նման պարտավորվածություն չունենք»: Երբ ցանկացողները վարձակալության գումար չեն ունենում, բայց անպայման ցանկանում են որեւէ միջոցառում անել, նրանք կարող են եւ հայտնվել պահանջողի կարգավիճակում: Արաբկիրի թաղապետարանի աշխատակից Հասմիկ Նազարյանը նման դեպքերի շատ է հանդիպել: «Շատերը կարծում են, որ մենք պարտավոր ենք իրենց օգնել: Մենք փորձում ենք օգնել այն ժամանակ, երբ կարեւոր ենք համարում միջոցառման բնույթը»,- ասաց նա:
Այժմ Երեւանում գործող թատրոններն ու համերգային դահլիճները, հանդիսատեսի եւ տոմսերի վաճառքի խնդիր ունենալով, հաճախ են իրենց տարածքը վարձակալության տալիս: Դա օգնում է նրանց գոյատեւել շուկայական պայմաններում: Ով փող ունի, դահլիճ է վարձում: Այդ դեպքում միջոցառման բնույթն ու հանդիսատեսի ներկայությունը միայն վարձակալողի գլխացավանքն է: Իսկ ով փող չունի, դահլիճ է մուրում: Եվ նույնիսկ կարող են բարձրաձայն բողոքել, որ իրենց նախաձեռնություններն արժանի արձագանք չեն ստանում: Խառը համերգների մոդելը շատ գրավիչ է, ինչ էլ որ արվում է, պարտադիր երգ ու պարով է համեմվում: Եվ հաճախ` շատ ցածրաճաշակ: Որքան էլ տարբեր են լինում միջոցառումների բնույթները, նպատակը մեկն է` հիշեցնել սեփական գոյության մասին:
Բացի միջոցառումների համար անվճար դահլիճներ պահանջելուց, մշակութային տարբեր խմբերը եւ թատրոնները շատ հաճախ դիմում են թաղապետարաններին կամ քաղաքապետարան՝ իրենց ներկայացման կամ միջոցառման «X» քանակի տոմսեր գնելու պահանջ-խնդրանքով: Ինչո՞ւ են ներկայացում բեմադրում, որի տոմսերը չի վաճառվելու եւ դիմելու են այս կամ այն գերատեսչությանը կամ պաշտոնյային՝ դրանք գնելու համար: Տեղի-անտեղի, ոչինչ չասող միջոցառումներ-համերգիկներ են կազմակերպում, ապա ընկնում դռնեդուռ դրանք վաճառելու: Դիմում են, թե օգնեք մեզ պահենք մեր թատրոնը, կամ թե՝ օգնեք մշակույթի գործիչներին՝ տոմսեր գնելով: Եվ իրենց այլեւս չի հետաքրքրում՝ գնո՞ւմ են ներկայացումը կամ տվյալ համերգը, հոբելյանական երեկոն կամ պրեմիերան դիտելու, թե՞ ոչ: Իրենց միայն հետաքրքրում է տոմսերի վաճառքը: Նույն երեւույթը տեղի է ունենում նաեւ դպրոցներում եւ մանկապարտեզներում: Պարզապես այս դեպքում նման միջոցառումների կամ մանկապատանեկան ներկայացումների հեղինակները դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ են գործ բռնում: Վերջիններս էլ ստիպում են երեխաների ծնողներին՝ պարտադիր գնել այդ տոմսերը: Արդյոք սա՞ էլ մուրացկանության մի ձեւ չէ՝ մշակութային մուրացկանություն: