«Ունեցվածքը կարելի է տարբեր ձեւերով պաշտպանել՝ վերցնել ավտոմատը կամ բահը կամ օգնել այս կամ այն քաղաքական կուսակցությանը, որն իր ոգով համապատասխանում է քո հայացքներին: Սակայն, պարտադիր չէ, որ ինքդ զբաղվես քաղաքական գործունեությամբ»,- ասում է օլիգարխ Միխայիլ Բաղդասարովը:
Նա դեռ չի կողմնորոշվում, թե 2007թ. ԱԺ ընտրություններին քաղաքական որ ուժին է սատարելու: «Մենք անպայման կպաշտպանենք նրան, ով կողմ է տնտեսության, սպորտի զարգացմանը»,- ակնարկում է Բաղդասարովը: Վերջինս չբացառեց, թե կպաշտպանի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին», բայց միաժամանակ հիշեցրեց, որ միայն Ծառուկյանը չէ, ով սպորտով եւ բիզնեսով է զբաղվում: Սակայն ակնհայտ է, որ Մ. Բաղդասարովը կլինի այնտեղ, որտեղ կլինի Սերժ Սարգսյանը: Իսկ ավելի ստույգ` որտեղ կասի Սերժ Սարգսյանը: Այսօր, համենայնդեպս, հասկանալի է «սպորտի» սիրահար Բաղդասարովի չկողմնորոշված լինելը. նա կկողմնորոշվի ճիշտ այն վայրկյանին, երբ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե «սպորտին» սատարող քաղաքական ուժերից որի կողքին է լինելու` ՀՀԿ-ի՞, թե՞ «Բարգավաճ Հայաստանի»: Մեկ բան ակնհայտ է` Ս. Սարգսյանը հաստատ վերջինիս չի սատարի: Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան խոշոր օլիգարխներից Բաղդասարովի ինքնաթիռին «դիմավորելիս» Ծառուկյանը ներկա չէր, կարելի է ենթադրել, որ Բաղդասարովն այնքան էլ հակված չէ նրա կուսակցությանը սատարելու: