Վրացական նոր թափ հավաքող ընդդիմության իրական առաջնորդը հայտնի գործարար, Վրաստանի գործարարների միության, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Բադրի Պատարկացիշվիլին է: Այս մասին ասել է իշխող «Ազգային շարժում» կուսակցության գաղափարախոս, խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի փոխնախագահ Գիգա Բոկերիան: Պատարկացիշվիլին օրերս իր ելույթում հայտնել է. «Ես անձամբ ինձ վրա ճնշում եմ զգում կառավարական կառույցների կողմից իմ «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումների բովանդակության համար: Ճնշումն ուժեղացավ այն բանից հետո, երբ եթերից առաջին անգամ հնչեց Վրաստանի բանկերից մեկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության մասին ճշմարիտ տեղեկատվություն»: