Ապրիլի 1-ին, ժամը 15.35-ի սահմաններում Արմավիրի քաղաքային հիվանդանոցից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ ձեռքի եւ ոտքի մասերում հրազենային վնասվածքներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, Ռուստամ Ռ. Գասպարյանը։ Մեր տեղեկություններով, վերջինս հանդիսանում է ԵԿՄ Արմավիրի տարածքային վարչության պետը։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության եւ Դատախազության օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Գասպարյանը հրազենային մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիրի քաղաքային Կադաստրի շենքի մոտ, որտեղ կայանված է եղել վերջինիս անձնական օգտագործման «Համմեր» մակնիշի 02ՕՍ444 պետհամարանիշի ավտոմեքենան: Եվ երբ մոտեցել է ավտոմեքենային, այդ պահին հանրապետության փողոցի 6-րդ շենքի մոտից անհայտ անձինք ավտոմատ ինքնաձիքից կրակ են արձակել իր ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է «Համմեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա եղել են 15-ից ավելի կրակված հետքեր։ Իսկ դեպքի վայրից 200մ հեռավորության վրա հայտնաբերվել է ՎԱԶ 21-07 մակնիշի 28ՕՍ785 պետհամարանիշի ավտոմեքենան։ Խուզարկությամբ նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է ավտոմատ ինքնաձիգի 3 փափշտակալ, 2-ը՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտներով։ Իսկ 1-ն՝ ամբողջովին կրակված։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 28 հատ 5,45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։ Մեր տեղեկություններով, հայտնաբերված ավտոմեքենան պատկանում է Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 47 շենքի 6 բն. բնակիչ Սամսոն Ս. Պողոսյանին, որն էլ, ըստ ականատես վկաների, մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի։ Հարուցվել է քրգործ։ Ձեռնարկվում են օպերատիվ որոնողական միջոցառումներ Ս. Պողոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները փորձաքննության են ուղարկվել ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն։