«Forbes» հեղինակավոր հանդեսը «Միկա Լիմիտեդ» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովի բիզնեսի տարեկան շրջանառությունը գնահատել էր 200 մլն դոլար: Օլիգարխը հավաստիացնում է, որ այս թիվը մեղմացված է, քանի որ միայն «Արմավիայի» տարեկան շրջանառությունը 108 մլն դոլար է, բենզինի բիզնեսինը` 87 մլն: «Շատերը գտնում են, որ եթե շրջանառությունը 200 մլն է, ապա շահույթը պետք է լինի 20-40 մլն դոլար: Սակայն այդպես չէ: Բենզինի շուկայից շահույթը 1-2% է: Ավիաընկերությունում դեռ ներդնում ենք եւ ոչինչ չենք ստանում: Միայն փետրվարին «Արմավիան» կրել է 600 հազար դոլարի վնաս: Սա հագուստի խանութ չէ, որ 100-200%-ով գինը բարձրացնենք, հետո 80%-ով զեղչ անենք: Մեր լուրջ բիզնեսում զեղչեր չկան»,- ասում է Մ. Բաղդասարովը: Պարզ է, որ «Արմավիայի» գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն: Սակայն ընկերությունն ակտիվորեն ավելացնում է չվերթների թիվը, քանի որ կառավարությանը խոստացել է այդ թիվը հասցնել 50-ի: Մ. Բաղդասարովը հավաստիացնում է, որ 2-3 տարի հետո դա կապահովվի: «Այսօր մենք բանակցություններ ենք վարում Վրաստանի ազգային փոխադրողի հետ: Համատեղ ձեռնարկություն ենք ստեղծում Երեւան-Թբիլիսի-Ամստերդամ, Երեւան-Թբիլիսի-Լոնդոն չվերթներն իրականացնելու համար: Երկու երկրներում էլ այս չվերթների ուղեւորների պակաս կա: Սակայն, միավորվելու դեպքում, այդ խնդիրը կլուծվի: Բացի այդ, Վրաստանը հնարավորություն ունի մատակարարել ավելի էժան ավիակերոսին»,- նշում է գործարարը: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ «Էր Ֆրանսին», որը «Արմավիային» զրկեց փարիզյան չվերթների մենաշնորհից, Բաղդասարովը գործընկեր է համարում եւ ոչ թե մրցակից, քանզի «հեղինակավոր «Էր Ֆրանսի» հետ աշխատելը կբարձրացնի «Արմավիայի» վարկանիշը»:
Գազի թանկացումը Բաղդասարովը դիտարկում է սեփական բիզնեսի տեսանկյունից: «Որքան ես գիտեմ, Հայաստանում գազն ավելի էժան կլինի, քան Վրաստանում եւ Ադրբեջանում, ուստի մեր ապրանքներն ավելի մրցունակ պետք է լինեն: Գազի թանկացումն արտահանման վրա չի ազդի, քանզի գները կթանկանան միաժամանակ եւ՛ Վրաստանում, եւ՛ Հայաստանում: Վրաստանը ցեմենտ չունի, ամեն դեպքում կգնի մեզանից»,- ասում է օլիգարխը: «Միկա-ցեմենտի» արտահանման ծավալներն էական փոփոխություններ չեն կրի, բայց թե հայաստանյան սպառողները որքան կտուժեն ցեմենտի գնի բարձրացումից` այլ հարց է:
Մ. Բաղդասարովը հավաստիացնում է, որ իր բոլոր ձեռնարկությունները ներկա պահին պոտենցիալ գնորդներ ունեն, սակայն նա չի պատրաստվում դրանք վաճառել՝ մինչեւ «լավ վիճակի չբերի»: (Հիշեցնենք, որ նա այդպես վարվեց «Հայխնայբանկի» հետ` վերջինիս վերահսկիչ փաթեթը վաճառելով ռուսական «Վնեշտորգբանկին»): Հետագայում «Արմավիայի» վաճառքը նա հավանական է համարում, սակայն մերժում է «Արմավիան» Գագիկ Ծառուկյանին վաճառելու մասին պտտվող լուրերը: Բաղդասարովի խոսքերով, «Արմավիայի» հավանական գնորդը Հայաստանից չէ:
Մ. Բաղդասարովի խոսքերից կարելի է եզրակացնել, որ իր բիզնեսն այնքան էլ շահութաբեր չէ: Երեւի դա է պատճառներից մեկը, որ նա պատրաստվում է մտնել նոր շուկա` ներդրումներ կատարելով նավթաքիմիական ոլորտում: Իր հավաստմամբ, դա լինելու է լրիվ նոր գործարան եւ կապ չունի «Նաիրիտի» հետ: