Ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդը» Ռուսաստանին վճարում է 110 ԱՄՆ դոլար՝ 1 խմ բնական գազի դիմաց։ Իսկ 6 օրից ուժի մեջ կմտնի բնական գազի համար սահմանված նոր սակագինը՝ հայաստանյան սպառողների համար։ Սակայն անորոշությունը, ինչպես վերջնական գնի, այնպես էլ` դրա հետեւանքների հետ կապված, շարունակվում է։
Մինչեւ 10.000 խմ բնական գազ օգտագործած սպառողները նախկին 59 դրամի փոխարեն 1 խմ-ի դիմաց վճարելու են 90 դրամ։ 10.000 եւ ավելի սպառում ունեցողների համար նախատեսված սակագինը թեեւ ավելի ցածր է, սակայն ներկա եւ նախկին գները տարբերվում են մոտ երկու անգամ՝ 79,1 ԱՄՆ դոլարի փոխարեն` 146,51։ Գազի գնի կրկնակի թանկացման ազդեցությունը մեծ է լինելու հիմնականում էներգատար ճյուղերի վրա։ Խոշոր ձեռնարկություններից բացի` ամսական 10.000 խմ-ից ավելի գազ են օգտագործում նաեւ գազալցման կայանները։ Այսինքն, գազով աշխատող տրանսպորտի համար վառելիքը մոտ երկու անգամ թանկանալու է։ Այս դասի մեջ մտնում են բնական գազով աշխատող մարդատար մեքենաները (անձնական օգտագործման), տաքսիները եւ երթուղային տաքսիները։ Պարզ է, որ գազի գնի թանկացման արդյունքում բարձրանալու են նաեւ տաքսիների եւ երթուղայինների վճարները։ Հատկապես վերջինիս վճարների թանկացումը ծանր է անդրադառնալու բնակչության վրա։ Ներկայումս Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 50 հազար դրամից մի փոքր ավելի։ Եթե երթուղային տաքսու գինը թանկանա 50 դրամով (իսկ դա ամենահավանական տարբերակն է), ապա ամեն օր աշխատանքի գնացող մարդը միայն տրանսպորտի վրա կատարած ծախսերն ավելացնելու է իր եկամտի 4-5 տոկոսի չափով։ Դա փոքր չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ միկրոավտոբուսներին բաժին է ընկնում ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալի 80%-ը։ Թե որքան կլինի երթուղայինների սակագինը, դեռ պարզ չէ։ Մենք, համենայնդեպս, փորձեցինք ճշտել եւ հարց ուղղեցինք Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտային վարչությանը։ Հարցը, կարծում եմ, բավական տրամաբանական էր. «Գազի գնի թանկացումն ի՞նչ չափով է ազդելու երթուղայինի սակագնի վրա»։ Իսկ հիմա լսեք պատասխանը՝ «Ո՞վ ասաց, որ գազը թանկանալու է»: «Իսկ ո՞վ չգիտի այդ մասին»՝ մեր հարցով պատասխանին քաղաքապետարանից հնչեց ավելի հետաքրքիր պատասխան-հարց՝ «Որոշումն ունե՞ք»։
Վերջ տալով այս հարցաշարին, տեղեկացրինք, որ այդ որոշման տեքստն արդեն մի քանի օր ցուցադրվում է Հայաստանի գրեթե բոլոր հեռուստաալիքներով։ Ըստ մեր զրուցակցի, որը չէր ցանկանում, որ իր անունը հրապարակվի, տնտեսվարող սուբյեկտները դեռ հաշվարկներ չեն կատարել, թե գազի թանկացումը որքանով է ազդելու իրենց գործունեության վրա եւ «Երեւանտրանս» ընկերությանը հայտ չեն ներկայացրել։
Ստացվում է, որ բոլորը, սկսած ԿԲ նախագահից, դեռ հույս ունեն, որ կհաստատվի ավելի ցածր սակագին։ Այդ իսկ պատճառով դեռ ոչ ոք չի ուզում հաշվարկներ անել, կամ չի ուզում հրապարակել։
Հիմա խոսենք մեկ այլ հետաքրքիր հանգամանքի մասին։ «ՀայՌուսգազարդը» գազալցման կայաններին 1000 խմ բնական գազը վաճառում է 79,1 դոլարով։ Պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելով՝ կստանանք, որ 1 խմ-ի դիմաց գազալցման կայանները «ՀայՌուսգազարդին» վճարում են մոտավորապես 36 դրամ։ Գազալցման կայաններն այդ գազը վաճառում են 130 դրամով՝ մոտ 4 անգամ ավելի։ Ոլորտին մոտ կանգնած մասնագետները նշում են, որ այդ տարբերությունն արդարացված չէ։ Իսկ գազալցակայանների սեփականատերերը նշում են, որ այդպիսի գինը պայմանավորված է հարկային օրենսդրությամբ։ Ներկայումս գազալցման կայանները հարկվում են հաստատագրված վճարով։ Գազալցման կայանն իր յուրաքանչյուր լիցքավորման կետի (լիցքավորման «ատրճանակի») համար ամսական վճարում է 1,5 մլն դրամ։ Ըստ էության, հենց սրանով կարելի է բացատրել գազալցման կայաններում գոյացող հերթերը, քանի որ ոչ ոք չի ցանկանում ավելացնել «ատրճանակների» քանակը եւ ամսական 1,5 մլն դրամ (3300 դոլար) ավելի վճարել։ Ի դեպ, 3-4 տարի առաջ դրույքաչափը կազմում էր 500 հազար, հետո աստիճանաբար բարձրացել է։
Ի՞նչ է ստացվում, հարկային օրենսդրության պատճառո՞վ է, որ գազի գնի համար վերջնական սպառողը բարձր է վճարում։ Վերջնական սպառողը բնակիչն է, տվյալ դեպքում՝ ուղեւորը։ Արդյոք անհրաժեշտ չէ՞ վերանայել այս օրենքը։ Հարկային մարմնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք չեն շտապում որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ, մինչեւ կհաստատվի վերջնական գինը եւ այս հարցում հստակություն կմտցվի։ Նշենք նաեւ, որ գազալցակայանների ծառայություններից օգտվող վարորդները պնդում են, որ իրենց գրեթե բոլորը խաբում են՝ լիցքավորվող գազի քանակի 10-15%-ի չափով։ Հարկային մարմիններում աշխատող անձինք նշում են, որ այս ոլորտում կա մեծ ստվեր։ Գազալցակայան աշխատեցնելը համարվում է չափազանց շահավետ բիզնես, այդ իսկ պատճառով դրանց ետեւում կանգնած են շատ ազդեցիկ դեմքեր։ Միգուցե սա էլ կապ ունի գործող օրենսդրության հետ։
Մի խոսքով, բոլորն առայժմ զերծ են մնում կանխատեսումներից։ Գազալցակայանները խուսափում են որեւէ բան ասել սպասվելիք գնի մասին, իսկ «մարշրուտկաների» տերերն էլ, բնականաբար, ոչինչ չեն կարող ասել, մինչեւ պարզ չդառնա՝ որքան են վճարելու լիցքավորվելու համար։ Ըստ խոսակցությունների, երթուղային տաքսիների սակագինը 100 դրամից կհասնի 150-ի, սակայն դա վերջնական չէ։ Գազի վերջնական գնի հետ կապված մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը խորհուրդ էր տվել սպասել 15-20 օր։ Սակայն մինչեւ այդ 20 օրի լրանալը նոր, կրկնակի անգամ թանկ սակագինն ուժի մեջ է մտնելու։ Հետաքրքիր է, ե՞րբ պետք է տնտեսվարող սուբյեկտները որոշում կայացնեն։ Ամսի 10-ի առավոտյա՞ն, երբ գնան լիցքավորվելու, եւ պարզ դառնա, որ 1 խմ-ի համար պետք է վճարեն ոչ թե 130, այլ, ասենք, 200 դրամ։ Երթուղային տաքսիները, ի տարբերություն գազալցման կայանների, այդպես հեշտ ու հանգիստ չեն կարող սակագին փոխել, նրանք պետք է հայտ ներկայացնեն քաղաքապետարան, իսկ դա ժամանակ է պահանջում։ Ստեղծվել է անհասկանալի վիճակ, եթե մինչեւ ապրիլի 10-ը հստակություն չմտցվի, կարող ենք խառնաշփոթ վիճակի մեջ հայտնվել եւ մի քանի օր զրկվել երթուղայինների եւ տաքսիների ծառայություններից։ Դժվար թե իշխանություններն այս ամենը հաշվարկած չլինեն։ Ամենայն հավանականությամբ, իրադարձությունները կզարգանան հետեւյալ սցենարներից որեւէ մեկով (կոնկրետ տրանսպորտային ոլորտում)։
Մինչեւ ապրիլի 10-ը կհաստատվի նոր սակագին, ավելի ցածր, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը։ Այս դեպքում դժվարությունն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իջեցնի սակագինը, մինչդեռ ըստ օրենքի` այն ուժի մեջ պետք է մնա առնվազն 6 ամիս։ Երկրորդ տարբերակն այն է, որ երթուղային տաքսիների սակագների հետ կապված արդեն համապատասխան հայտ է ներկայացված, սակայն դրա մասին չեն խոսում։ Եվ երրորդ, հնարավոր է ապրիլի 10-ից գազի նոր սակագինն ուժի մեջ մտնի, սակայն երթուղայիններին ներքին կարգով արգելվի բարձրացնել սակագինը, մինչեւ «տեսնեն` ինչ են անում»։
Ամեն դեպքում, քիչ մնաց։ Եվս մի քանի օր, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Մի բան հստակ է. իշխանություններն իրոք ամեն ինչ անելու են, որպեսզի ժողովուրդն անմիջապես իր կաշվի վրա չզգա գազի կրկնակի թանկացումը։ Ոչ թե նրա համար, որ բնակչության մասին շատ են մտածում, այլ դա կմեծացնի դժգոհությունը եւ «ջուր կլցնի» ընդդիմության ջրաղացին։ Համենայնդեպս, արդեն այսօր երթուղային տաքսիների մեջ կարելի է սպասվելիք թանկացման նկատմամբ ոչ բարյացակամ արձագանքների ականատես դառնալ, հատկապես առավելի խոցելի խավի՝ թոշակառուների կողմից։