Մեր նախորդ համարում նշել էինք, որ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը թոքերի բորբոքումով պառկած է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանից երեկ տեղեկացանք, որ նախարարն արդեն աշխատանքի է եկել: Պեպանյանը համոզված չէ, թե նախարարը լիարժեք ապաքինվել է: Ըստ նրա, Այվազյանը նախընտրել է աշխատանքի գալ, որովհետեւ անգամ հիվանդանոցում նրան հանգիստ չեն թողել. օրվա մեջ մոտ 50 մարդ է ընդունել եւ անընդհատ գործնական զանգերի է պատասխանել: Տարօրինակն այն է, սակայն, որ օրեր առաջ Վ. Այվազյանին արդեն Երեւանի սրճարաններում տեսնողներ են եղել: Մամուլում տարածված լուրերի առնչությամբ, թե Այվազյանի բացակայությունը պայմանավորված էր Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցած տարաձայնություններով, պրն Պեպանյանն ասաց. «Այսինքն` տարաձայնությունների պատճառո՞վ է հիվանդանոց գնացել։ Ես որքան գիտեմ, նախարարը պարբերաբար բժշկական միջամտության է դիմում, սա առաջին անգամը չէ, նա պարբերաբար գնում է բուժվելու»: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Վ. Այվազյանը մտադիր է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչն էլ, ըստ էության, դուր չի եկել Ա. Մարգարյանին, ապա Ա. Պեպանյանը նշեց, որ Վ. Այվազյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Պեպանյանն այդպես է կարծում, քանի որ նախարարն իր կրծքին դեռեւս կրում է հանրապետականի զինանշանը: