Հադրութի վիճակը լուրջ է

05/04/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ինչպես նախապես հայտնել էին, հեռուստամարաթոնից հանգանակված գումարները կհատկացվեն «Արցախի վերածնունդ» եռամյա ծրագրին, որը նպատակ ունի նպաստել Արցախի 3 շրջանների՝ Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի վերականգնմանն ու զարգացմանը: Ըստ ծրագրի, այս տարի աշխատանքները կսկսվեն Մարտակերտի շրջանից: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ղարաբաղի ծրագրերի ղեկավար Միշել Տանկրեզի խոսքերով, ծրագիրն իր մեջ ներառում է ոչ միայն ավտոճանապարհների, ջրատարների, բնակարանների ու դպրոցների շինարարություն, այլեւ՝ շրջանում տնտեսության տարբերի ճյուղերի զարգացմանն ուղղված վարկերի տրամադրում: Խոսելով անցած տարում կատարած աշխատանքների մասին, նա փաստեց, որ 10 մանկապարտեզ ապահովվել են համապատասխան կահույքով (շուրջ 200 երեխայի համար): Ընթացքի մեջ է նաեւ Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղի դպրոցի շինարարությունը: Ինչպես հայտնի է, ըստ ծրագրի` աշխատանքները կիրականացվեն երկու փուլով: Առաջին փուլով կկառուցվի դպրոցի շենքը, կաթսայատուն, բակում կանցկացվի կոյուղու համակարգ, ջրագիծ, ինչպես նաեւ` կլուծվի դպրոցի կահավորման խնդիրը, իսկ երկրորդ փուլով կկառուցվի մարզադահլիճ, խաղահրապարակ եւ կցանկապատվի տարածքը: Ծրագրի շնորհիվ 120 աշակերտ հնարավորություն կունենա բարվոք պայմաններում կրթություն ստանալ: Շարունակվում է նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ ճանապարհահատվածների շինարարությունը, որը, ըստ հիմնադրամի Ղարաբաղի ներկայացուցչի, կավարտվի մինչեւ տարեվերջ:

Հարցին, թե երբ կսկսվի «Արցախի վերածնունդ» ծրագրի իրականացումը, պարոն Տանկրեզը պատասխանեց, թե ապրիլին կսկսվի գյուղատնտեսական ծրագիրը: Արցախ կժամանի 2 մասնագետ` տեղում մասնագիտական խորհրդատվություն անցկացնելու համար: «Իսկ մայիսին, ամենայն հավանականությամբ, կսկսենք մյուս ծրագրերը: Պետք է Մարտակերտի շրջանում շուրջ 30 կմ ջրագծեր վերանորոգենք, կիրականացնենք գազիֆիկացման եւ դպրոցների ու բուժհիմնարկների վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաեւ` գյուղատնտեսական տեխնիկա պետք է ձեռք բերենք»,- մեր զրույցի ժամանակ նշեց Մ. Տանկրեզը:

Նա միաժամանակ փաստեց, որ հաջորդ հեռուստամարաթոնից ստացված հանգանակությունը, ըստ ծրագրի, կուղղվի Հադրութի շրջանի վերականգնմանը: «Հադրութի վիճակը լուրջ է, հատկապես` ճանապարհների առումով: Եվ կարծում եմ, այդ շրջանի վերականգնումն առաջնային է»,- նկատեց նա: Մեր տվյալներով, այժմ Մարտակերտում նախատեսվող ծրագրի իրականացման համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. հանրապետության համապատասխան մարմինները քննարկում եւ ուսումնասիրում են մի շարք հարցեր` կապված շրջանի վերականգնման հետ: