Երեկ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային մրցունակություն» ծրագրի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը ներկայացրեց «2005-2006թթ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի» հիմնական արդյունքները: Զեկույցում օգտագործված է 115 երկրների, այդ թվում` Հայաստանի Ցանցային պատրաստվածության համաթիվը (ՑՊՀ), որի նպատակն է գնահատել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման, պատրաստվածության եւ միջավայրի պայմանները: ՑՊՀ-ի հաշվարկման համար օգտագործվել են տարբեր բաղադրիչներ, որոնց ամբողջությունը հաշվի առնելով` կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ՏՀՏ ոլորտը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Սկսենք մեր երկրի բարենպաստ ցուցանիշներից: Գիտնականների եւ ճարտարագետների առկայությամբ Հայաստանն աշխարհում 26-րդ տեղն է զբաղեցնում, իսկ բիզնեսի գրանցման գործընթացի տեւողությամբ` 28-րդը: Հետաքրքիր է, որ այնքան էլ վատ չէ գիտահետազոտական ինստիտուտների որակը (59-րդ), պետական կառավարման բեռը (55-րդ), հարկման աստիճանը եւ ազդեցությունը (51-րդ): Փոխարենն ունենք ողբերգալի իրավական եւ օրենսդիր համակարգեր: Դատական համակարգի անկախությամբ Հայաստանը 107-րդն է աշխարհում, օրենսդիր մարմինների արդյունավետությամբ` 96-րդը, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությամբ` 107-րդը, իրավական դաշտի արդյունավետությամբ` 91-րդը: Գոյություն ունի մի ցուցանիշ, որով Հայաստանն անցյալ տարի եղել է աշխարհում վերջին տեղում: Դա բջջային հեռախոսների առկայությունն է: Վատ է նաեւ տեղական մրցակցության ինտենսիվությունը (111-րդ), ինտերնետ ծառայություններ մատուցողների ոլորտում մրցակցության որակը (108-րդ), ինտերնետային ծառայությունների առկայությունը (110-րդ), ՏՀՏ արտադրողականությունը (100-րդ), դպրոցներում ինտերնետի մատչելիությունը (100-րդ), գործարարության համար ինտերնետի օգտագործման աստիճանը (91-րդ): Հարկ է նշել, որ աշխարհում տեխնոլոգիական առաջատարը կրկին ԱՄՆ-ն է, 2-րդ տեղում Սինգապուրն է: ՑՊՀ-ով Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը` ԱՊՀ երկրներից զիջելով Ղազախստանին (60), Ռուսաստանին (72), Ադրբեջանին (73), Ուկրաինային (76) եւ առաջ անցնելով Տաջիկստանից (93), Մոլդովայից (94), Վրաստանից (96) եւ Ղրղըզստանից (103):
Հետաքրքիր է, որ վերը շարադրված ցուցանիշների կողքին կառավարության ապագայի տեսլականի համար ՏՀՏ ոլորտի կարեւորությամբ Հայաստանը 64-րդ տեղում է: Թե ինչպե՞ս է արտահայտվում այդ կարեւորությունը, երբ մյուս ցուցանիշները գրեթե չեն բարելավվում, հայտնի չէ: «Միայն մի բաղադրիչի բարելավումը բավարար չէ, որպեսզի իրական թռիչք ունենանք ՏՀՏ ոլորտում: Մենք դեռ մրցում ենք բարձր ինտելեկտուալ մարդկանց շահագործման հաշվին: Սակայն մրցակցային հաջող փուլ անցնելու համար ոլորտում պետք են խոշոր ծավալների ներդրումներ»,- գտնում է Մ. Հերգնյանը: Նա վստահեցնում է, որ կարեւորն այստեղ ոչ թե թվերն են, այլ այն կոնկրետ քայլերը, որ պետք է դրանցից բխեն: Մ. Հերգնյանի կարծիքով, հաջորդ տարվա զեկույցում Հայաստանի դիրքերը ՏՀՏ ոլորտում կբարելավվեն, ինչը պայմանավորված է հայաստանյան կապի շուկայում երկրորդ օպերատորի` «Ղ-Տելեկոմի» մուտքով: