«Հայաստանում հիմա կույր մարդ չպետք է ծնվի, որովհետեւ էստեղ կույրին պետությունը տանում է դանդաղ ինքնասպանության»,- ասում են նրանք: Նրանք համարում են, որ իշխանության համար իրենք դարձել են ծաղրի առարկա, որովհետեւ նախընտրական արշավներում, հատկապես «Օրինաց երկիր» կուսակցությունը, հաշմանդամներին դարձրել է հաղթատոմս: Նախընտրական շրջանում մշտապես հաշմանդամների կյանքը բարելավելու ծրագրեր, կարգախոսներ են ազդարարվում, բայց գալիս են իշխանության ու մոռանում են, որ նրանք կան: Արաբկիրում կույրերի բանավան կա, որտեղից, սակայն, շատերը բնակարանները վաճառել, հեռացել են ծայրամասեր, շրջաններ, որպեսզի հավելյալ գումարով կարողանան ապրել: Կույրերի հավաքատեղին ներկայումս Արաբկիր համայնքում գտնվող Կույրերի Մշակույթի տան պատի տակ է, ուր գալիս են հիշելու լավ ժամանակները: Պետրոսյան Ջանիբեկն առավոտյան արթնանում է, եթե ստացվի` մի գավաթ սուրճ է խմում եւ ձեռնափայտով ամենօրյա ճանապարհը գտնելով` գալիս է այն արտադրամասի պատի տակ, ուր 50 տարի աշխատել է: Ամեն օր այնտեղ գալով իրեն մի քիչ լավ է զգում, որովհետեւ հորդորում է, թե նախկինի պես աշխատանքի է գնում, իրեն մի քիչ պիտանի է զգում: Ասում է, որ առավոտյան դուրս է գալիս, վերադառնում է տուն երեկոյան, մինչեւ աշխատանքային ժամը լրանա, իբրեւ թե աշխատանքից տուն է գնում: «Առաջ, երբ աշխատում էինք, մենք մեր տեսնող հարազատներին անվերադարձ էինք գումար տալիս, պարտքով չէինք տալիս: Մեր հարազատներին օգնում էինք: Սովետական տարիներին մենք հավանածդ մարդկանց հետ նստել ենք ամեն տեղ, հարգում էին կույրերին: Փլուզումից հետո մեզ աշխատանքից ազատեցին, ասացին, որ ձեր փոխարեն պետությունը մեզնից հարկ է ուզում, կենսաթոշակային ֆոնդ: Հիմա տեսնում ես կույրերի վիճակը՝ պատերի տակ, մուրացկանի նման, երեկոյան տուն ենք գնում՝ հաց լինի` կուտենք, չի լինի՝ սոված կքնենք, հետո լույսը բացվում է, նորից գալիս ենք այս պատի տակ: Այսպես ենք ապրում»,- ասում է Ջանիբեկ պապիկը, ով ցանկացած չինովնիկից ու գիտնականից գրագետ է խոսում եւ ամենազայրացած, չարացած բառերն «է»-երով է ավարտում: Ապրում է 19.000 դրամ թոշակով եւ ասում է, որ կույրերից շատերն իրենից «բեթար» վիճակում են, մուրացկան են դարձել: Ասում է, որ հիմա, երբ հիշում են կոմունիստներին, նրանց համարում են կույրերի աստվածը, որովհետեւ կույր մարդուն տրվում էին արտոնություններ, նրանց կենցաղային պայմաններն ապահովված էին, ինչի շնորհիվ աշխարհի խավարի մեջ իրենք հաղթահարում էին հոգեբանական դժվարությունները, իսկ հիմա անպաշտպան են:
«Կուլտուրական մուրացկաններ ենք»
«Պատերի տակ թափառում ենք, եղած-չեղած` պետության համար մի հաշիվ ենք,- ասում է վիրավորված կույր պապիկը,- թող ինձ ծաղրեն, թող փնովեն, բայց սա է… Մեզ գցել են աղբի արկղը…»։ Կույրերն այսօր նույնիսկ տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություն չունեն, իսկ իրենց հատկացվող անվճար դեղորայքի համար դիմելիս ստանում են «Չունենք» պատասխանը: Ասում են, որ կույրերի համար Աստված Քոչարյանին տվել ու չի խնայել, կույրերին արհամարհում են ոնց պատահի, «բեռ ենք իրենց համար»: Ջանիբեկ պապիկի հավաստմամբ՝ կույրերին տարին մեկ անգամ կտրոն են տալիս, որով համապատասխան խանութից կարող են զեղչ գներով մթերք գնել, սակայն գործակատարն` իմանալով տրամադրված կտրոնների ժամկետը, ապրանքների գները թանկացնում է: «Քիչ է մնում շատ կույրեր մտնեն գործակատարի մոտ, ասեն՝ էսօր շատ սոված եմ, մի քիչ հաց տուր ուտեմ: Ա՛յ, այսպիսի արտոնություն, բալես, այսպիսի հարգանք, աղջիկս»,- ասում է Ջանիբեկ պապիկը, ով ձայնագրիչի չխկչխկոցը լսելով` հասկանում է, որ իրեն ձայնագրում են, իրեն զսպում է, որ կոռեկտ խոսի ու մեջքի կորությունն ուղղելով` ձիգ կանգնում, պաթոսով է խոսում, կարծես այդ պահին աշխարհն իրեն տեսնում ու լսում է: Բայց հարզազրույց տվող կարեւոր մարդու կերպարից պարբերաբար դուրս է գալիս, ասում է՝ «Կուլտուրական մուրացկաններ ենք», ու իր ասածից իրեն ցավ պատճառելով` նորից կծկվում, խեղճանում է: Ջանիբեկ պապի պատի տակի ընկեր Գրիգորյան Հրայրն ասում է, որ իր ընտանիքին կինն է ցելոֆաններ վաճառելով պահում: 2 որդի ունի, որոնցից մեկը զինվորական ծառայությունը նոր է ավարտել, իսկ մյուսը՝ ծառայում է Վարդենիսում: 2 որդիների կույր հայրն իրեն կաշկանդված է զգում, որովհետեւ որդիներին բանակ է ուղարկում ու թողնում է Աստծո հույսին, չի կարողանում մի 2կգ մթերք վերցնել, գնալ այցելության: «Գիտես, էլի, զինվոր պահելն ինչ թանկ ա»: Ջանիբեկ պապիկը խոսակցությունն ընդհատում է, որովհետեւ էլի մի ցավոտ բան է հիշել, ասում է, որ Հրանտ Բագրատյանը վարչապետ ժամանակ հայտարարել է, թե հաշմանդամ մարդիկ բեռ են պետության համար: Այդ հայտարարությունը նա ամեն երեկո քնելիս հիշում է ու համոզվում է, որ դա ճշմարտություն է, ու հիշելիս հուզմունքից խեղդվում է: Այդ բառն այսքան տարի կանգնել է նրա կոկորդին: Հարցնում եմ՝ «Առավոտից մինչեւ երեկո, որ գալիս եք այստեղ, ի՞նչ եք խոսում»: Պատասխանում են՝ «Օրինակ, թե ինչպես ենք առաջ ապրել, ինչեր ենք արել, ընկերոջս պատմում եմ, որ այսինչ օրն այսինչի հետ այսինչ տեղն ենք գնացել: Օրինակ՝ պատմում եմ, թե վարպետ Ավասու հետ ինչպես ենք տեղ գնացել, հիշողությունների գիրկն ենք ընկնում, մեզ լավ ենք զգում»: Ասում է, որ իրենք ողորմություն չեն ուզում, աշխատանք են ուզում եւ, եթե աշխատանք ունենան՝ այդ 19.000 դրամ թոշակն էլ չեն վերցնի, կթողնեն պետությանը նվեր: Կույրի համար աշխատանքի գնալը փրկություն է, կույրը պետք է իրեն պիտանի զգա:
«Այն հասարակարգի Գագիկ Ծառուկյաններն էինք»
1930 թվականին տեսողությունից զուրկ մարդիկ համախմբվել եւ ստեղծել են Կույրերի միավորում: Ներկայումս միավորումն ունի մոտ 3500 անդամ: Սովետական տարիներին այդ հասարակական կազմակերպությունը գնալով ծաղկել է, մայրաքաղաքում եւ շրջաններում ստեղծվել են արտադրություններ, որոնց միջոցով հազարավոր կույրեր աշխատանք են ունեցել:
«Տնայնագործական եղանակից աստիճանաբար անցան զարգացած արտադրության: Հազարավոր մարդիկ էին աշխատում, միլիոնների արտադրանք էր արտադրվում»,- ասում է Հայաստանի Կույրերի միավորման Երեւանի թիվ 3 ուսումնաարտադրական ձեռնարկություն ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը: Ներկայումս արտադրությունում աշխատում է ընդամենը 50 հոգի, քանի որ արտադրվող վարդակները, կոթառները, խոզանակները եւ էլեկտրատեղակայման այլ պարագաները շուկայում պահանջարկ չունեն: Տարվա մեջ արտադրվում է 10-15 մլն-ի ապրանք: «Մեր հարազատ երկիրը չինական ապրանքների վրա ոչ մի մաքսատուրք հավանաբար չի դնում կամ չնչին է դնում: Նույնիսկ նրանց զիբիլի հետ մրցունակ չենք: Այսօր նրանց ապրանքի շուկայական գինը մեր արտադրածի գնից շատ ցածր է, իսկ մեր արտադրանքի որակն անհամեմատելի լավն է: Թուրքականի դիզայնն է գայթակղում, իսկ որակի մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ զիբիլ է»,- ասում է Ռ. Խաչատրյանը: Վերջինիս խոսքերով՝ անգամ արտադրության մեջ կույրերին հարկային արտոնություն չեն սահմանել: Կառավարությունը տարվա կտրվածքով որոշակի գումար փոխհատուցում է ավելացված արժեքի եւ պարտադիր սոցիալական վճարի դիմաց: Դա արվում է իբրեւ թե արտադրանքը մրցունակ դարձնելու նպատակով, բայց, միեւնույն է, մրցունակ չէ: Պրն Խաչատրյանի խոսքերով, եթե որեւէ կտրուկ քայլ չարվի, ապա արտադրությունն ամեն տարի նահանջ ունենալով` ավելի կլճանա եւ շուկայից կվերանա: Թիվ 3 ձեռնարկության աշխատակիցները, հազարավոր մարդիկ սովետական տարիներին հիմնարկի հաշվին բնակարաններ են ստացել, գործուղվել են, ուղեգրեր են ստացել, ապահով կյանքով են ապրել, իսկ հիմա ողորմելի վիճակում են: «Պետությունը ոչինչ չի անում, իսկ մենք այսքանն ենք կարողանում անել: Նոր մարդկանց չենք կարող ընդունել աշխատանքի: Դե՛, պատկերացրե՛ք, ամեն մի կույր պետության «ավելորդն է»: Պետությունը կույրերի աշխատանքը խթանելու համար կարող է պատվեր տալ, օրինակ՝ Պաշտպանության նախարարության համար շուկայի չինական, թուրքականն են առնում»,- ասում է Ռ. Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ գնորդն այսօր հակված չէ որակին ուշադրություն դարձնել: Ըստ նրա, սպառողի պահանջը հետեւյալն է՝ «Ինձ բեր զիբիլ, բայց էժան բեր»: Պետությունն այսօր էլիտար շենքեր, դպրոցներ եւ այլ հաստատություններ է կառուցում, աղետի գոտին է վերակառուցում, որտեղ օգտագործում է ոչ թե հայկական, այլ թուրքական կամ չինական էլեկտրատեղակայման պարագաներ: «Ո՞ւմ շատ պետքն է, թե կույրերը սոված նստած են պատերի տակ»,- ասում է նա: Սովետական տարիներին կույրերի աշխատավարձն այնքան բարձր էր, որ մյուսների կրկնակի եկամուտն ունեին, ինչպես պրն Խաչատրյանն է ասում՝ «Կույրերն այն հասարակարգի Գագիկ Ծառուկյաններն էին, լիարժեք կյանքով էինք ապրում, իսկ երբ լիարժեք ես ապրում, բացի այն, որ դու քեզ լիարժեք ես զգում, ուրիշներն էլ են քեզ լիարժեք համարում, հարազատդ կլինի, հարեւան կամ բարեկամդ կլինի, քեզ լիարժեք մարդու պես են վերաբերվում,- վստահեցնում է նա: -Եթե լիարժեք կյանքով ես ապրում` ընկեր, հարազատ, հարեւան ես ունենում, իսկ երբ լիարժեք չես ապրում՝ ոչինչ չունես, կաշկանդված ես»: Վերջինս փորձել է հանդիպել «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանին, սակայն ոչ թե օգնության, այլ համագործակցության առաջարկությամբ, ինչը, սակայն, կույր մարդու համար անհասանելի մի բան է եղել: Ըստ նրա, ով քաղաքական խնդիր է ունենում՝ կույրերին օգտագործում է՝ «Դարձել ենք որբի գլուխ, որբի գլխի վրա են, չէ՞, վարսավիրություն սովորում»: Կույրերն օգնություն չեն ուզում՝ աշխատանք են ուզում: Ասում է, եթե մի գործարար այս արտադրությունը թարմացներ, վերազիներ եւ ոտքի կանգնեցներ, կույրերը նրա արձանը հիմնարկի շեմին կկառուցեին: «Կույրերը սիրում են աշխատել, անճարությունից ու զբաղմունք չունենալուց օրը 100 դրամով էլ կաշխատեն: Եթե պայմաններ ստեղծվեն, մենք ամենաշատ հարկեր վճարողները կլինենք»: