ԱՄՆ-ում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ղեկավար Ջոն Դանիլովիչը ստորագրեցին համաձայնագիր, ինչի արդյունքում առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներից» կստանա մոտ 236 միլիոն դոլար` գյուղական ճանապարհներ նորոգելու եւ ոռոգման համակարգը բարելավելու համար:
Իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանին նման խոշոր դրամաշնորհի հատկացումը: Արդյո՞ք այն զուտ տնտեսական նպատակներ է հետապնդում:
«Չեմ կարծում, թե տրված գումարն իր մեջ ուներ միայն տնտեսական կոնտեքստներ, որովհետեւ այն ծրագրերը, որոնց տակ այդ բոլոր փողերը պետք է օգտագործվեն, տնտեսության բարգավաճման, արդյունաբերական զարկի համար որեւէ նշանակություն չեն ունենալու»,- երեկ նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Վերջինիս կարծիքով` դա քաղաքական ենթատեքստ ունի, եւ այն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Ա. Կարապետյանի փոխանցմամբ` ընդդիմադիր դաշտում այս օրերին պտտվում է կարծիք, որ հուլիս-օգոստոս ամիսներին «պատրաստում է խաղաղարար ուժերի մուտքն ազատագրված տարածքներ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանի մոտ տեղակայվեն ամերիկյան ստորաբաժանումներ»: «Ինչպիսի՞ն կլինի այդ ստորաբաժանումների կազմը, կլինե՞ն խաղաղարար ուժեր, որոնք կլինեն Մինսկի խմբի համանախագահող երկրներից, կլինե՞ն առանձին եւ այլն, դա դեռ, ինչքան ես գիտեմ, քննարկման առարկա է: Այսինքն՝ «փող՝ Դեյտոնի դիմաց»: Փողը տրամադրվում է՝ Դեյտոն կազմակերպելու համար: Այդպիսին է կարծիքն ընդդիմադիր ամբողջ դաշտում»,- պնդում էր «ՆԺ» ղեկավարը: Նա երեկվա ասուլիսում բանավիճում էր ԱԺ Ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ, ով վերոնշյալ դրամաշնորհի քաղաքական ենթատեքտսի մասին ասաց հետեւյալը. «Քաղաքական ենթատեքստը պայմանների մեջ է եղել. ժողովրդավարացում, կառավարման լավ համակարգ, կոռուպցիայի նվազեցում, քաղաքացիական նորմալ հասարակարգի ստեղծում»: Իսկ Ա. Կարապետյանն էլ նկատեց, թե բոլոր այդ պայմանների կատարումն էլ Հայաստանում փաստացիորեն գրեթե իսպառ բացակայում է, սակայն դրամաշնորհը տրամադրվել է: «Պայմանները չեն իրագործվել, բայց փողը տրամադրվել է, ուրեմն մի այլ ենթատեքստ է երեւի եղել տակը, որ դա արվել է»,- կարծում է «ՆԺ» ղեկավարը, ով նաեւ հարցնում է՝ համոզմունք կա՞, որ այդ սպասվող գումարը չի մսխվելու: «Լինսի» հիմնադրամի փողերի օգտագործման ժամանակ չարաշահումներ են եղել, ու ես ինչքան գիտեմ՝ հիմա Արտաշես Թումանյանից պահանջում են, որ այդ չարաշահումների պատճառով հետ մուծի մոտ 3 միլիոն գումար: Մարդն ամեն օր 6-րդ բաժին է կանչվում, ԱԱԾ է կանչվում: Երեւի մի բան ուզում են մարդուց, չէ՞, որ այդքան կանչում են»,- ասում է Ա. Կարապետյանը, ով համոզված է, որ «Հազարամյակի մարտահրավերներից» ստացվելիք գումարի մի ինչ-որ մաս անպայմանորեն գողացվելու է: Ի դեպ, հարկ է նշել, որ քննարկման թեմա էր հայտարարված «Հայաստանի էներգետիկ հիմնախնդիրները», սակայն երեկ ավելի շատ քաղաքական գնահատականներ ու հայտարարություններ հնչեցին: Բանավեճի հայտարարված թեմայից աշխատում էր չշեղվել Գ. Մինասյանը, ով ներկաներին մի քանի անգամ հիշեցրեց, որ քննարկման թեման էներգետիկ բնագավառին է առնչվում, սակայն, ի վերջո, ինքն էլ շեղվեց եւ սկսեց գովերգել Հայաստանի վարած «կոմպլեմենտար» քաղաքականությունն ու դրա հետեւանքները: Վերջապես, երբ խոսք գնաց Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին, «ՆԺ» ղեկավարը կարծիք հայտնեց, թե Հայաստանի էներգետիկ անկախության մասին խոսք լինել չի կարող: Անդրադառնալով նրան, որ Հայաստանի էներգետիկ օբյեկտների մոտ 80%-ը Ռուսաստանին է պատկանում` Ա. Կարապետյանը նշեց, թե լավ կլիներ, որ այդ ամենը մնար Հայաստանի սեփականությունը, «բայց կյանքը գնում է այնպես, որ արվել է այն, ինչ արվել է»: «Աստված տա, որ Ռուսաստանը չջղայնանա եւ գազի գինը սարքի 250 դոլար: Եթե այդ օբյեկտները պետք է հանձնվեին, ապա պետք է հանձնվեին ռուսներին»,- կարծում է Ա. Կարապետյանը` հավելելով, թե լավագույն տարբերակը կլիներ այն, որ ստեղծվեին համատեղ ձեռնարկություններ այն երկրների հետ, որոնք մատակարարում են հումքը: «ՆԺ» ղեկավարը երեկ մի քանի ուշագրավ հայտարարություններ էլ արեց: Նրա խոսքերով` Իրան-Հայաստան գազամուղը եւս առաջիկայում հանձնվելու է ռուսներին, ավելի ստույգ` «Գազպրոմին»: Ավելին, ըստ Ա. Կարապետյանի, «Գազպրոմին» է անցնելու նաեւ ՋԷԿ-երից մեկը: Պարոն Կարապետյանը համոզված էր սրանում, քանի որ «իրանցիների հետ նոր էր հանդիպել»:
«Համարեք դրանք ընդամենը լուրեր: Չկա այդպիսի հիմք, որ դուք ասեք, թե մենք պարսկական գազատարը տալիս ենք Ռուսաստանին: Դա հնարավոր բան չէ»,- անդրադառնալով Ա. Կարապետյանի վերոնշյալ հայտարարություններին` ասաց Գագիկ Մինասյանը: Վերջինս սակայն չի բացառում նման հեռանկարը՝ ասելով, թե կյանքում ընդհանրապես շատ քիչ բաներ կարելի է բացառել: Իսկ պատասխանելով այն հարցին, որ եթե նման բան, այնուամենայնիվ, տեղի ունենա, պարոն Մինասյանը կընդունի՞, որ սխալվել է` հայտարարելով, թե դա «հնարավոր բան չէ», Գ. Մինասյանը նշեց, որ եթե այդպիսի բան տեղի ունենա, պետք է հասկանալ, թե «ինչպիսի շարժառիթներ են եղել»: Արժե նշել, որ բանավեճը եզրափակվեց Գ. Մինասյանի հետեւյալ խոսքերով. «Գրիգոր Արծրունին մի հանճարեղ միտք է ասել. հայերս քաղաքականապես ռուսներ ենք»: