Սակայն «Նոր երկրի» նախաձեռնող խմբի խորհրդի անդամներից ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության նախկին պետ Ռոբերտ Փոլադյանը վստահեցնում է, որ անկախ ամեն ինչից կուսակցության ստեղծումը դեռ ուժի մեջ է: Սակայն բոլորի համար ակնհայտ է, որ սա չի լինի այն «Նոր երկիրը», որը պետք է ստեղծեր Ա. Թումանյանը: «Կուսակցության ստեղծումը պետք է շարունակվի, քանի որ կան որոշակի գաղափարի շուրջ հավաքված մարդիկ»,- ասում է նա: Իսկ կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի վերջերին կամ հունիսի սկզբներին: «Հիմա մասնագետների, համախոհների հետ քննարկում ենք կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Փորձելու ենք լրացնել այն, ինչը հայտնի դեպքերի բերումով կիսատ մնաց: Ամեն մի ծնունդ հեշտ չի տրվում: Այսօր Հայաստանում կա ավելի քան 70 կուսակցություն: Դրանք էլ են մի օր ծնվել: Հո միանգամից չդարձա՞ն 10, 15 կամ 115 տարեկան»,- գտնում է նա: Սակայն պրն Փոլադյանը գտնում է, որ Ա. Թումանյանի` կուսակցությունից հրաժարվելը կարող է որոշակի ազդեցություն ունենալ դրա հետագա ստեղծման վրա: «Կուսակցությունը սեփականություն չի, առավել եւս, որ Արտաշես Թումանյանը մշտապես պնդում էր՝ սա անձնավորված կուսակցություն չպետք է լինի: Եվ հիմա էլ մենք հավաքվել ենք ու կհավաքվենք զուտ գաղափարական հենքի վրա»,- ասում է նա: Նկատենք, որ մինչեւ Ա. Թումանյանի հրաժարականը շատերն էին ցանկություն հայտնում անդամակցել «Նոր երկիր» կուսակցությանը: Ասում են, որ այդ մարդկանց թիվը հասել է մինչեւ 10-14 հազարի: Ի վերջո, ենթադրվում էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ստեղծած կուսակցությունը կունենա բավական լուրջ ֆինանսական միջոցներ ու հնարավորություններ: Բայց այսօր, երբ Ա. Թումանյանն այլեւս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը չէ, շատերը միանգամից լքեցին նախաձեռնող խումբը: «Մի մասն, այո, եկել էր որոշակի ակնկալիքներով, որոնք այդժամ էլ հեռացան: Նրանցով չէ, որ պետք է գնահատվի կուսակցության որակը, ամբողջականությունը, բարոյականությունը: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա: Բայց հիմա, այդքանից հետո այդ մարդիկ կգա՞ն, թե՞ չեն գա, կերեւա, երբ կստեղծվի կուսակցությունը եւ առաջ կգա արդեն կուսակցությանն անդամակցության կոնկրետ խնդիրը: Բայց փաստ է նաեւ այն, որ շատ են համակիրները, գործընթացը շարունակել ցանկացողները,- ասում է պրն Փոլադյանը, ավելացնելով,- շատերի համար էլ անտարակուսելի էր Թումանյանի հեղինակությունն ու գրավչությունը: Եվ մի մասը եկել էր հենց նրա անձի շուրջը»: Իսկ այսօր, պրն Փոլադյանի հաշվարկներով, դեռ կան մի քանի հազար մարդ, որ ցանկանում են անդամակցել կուսակցությանը` հանուն նրա որդեգրած գաղափարախոսության: Կուսակցության` նախապես վարձակալած գրասենյակների փակվելու մասին Ռ. Փոլադյանն ասաց. «Գրասենյակներ, որպես կազմակերպչական կառույցներ, մենք ունեցել ենք ՀՀ մարզերում, որոնք պետք է վարձակալվեին կուսակցության ստեղծումից հետո: Դրանց այն մասը, որոնց պատասխանատուները հրաժարվել են, սառեցվել են եւ չեն գործում, ինչպես օրինակ` Արթիկի, Մասիսի, Արմավիրի, Թալինի եւ մի քանի այլ տարածքային գրասենյակները: Իսկ մնացածներն այժմ աշխատում են հասարակական հիմունքներով»: Չի բացառվում, որ այսքանից հետո «Նոր երկիր» կուսակցությունը ղեկավարի հենց Ռոբերտ Փոլադյանը: Թեեւ ինքն ասում է, որ նման հավակնություններ չունի. «Ես ընդամենը ստեղծված իրավիճակում ստանձնել եմ սկսված գործընթացը շարունակելու պատասխանատվություն: Բայց ամեն ինչ կորոշի համագումարը: Ես չեմ եկել որեւէ մեկի համար, թեեւ եկել եմ մեկի հետ: Ես եկել եմ որոշակի գաղափարի ու սկզբունքների համար»,- ասաց նա: Իսկ քաղաքական դաշտում «Նոր երկիրը» որտե՞ղ է տեսնում իր տեղը. ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ դաշտում: «Բոլոր դեպքերում` պետականամետ, իսկ մնացյալը ցույց կտա կյանքը, քաղաքական, պետական եւ հասարակական զարգացումները»,- մեր հարցին ի պատասխան ասաց նա: