Մարդիկ դժգոհում են գովազդի թե՛ քանակից, թե՛ որակից։ Հինգշաբթի օրը «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն» այս թեմայով քննարկում էր կազմակերպել։ Կենտրոնի տնօրեն Կարինե Տիտանյանի խոսքերով, մարդկանց 99,8%-ն ինֆորմացիա ստանալու հարցում ապահովում է հեռուստատեսությանը։ Եվ քանի որ դժգոհությունները կապված են հիմնականում հեռուստատեսային գովազդների հետ, ի սկզբանե որոշված էր քննարկումն անցկացնել հենց հեռուստատեսության տեսանկյունից։ Սակայն հրավիրված գովազդային գործակալություններն այդպես էլ չներկայացան, այդ իսկ պատճառով քննարկումը կրեց միակողմանի, քննադատական բնույթ (թեեւ չեմ կարծում, որ ժամանելու պարագայում որեւէ բան փոխվեր)։
Ըստ Կ. Տիտանյանի, իրենք հարցում են անցկացրել, որին մասնակցել է 500 հոգի։ Արդյունքներն անսպասելի չէին. 91,1%-ը ցանկանում է, որ գովազդի քանակը քչանա, 7,7%-ը՝ դեմ չեն, որ մնա անփոփոխ, 1,2%-ն էլ նույնիսկ համաձայն են ավելի շատ գովազդ դիտել, միայն թե որակը բարձր լինի։
Իսկ որակի հետ կապված՝ մարդիկ առաջին հերթին դժգոհում են ոչ հայերեն լեզվամտածողությունից, ժարգոնային արտահայտություններից եւ ոչ պրոֆեսիոնալիզմից։ Մարզերում ընդհանրապես բոլորն ատում են «գովազդ» կոչվածը, հիմնականում այն պատճառով, որ այն հաճախակի ընդհատում է իրենց սիրելի սերիալները։ Այս պարագայում մի քիչ վիճելի է, թե ո՞ր երեւույթն է ավելի բացասական՝ սերիալնե՞րը, թե՞ գովազդները։ Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա։ Սակայն, որ հայկական գովազդների մի զգալի մասը դեն շպրտելու ապրանք է՝ դրանում կասկած չկա։ Հասկանալի է, որ շուկայական հարաբերություններ են, մարդիկ ուզում են շատ փող աշխատել։ Իսկ շատ փող աշխատելու համար հարկավոր է քիչ ծախսել, այդ թվում՝ գովազդի վրա։ Արդյունքում՝ օրը մի քանի ժամ, տարբեր ալիքներով մեր գլուխներն «արդուկում» են «արդար ա, շահել եմ» տիպի արտահայտություններով, «ունիտազի» վրայից երկինք թռչող մարդկանց կադրերով եւ այլ «զիբիլներով»։
Ինչ վերաբերում է ժարգոնային արտահայտություններին, ապա ճիշտ է, երեւույթը ցանկալի չէ, սակայն պետք է խոստովանել, որ հումորային գովազդները երբեմն ավելի հաճույքով են դիտվում եւ չեն ազդում նյարդերի վրա։ Քննարկմանը մասնակցող դասախոսներն ու լեզվաբանները կարծում են՝ դա բացասաբար է ազդում երիտասարդ սերնդի հատկապես դպրոցականների դաստիարակության վրա։ Սակայն, մյուս կողմից, ումի՞ց օրինակ վերցնեն։ Ախր, մեր իշխանական վերնախավի բառապաշարն իր մակարդակով գովազդից հեչ էլ բարձր չէ…
Հետաքրքիրն այն է, որ ըստ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի, իրենք լծակներ չունեն այս երեւույթի դեմ պայքարելու համար։ «Գովազդը մեզ ներկայացվում է որպես ստեղծագործություն», իսկ ստեղծագործության մեջ կարող է օգտագործվել ոչ թե գրական, այլ գեղարվեստական լեզու, որը կարող է պարունակել նաեւ ժարգոնային տարրեր։ Անգամ այն դեպքում, երբ չափը շատ են անցնում, չեն կարող դիմել դատարան։ Այդպիսի իրավասություն ունի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որը ոչինչ չի անում այս ուղղությամբ։
Մինչդեռ այստեղ շատ անելիքներ կան, հատկապես` իրավական առումով։ Հարցման մասնակցողների եւ անգամ հենց գովազդ պատրաստողների մեծ մասը ՀՀ «Գովազդի մասին» օրենքին ծանոթ չէ։ Օրենքը հստակ սահմանում է գովազդի թույլատրվող րոպեների քանակը, սակայն այդ օրենքը խախտվում է գրեթե բոլոր հեռուստաընկերություններում։ Երբեմն դա հասնում է աբսուրդի։ Ասենք, ցուցադրվում է որեւէ ֆիլմ, հետո ընդմիջվում է, եթեր է գնում մի քանի րոպեանոց հոլովակ՝ հովանավորների մասին, հետո գրվում է՝ «գովազդ», գովազդվում են այլ ապրանքներ, հետո` նորից հովանավորներ… Ուզում են ասել՝ բուն գովազդը միայն այդ միջանկյալ հատվածն է։ Բա մնացա՞ծն ինչ է։ Երբեմն հարց է առաջանում, անհրաժե՞շտ է արդյոք հովանավոր, երբ ցուցադրվում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը։ Իմաստը ո՞րն է, ի՞նչն են հովանավորում։
Կա նաեւ մեկ ուրիշ հանգամանք. օրենքով արգելվում է ալկոհոլային խմիչքների գովազդը, սակայն որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ հեռուստատեսությամբ ալկոհոլ չի գովազդվում։ Այս դեպքերում դիմում են էժանագին հնարքի՝ գովազդում են ալկոհոլ արտադրող ֆիրմայի նշանը՝ լոգոն։ Ընդ որում, կա նաեւ, այսպես կոչված, «պահեստային» տարբերակ. նույն ընկերությունը ձեւի համար կարող է արտադրել նույն անվանումով մակարոն (մի քանի տուփ), իսկ հետո՝ հարցեր առաջանալու դեպքում, կասեն, որ գովազդել են մակարոնը։
Քննարկմանը ներկա հեռուստաընկերությունների լրագրողները փորձում էին արդարացնել իրենց ալիքներին՝ նշելով, թե օրենքը չի արգելում գովազդել ապրանքային նշանը։ Սակայն նույն օրենքն արգելում է մոլորության մեջ գցել հեռուստադիտողին։
Որպեսզի միակողմանի չհնչի, պետք է խոստովանենք, որ գովազդները (թեկուզ վատերը) անհրաժեշտ են։ Ոչ թե այն պատճառով, որ դրանք օգնում են հեռուստադիտողներին ճիշտ ընտրություն կատարել, այլ որովհետեւ ֆինանսական միջոցներ են ապահովում հեռուստաընկերությունների համար։ Եթե ուզում ենք ունենալ 10-ից ավելի ալիքների մեջ ընտրություն կատարելու հնարավորություն, ստիպված ենք հանդուրժել մեծաքանակ գովազդները։
Իսկ որակի կամ օրենքի հետ կապված խնդիրների համար պետք է մեղադրել այն կառույցին, որը պետք է վերահսկողություն իրականացնի։ Եթե խախտման համար չեն պատժում, հայերի մեծ մասն ամենեւին էլ դեմ չի լինի շրջանցել օրենքը. ոչ մեկս էլ սուրբ չենք։ ՀՌԱՀ-ը վերահսկում է եթերը՝ ոչ թե ի շահ հեռուստադիտողի, այլ որպեսզի ոչ ոք չհամարձակվի «ձյաձյաների» հասցեին քննադատական խոսք ասել։ Սույն կառույցը, իսկ ավելի կոնկրետ` նրա ղեկավար Գրիգոր Ամալյանը, պատմության մեջ կհիշվի միայն մեկ «սխրանքով»՝ «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու…