Չնայած Նկարիչների միությունը (ՆՄ) հասարակական կազմակերպություն է, այդուհանդերձ, ըստ միության նախագահ Կարեն Աղամյանի՝ ՀՀ պետական քաղաքականությունն այնպիսին է, որ Նկարիչների միությունը երբեմն շփոթում են խաղատան կամ շոգեբաղնիքի հետ: Այսպես է բացատրում այն, որ միության 50 տարի վաղեմություն ունեցող շենքը «Լինսի» ծրագրերում տեղ չգտավ: Կ. Աղամյանը զարմացել է, որ շենքը վերանորոգելու իր նախաձեռնությունը լրատվամիջոցների կողմից «նենգափոխվում» եւ չարամտորեն է ներկայացվում հանրությանը, այն դեպքում, երբ «առաջին անգամ նման շահեկան առաջարկ է եղել»: Այն, որ ցուցասրահները բարոյապես մաշված են՝ անվիճելի է. «Այդ ուղղությամբ շատ ճանապարհներ ենք փնտրել, մինչեւ անգամ մտածում էինք` «Լինսի» շրջանակներում մշակութային օջախների վերակառուցման ժամանակ այս շենքը եւս կնկատեն, բայց պարզվեց, որ հասարակական կազմակերպությանը «Լինսի» հիմնադրամը չի ֆինանսավորում: Մնացինք կոտրած տաշտակի մեջ»,- նշում է միության նախագահը: Քիչ անց, Կ. Աղամյանը, շփվելով շենքի ետնամասում շինարարություն իրականացնողների հետ, պարզել է, որ նրանց հետաքրքրում է նկարիչների շենքը: Այդ ժամանակ էլ հենց միությանն առաջարկ է արվել` վերանորոգել եւ երկու հարկ ավելացնել: Միության շենքի ցուցասրահների բարձրությունը եւ արտաքին տեսքը վաղուց արդեն անբարեկարգ էին: Ըստ Կ. Աղամյանի՝ հատակը խարխլված էր, օդափոխության, լուսավորության խնդիր կար, ստենդները ջարդուխուրդ եղած էին. «Այսպիսի առաջարկ եղավ՝ մենք ձեր շենքի վերնամասում 2 հարկ ավելացնենք, եւ ձեր տարածքն ամբողջովին վերանորոգենք: 2004 թվից մենք այս հարցը միության քարտուղարության նիստում քննարկում ենք, պատասխանատու քայլ էր, եւ ինքնուրույն որոշելու իրավունք չունեի»,- ասում է նա: Արդյունքում «Ռենգեմա» շինարարական կազմակերպության հետ Նկարիչների միությունը համաձայնության է գալիս հիմնանորոգել 1000 քմ մակերեսով երկհարկանի շենքը, փոխարենը, միության ցուցասրահների բարձրությունն իջեցնելու հաշվին, «Ռենգեմա» ընկերությունը 2 հարկ եւս կկառուցի, որոնք կօգտագործվեն որպես գրասենյակներ: Ընկերությունը կոնստրուկտիվ կվերափոխի ցուցասրահային մասնաշենքը, կհագեցնի շարժական վահանակներով եւ լուսային տեխնիկայով: Ի դեպ, պրն Աղամյանի հավաստմամբ՝ վերջնարդյունքում ընդլայնվելու է Նկարիչների միության շենքի տարածքը: Մեր հարցին, թե արդյո՞ք միության բոլոր անդամները համախոհ են այս նախագծի իրագործման հարցում, Կ. Աղամյանը պատասխանեց. «Կա ընտրված քարտուղարություն, վարչություն, ովքեր պատասխանատու են այս ամենի համար, եւ ամեն բան արվում է ոչ թե միության նախագահի, այլեւ Նկարիչների միության կողմից»: Հետաքրքիր է, սակայն, որ քաղաքապետարանից որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում այս գործընթացին: Կ. Աղամյանն այս հանգամանքը պատճառաբանեց հետեւյալ կերպ. «Եթե տանդ մեջ գործ եք անում՝ սկզբում ընտանիքում եք քննարկում եւ որոշում, որից հետո հասնում եք քաղաքապետարան»: Միության անդամների՝ քաղաքապետարանի հետ շփումը սահմանափակվել է մասնագետներ հրավիրելով, որոնց եզրակացությունը ՆՄ-ի անդամներին ապշեցրել է, որովհետեւ մասնագետների եզրակացության համաձայն՝ շենքի սեյսմիկ կայունությունը վտանգված է: Մասնագետների փաստաթղթերին հետեւելով` պրն Աղամյանը վստահեցնում է, որ շենքի վիճակը գնահատելով` իրենք արդեն երկրորդ հարկում չպետք է նստեն, քանի որ վտանգավոր է: Վարչական շենքն, ըստ Կ. Աղամյանի՝ քարից է, իսկ ցուցասրահների մասնաշենքը` բետոնե, սյուներն անկայուն են եւ արդեն անպիտան: Ցուցասրահները կառուցված էին տոտալիտար ժամանակաշրջանի չափերի համար, որտեղ պետք է տեղադրվեին 10 մետրանոց նկարներ. «Անիմաստ բարձրություն է, որը չէինք կարողանում նույնիսկ ջեռուցել: Այս տարի կկառուցվի ժամանակակից ցուցասրահներ, որի 700քմ մակերեսի փոխարեն կունենանք 1000քմ»,- վստահեցնում է Կ. Աղամյանը, նշելով, որ ցուցասրահների մակերեսը կավելանա բակի հողաշեն կառույցների մակերեսի հաշվին: Դահլիճի մուտքը նախկինի պես լինելու է գլխավոր մուտքից, իսկ «Ռենգեմայի» գրասենյակների մուտքը՝ շենքի ետնամասից: Շենքում լինելու են նաեւ վերելակներ. «Մենք իրար հետ չենք խաչվելու»: Այսպիսով, ՆՄ-ն կունենա 4 մետր, 60սմ բարձրությամբ դահլիճ, գրաֆիկական աշխատանքների համար հարմարավետ դահլիճներ, իսկ վերեւում` եւս երկու հարկ, որոնք կօգտագործվեն «Ռենգեմա» ընկերության կողմից: Կ. Աղամյանը, որքան էլ զարմանալի է, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ովքեր են ընկերության ղեկավարները: «Ռենգեմա» ընկերության մասին տեղեկատվություն հայթայթելու ուղղությամբ մեր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ ընկերությունն անգամ Սփյուռում գրանցված չէ. «Ես ունեմ «Ռենգեմա» ֆիրմայի կնքած ստորագրությունը: Դա ֆիրմա է, մարդ չէ, ես մարդու հետ գործ չունեմ, ֆիրմայի հետ ունեմ: Եթե հետագայում ես միության նախագահ չլինեմ, ապա միությունը հանդիսանում է պայմանագրի մի կողմը, եւ բոլոր իրավունքները միությանն են պատկանում»,- ասաց Կ. Աղամյանը: Միությունն, ըստ նախագահի, այս գործարքում շահեկան վիճակում է, որովհետեւ, եթե աշխատանքի որակն իրենց չբավարարի, կարող են 2 հարկի սեփականության իրավունքը չտալ «Ռենգեմային», մինչեւ իրենց պահանջները չբավարարեն:
Հիշեցնենք, որ միության 10.000քմ-ից ավելի հսկայական տարածքն էլ ՆՄ-ի նախկին ղեկավարությունն էր վաճառել «Մելլաթ» բանկին, որը, սակայն, ներկայումս աղբանոց է դարձել: