Վերջին շրջանում հարեւան ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներում ավելի հաճախակի են սկսել հնչել Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին հայտարարությունները:
Բնականաբար, այդ ռազմատենչ հայտարարությունները Ղարաբաղի հասարակության շրջանում տարբեր կերպ են ընդունվում: Մենք փորձեցինք փոքրիկ հարցման միջոցով պարզել, թե ինչ են մտածում այս ուղղությամբ բնակիչները:
Կարեն Գրիգորյան, ուսանող– Իսկ ե՞րբ չեն եղել նման հայտարարությունները: Դա ինձ համար, անկեղծ ասած, սովորական երեւույթ է, քանի որ մենք մեկ-մեկ դիտում ենք նաեւ ադրբեջանական հեռուստաալիքներ, որոնց հաղորդումներում նրանք Ղարաբաղը գրավելու մասին նույնիսկ երգեր են երգում, էլ չեմ ասում, որ համարյա ամեն օր հայտարարում են, որ պետք է, ասենք, Շուշին վերցնեն եւ այլն:
Արեւ Ավագյան, զոհված ազատամարտիկի մայր– Ես չեմ հասկանում այդ բարբարոսներին: Մի՞թե պատերազմ սկսելու մասին են խոսում այն մայրերը, որոնք որդիներ են կորցրել Արցախյան պատերազմի ժամանակ, մի՞թե սպիացել են մեր վերքերը: Կարծում եմ, եւ այստեղ, եւ Ադրբեջանում հասարակ քաղաքացիները չեն ցանկանա մեկ անգամ եւս իրենց կաշվի վրա զգալ այդ դաժան ու տխուր օրերը:
Արամ Սարգսյան, իրավաբան– Չեմ կարծում, որ որեւէ կողմ պատերազմ սկսի, դա շատ անիմաստ քայլ կլինի, քանի որ փորձը ցույց է տալիս, որ պատերազմով հարց չի լուծվում: Հարցերը պետք է քննարկել ու լուծումներ գտնել բանակցությունների սեղանի շուրջ:
Արմեն Ավանեսյան, Արցախյան պատերազմի վետերան– Կարծում եմ, վերջ պիտի տանք Ադրբեջանի կողմից հնչեցվող ամեն մի հայտարարությանն արձագանքելուն: Մենք հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում եւ կայացրել ենք մեր անկախ լինելու որոշումը: Այժմ ժամանակն է մտածել մեր պետության զարգացման ու բարգավաճման ուղղությամբ:
Գուրգեն Բարսեղյան, թոշակառու– Ինձ համար զարմանալի ոչինչ չկա նրա մեջ, որ ադրբեջանցիներն անընդհատ խոսում են հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին, որովհետեւ նրանք միշտ էլ հայերի հանդեպ թշնամաբար էին տրամադրված, թեկուզ խորհրդային տարիներին, երբ ապրում ու ընկերություն էինք անում միասին: Իսկ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հնարավորության մասին, կարծում եմ, չպիտի մոռանալ ոչ մի պահ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ նրանց մեջ թշնամանքը դեռ չի վերացել, դա պարզ երեւում է նաեւ ադրբեջանական տարբեր հեռուստաալիքների եթերներում: Մենք պետք է միշտ զգոն ու պատրաստ լինենք` դիմադրելու ամեն մի անսպասելի քայլի:
Աիդա Սարգսյան, փախստական– Կարծում եմ, որ ոչ մի կին կամ մայր չի ուզում, որ պատերազմ լինի: 1989-ին մեր ընտանիքը բռնի տեղահանվել է Բաքվից, եւ մենք տեղափոխվել ենք Ստեփանակերտ: Իմ որդին մյուս քաջարի տղաների հետ պայքարել է հայրենիքի պաշտպանության համար եւ այդ սրբազան հողի համար զոհել իր կյանքը: Այժմ, այստեղ ապրելով, փորձում ենք շարունակել մեր հերոսների կիսատ թողած գործը եւ պատրաստ ենք մնալ այս հողում մինչեւ մեր մահը, անկախ այն բանից, թե Ադրբեջանն այսօր ինչ կերպով է ուզում վախեցնել մեզ: Բայց չէ՞ որ հայրենիքը կորցնելու վտանգից է ծնվում նաեւ այն պաշտպանելու ուժն ու կամքը:
Իմ կարծիքով, պետք չէ այդքան շատ ուշադրություն դարձնել ադրբեջանցիների ասածներին, այլ անհրաժեշտ է շարունակել ապրել ու արարել: