Վերջիններս ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած «Արմատ» հասարակական կազմակերպությունում ամեն շաբաթ հավաքվում են՝ քննարկելու քաղաքական օրակարգում հայտնված այս կամ այն հրատապ հարցը: Հիմնականում այդ հանդիպումներին մասնակցում են «Արմատ» ՀԿ-ի անդամներն ու, այսպես կոչված, ՀՀՇ-ածին կուսակցությունների ներկայացուցիչները: Օրինակ` Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական Հայրենիքը», Միքայել Հայրապետյանի «Պահպանողական կուսակցությունը»: Մի քանի հանդիպման մասնակցել է նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը. «Հանրապետությունից» այդ հանդիպումներին ներկա է գտնվել քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:
Շատերի գնահատմամբ, քաղաքական այդ հանդիպումների նպատակը մեկն է՝ «Արմատ»-ականները փորձում են առաջիկայում համախմբել լիբերալ գաղափարախոսության կրողներին՝ այսկերպ ձեւավորելով հստակ գաղափարական ուղղվածություն ունեցող նոր ֆորմատ: Սակայն, շատերի կարծիքով, «Արմատի» այս նախաձեռնությունն ի սկզբանե դատապարտված է եւ որեւէ հաջողության չի հասնի: Բանն այն է, որ նախկինում էլ եղել են այդպիսի ֆորմատի ստեղծման մի քանի փորձեր: Սակայն դրանք ձախողվել են նախաձեռնողների անձնական ամբիցիաների պատճառով:
«Արմատում» առայժմ գերադասում են այդ հանդիպումների ու քննարկումների մասին հրապարակավ մեկնաբանություններ չանել, քանի որ, ինչպես իրենք ասացին, այնտեղ դեռեւս որեւէ լուրջ բան չկա: Եվ, ըստ նրանց, դրանք ընդամենը սովորական հանդիպումներ են եւ նմանատիպ քննարկումներ նույն հաջողությամբ կազմակերպվում են նաեւ մյուս քաղաքական կուսակցություններում ու քաղաքականացված հասարակական կազմակերպություններում: «Դրանցում որեւէ ենթատեքստ չկա»,- փոխանցեցին «Արմատից»` ամենայն հավանականությամբ վախենալով, որ այս նախաձեռնությունը եւս կարժանանա իր նախորդների ճակատագրին:
Թերեւս այն, որ ՀՀ քաղաքական դաշտում, մանավանդ` 2007թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին, պետք են հստակ գաղափարախոսություն կրող ֆորմատներ, անվիճելի փաստ է: Ի վերջո, մեզանում ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր դաշտը գաղափարապես լղոզված վիճակում է: Եվ ընդդիմության՝ հաջողության չհասնելու պատճառներից մեկն էլ հենց այդ գաղափարական լղոզվածությունն է: Սակայն նույնքան կարեւոր է, թե մեզանում ովքեր են ձեւավորում այդ ֆորմատները: Բանն այն է, որ այդ հանդիպումներին, հետեւաբար եւ` ֆորմատի ձեւավորմանը չի մասնակցում Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը, ավելի կոնկրետ, ՀՀՇ վարչության այն անդամները, ովքեր «Արմատ» կազմակերպության անդամ չեն: Ավելին, այն փաստը, որ ՀՀՇ-ի «արմատական» եւ «ոչ արմատական» թեւերի ջրերը նույն առվով չեն հոսում՝ շատերին է հայտնի: Սա ավելի ակնառու երեւաց ՀՀՇ վերջին համագումարի ժամանակ, երբ «Արմատի» անդամ ՀՀՇ-ականները (նրանց թվում` Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը), ընդհանրապես հարկ չհամարեցին մասնակցել ՀՀՇ համագումարին: Համագումարի եկան միայն «Արմատի» անդամ մի քանի ՀՀՇ-ականներ՝ Աշոտ Սարգսյանը, Երջանիկ Աբգարյանը (ի դեպ, այդ համագումարի ժամանակ նրանք եւս ընտրվել են ՀՀՇ վարչության կազմում):
Ինչեւէ, երեկ փորձեցինք պարզել, թե այս հանգամանքն ինչպես են մեկնաբանում ՀՀՇ-ում: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի խոսքերով` «ՀՀՇ առանձին անդամներ մասնակցում են, բայց ՀՀՇ կուսակցությունը պաշտոնապես այդ ֆորմատում ներկայացված չէ»: Պարոն Զուրաբյանի խոսքերով, տեղին չէ, որ քաղաքական քննարկումներն ու քաղաքական ֆորմատների ձեւավորումը տեղի է ունենում հասարակական կազմակերպությունում: «Արմատը» հասարակական կազմակերպություն է, որտեղ քաղաքական քննարկումները, կարծում եմ, տեղին չեն: Կուսակցությունն իր ներսում ցանկացած հարցի շուրջ քննարկում իրականացնում է եւ որեւէ այլ ֆորմատում մասնակցելու կարիք չի տեսնում: Մենք կուսակցություն ենք, լիբերալ գաղափարներ կրող կուսակցություն»,- փոխանցեց ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, թե այդ ամենի մեջ հարկավոր չէ ինչ-ինչ հակասություններ փնտրել: Իսկ մեկ այլ ՀՀՇ-ական էլ, որ խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում ասաց, որ եթե «Արմատ»-ականներն ուզում էին ինչ-որ ֆորմատ ստեղծել, թող ստեղծեին ժամանակին, երբ դրա կարիքը կա: Իսկ ինչ վերաբերում է նրանց ներկայիս հանդիպումներին ու քննարկումներին, որոնք, չգիտես ինչու, հասարակությունից գաղտնի են պահում, մեր զրուցակիցն ասաց. «Դե, քննարկում է, էլի, թող անեն: Թող Բաբիկն ու մյուսներն իրար հետ նստեն՝ ինչ ուզում է խոսեն, ֆորմատներ սարքեն: Սարքող էին, թող մինչեւ էդ սարքեին»:
Ի դեպ, այս քննարկումներին ամեն անգամ պարտաճանաչորեն լուրջ դեմքերով մասնակցում են տարբեր պաշտոններ ստանձնած բազմաթիվ նախկին իշխանության ներկայացուցիչներ: Նրանց մեջ կան նաեւ լրագրողներ, որոնք փորձում են առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել ու համալրել այն «կոճակ» սեղմողների բանակը, որոնց այսօր քննադատում են: Մի խոսքով՝ «Արմատն» այս օրերին դարձել է վաղուց ի վեր պարապ մնացած մարդկանց հավաքատեղի, որտեղից ինֆորմացիա ստանալը նույնն է, ինչ Դաշնակցական բյուրոյի փակ նիստերից տեղեկատվություն ստանալը: Հուսով ենք, Բաբկեն Արարքցյանը, որն, ըստ «Արմատ»-ականների, միակն է, ով կարող է այդ քննարկումների մասին ինֆորմացիա տրամադրել, տեղյակ է, թե մինչ իրենց որ քաղաքական ուժերին էր բնորոշ նման «չբացահայտված» գործելակերպը: