Կոնֆերանսի նպատակների, շոշափվող հարցերի մասին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ մեր թերթի այս համարի մեկ այլ հրապարակման մեջ։ Ինչպես միշտ, միջոցառումներին շուք հաղորդելու համար բացման խոսքում հերթապահ ելույթներով հանդես եկան մի քանի պետական պաշտոնյաներ։ Եվ ինչպես միշտ, նրանք ներկաներին հավատացրին, որ Հայաստանում ամեն ինչ փայլուն է։
Օրինակ, Պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ՀՀ հարկային համակարգն ունի ազատական բնույթ։ Քանի որ խոսքը գնում էր արտաքին առեւտրի մասին, նշվեց, որ արտահանման ժամանակ հանրապետության ներսում վճարված անուղղակի հարկերն ամբողջությամբ վերադարձվում են։ Ըստ պրն Միրումյանի, այս առումով զգալի տեղաշարժեր կան։ Եթե 2003թ. պետբյուջեից վերադարձված գումարների չափը կազմել է 3,5 մլրդ դրամ, ապա 2004 եւ 2005թթ. այդ ցուցանիշը կազմել է, համապատասխանաբար, 10,5 եւ 16 մլրդ դրամ։ Մինչդեռ մասնագետների կարծիքով, գումարների վերադարձման մեխանիզմն այնպիսին է, որ գործարարը հանդիպում է բյուրոկրատական պատնեշի։ Այս ոլորտի հետ առնչվող մարդիկ պնդում են, որ հարկերը ետ ստանալու համար գործարարներն այդ գումարի 20 տոկոսի չափով կաշառք են տալիս։
Պակաս հետաքրքիր չէր նաեւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքը։ Ըստ ծրագրի, նա պետք է խոսեր ՀՀ վճարային հաշվեկշռի, ներմուծման եւ արտահանման կառուցվածքի եւ խնդիրների մասին։ Արտաքին առեւտրի կառուցվածքի մասին պրն փոխնախարարը խոսեց միայն այն բանից հետո, երբ նրան այդ մասին հարցրին։ Իսկ խնդիրների մասին նա պարզապես «մոռացավ»։ Ընդհանրապես, զեկույցից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մենք ապրում ենք ոչ թե Հայաստանում, այլ Գերմանիայում։ Զարմանալի չէր լինի, եթե ներկաներից մեկը հարցներ՝ իսկ ե՞րբ ենք անդամակցելու մեծ ութնյակին։ «Մենք պետք է զարկ տանք արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերին,- ասում է պրն Դավթյանը եւ ավելացնում,- ստեղծված են պայմաններ արտահանման խթանման համար»։
Իհարկե, խոսք գնաց նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին։ «Դա հավաստեց, որ Հայաստանն ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող առեւտրատնտեսական համակարգ», – համոզված է Տ. Դավթյանը։
Իսկ իրականում ի՞նչ է շահել Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցության 3 տարիների ընթացքում։ Լուրջ ուսումնասիրություններ այս ուղղությամբ կատարված չեն, իսկ փոխնախարարի մեկնաբանությունը շատ ընդհանուր բնույթ է կրում. «Մենք դուրս եկանք երկկողմ հարաբերությունների դաշտից եւ մտանք բազմակողմ հարաբերությունների դաշտ»։ Հիմա հասկացա՞ք՝ ինչ ենք շահել։ Երեւի մի օր էլ կհասկանանք, թե ինչու է ԱՀԿ անդամ երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակ, ինչը հակասում է այդ կազմակերպության կանոնադրությանը։
Մի խոսքով, մենք խնդիրներ չունենք, ամեն ինչ լավ է։ Միակ հարցն այն է, թե ո՞ւմ են ուզում համոզել մեր պաշտոնյաները՝ մե՞զ, թե՞ դահլիճում գտնվող օտարերկրացիներին։ Հա, մեկ էլ մտածում ես, եթե մե՛ր ներկայությամբ այսպես են խոսում, հապա դրսում ինչե՜ր կխոսեն, ինչպե՜ս կգովեն։ Դա էլ է շնորհք…