Գտնվել է մեկ համախոհ

02/04/2006

ԿԲ-ն նպատակ ունի հրապարակել նորմատիվները խախտող բանկերի անունները: Հիշեցնենք ԿԲ նախագահի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ բանկերը չհամաձայնեն, ապա ԿԲ-ն կդիմի լրատվամիջոցների օգնությանը: Մեզ հետ զրույցում «Յունիբանկ»-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը նշեց, որ սահմանված նորմատիվները խախտող բանկերի անվանումների հրապարակումը հասարակության համար թափանցիկ կդարձնի դրանց աշխատանքը: «Այս գործընթացը մի նպատակ ունի` բարձրացնել բանկերի նկատմամբ բնակչության վստահությունը: Ներկայումս դրամական միջոցների մի զգալի հատված շրջանառվում է ՀՀ բանկային համակարգից դուրս, իսկ բանկերի նկատմամբ վստահության բարձրացման արդյունքում այդ միջոցները կբերվեն բանկային համակարգ: Ռեսուրսների առկայությունը հնարավորություն կտա բանկերին ավելացնել իրենց վարկային ներդրումների ծավալները, ինչը, իր հերթին, կնպաստի տնտեսության զարգացմանը»,- ասում է «Յունիբանկ»-ի նախագահը: Վ. Աթայանի կարծիքով, ԿԲ այդ որոշումը բնակչության համար կարող է ուղենիշ հանդիսանալ, թե որ բանկում սպասարկվեն եւ պահեն իրենց խնայողությունները: Միաժամանակ նա հույս հայտնեց, թե մեկ բանկի վարկանիշի անկումը չի հանգեցնի ողջ բանկային համակարգի հանդեպ բնակչության վստահության նվազմանը: Այս գործընթացում Վ. Աթայանը հատկապես կարեւորեց լրատվամիջոցների ճիշտ աշխատանքը: