Հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Վ. Օսկանյանն այլեւս այն համոզմանը չէ, թե Հայաստանը շրջափակման այսօրվա պայմաններում դեռ մի 100 տարի էլ կշարունակի զարգանալ «կովկասյան վագրի» ոստյուններով: Բացի այդ, հարցազրույցում Վ. Օսկանյանը հայտնում է մտքեր, որոնք հավանաբար քննադատության կարժանանան տարատեսակ «ազգային-ազատագրական» ուժերի կողմից: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նկատի ունենալով, որ ՀՀ այսօրվա Սահմանադրությունը չի արգելում երկքաղաքացիությունը, ի՞նչ կպատահի, եթե հայկական սփյուռքը սկսի ավելի մեծ ազդեցություն ունենալ հայաստանյան քաղաքական կյանքի վրա, ՀՀ արտգործնախարարն ասել է, թե դա ՀՀ ներքին հարց է, սակայն, ըստ նրա, պարզ է, որ «Հայաստանում, ինչպես ցանկացած այլ ինքնավար հանրապետությունում, քաղաքական կյանքը պետք է ղեկավարվի Հայաստանում բնակվող մարդկանց կողմից»: Իսկ ի պատասխան լրագրողի այն դիտարկման, թե ոմանց կարծիքով հայ-թուրքական հարաբերություններն առավել սերտ կլինեն հայկական սփյուռքի բացակայության պայմաններում, Վ. Օսկանյանը նախ նշում է, թե սփյուռքն այս տեսքով գոյություն չէր ունենա, եթե տեղի չունենային 1915 թվականի իրադարձությունները, եւ ապա ավելացնում, թե եւ՛ Հայաստանը, եւ՛ սփյուռքը ձգտում են այդ դեպքերի ճանաչմանն ու դատապարտմանը: Ավելին, Վ. Օսկանյանի պնդմամբ` փակ սահմանները եւ հարաբերությունների բացակայությունն ավելի են սրում եւ խորացնում այն անդունդը, որն այսօր գոյություն ունի երկու երկրների միջեւ: «Սփյուռքը Հայաստանի համար ցանկանում է լավագույնը, իսկ Հայաստանի համար լավագույնը հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալն է»,- «Հյուրիեթին» տված հարցազրույցում ասել է Վ. Օսկանյանը: Իսկ վերջինիս ուղղված լրագրողի այն հարցին, թե ունե՞ք իրատեսական առաջարկներ թուրք ժողովրդին` տարածաշրջանային խաղաղության եւ վստահության համար, արտգործնախարար Օսկանյանը պատասխանել է, թե խաղաղություն եւ կայունություն կարող են գոյություն ունենալ, եթե կան նորմալ հարաբերություններ եւ երկխոսություն: Արտգործնախարարի խոսքերով` ՀՀ նախագահն ասել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկը` ստեղծել պատմական հանձնաժողով, կարող է ավելի լայն միջկառավարական երկխոսության մաս դառնալ, որը տեղի կունենա նորմալ պայմաններում` դիվանագիտական հարաբերությունների եւ բաց սահմանների առկայության դեպքում: «Եվրամիությունն ասել է, որ Թուրքիան, ինչպես աշխարհի յուրաքանչյուր այլ նորմալ երկիր, պետք է ունենա նորմալ հարաբերություններ իր բոլոր հարեւանների հետ, նույնիսկ նրանց հետ, ում հետ անհամաձայնություններ ունի: Թուրքիան ունի որոշ լուրջ անհամաձայնություններ գրեթե բոլոր հարեւանների հետ, սակայն նրանց բոլորի հետ ունի հարաբերություններ: Ինչո՞ւ է շարունակում ձեւացնել, որ Հայաստանը եւ հայերը սահմանակից չեն»,- հարցնում է Օսկանյանը` միաժամանակ ավելացնելով, թե Թուրքիան, որպես տարածաշրջանի ամենահզոր ուժը, պարտավոր է նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ, ոչ թե այն պատճառով, որ Եվրամիությունը պահանջում է, այլ` որովհետեւ այդպես լավ է իր քաղաքացիների եւ տարածաշրջանի համար: «Քաղաքական իրողություն է, որ Թուրքիան եւ Հայաստանն այսօր գոյություն ունեն միջազգային հանրության մեջ` իրենց այսօրվա սահմաններով: Քաղաքական իրողություն է, որ մենք հարեւաններ ենք եւ ապրելու ենք իրար հետ կողք կողքի: Քաղաքական իրողություն է, որ Հայաստանը Թուրքիայի անվտանգության համար վտանգ չի ներկայացնում: Եվ վերջապես, քաղաքական իրողություն է, որ հենց այսօրվա Հայաստանն է, որ կոչ է անում այսօրվա Թուրքիային` հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սա է մեր առաջարկը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համար»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: Վերջինս նաեւ նշել է, թե քանի որ եվրոպական անվտանգությունը, տարածաշրջանային տնտեսական զարգացումը կշահի Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգծի գործարկումից, որն այժմ փակ է, Հայաստանը համաձայն է չօգտագործել կամ չօգտվել այդ երկաթգծից, միայն թե այն վերագործարկվի: Օսկանյանի խոսքերով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երրորդ երկրների միջոցով կա 120 մլն դոլարի ապրանքաշրջանառություն: «Պատկերացրեք, եթե լիներ անմիջական առեւտուր: Պատկերացրեք այն շահույթը, որ կստանային Թուրքիայի արեւելյան նահանգներն ու քաղաքները: Մենք պետք է կարողանանք պատկերացնել նորմալ բարիդրացիական համակեցությունը»,- ասել է Վ. Օսկանյանը: Անդրադառնալով 1915-ի դեպքերի վերաբերյալ Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող քննարկումներին` Վ. Օսկանյանը հույս է հայտնել, որ արտահայտվելուն եւ խոսելուն Թուրքիայում ավելի մեծ ազատություն կտրվի, որի արդյունքում թուրք ժողովուրդը կիմանա 1915 թվականի դեպքերի մասին, կմերժի ու կդատապարտի դրանք` իրենց բնույթի համար: «Այսօրվա թուրքերն իրենց նախնիների մեղքը չեն կրում, եթե միայն չընտրեն նրանց պաշտպանելու եւ նրանց հետ նույնացվելու ուղին: Հայերն ունակ են տարբերել նախնիներին այսօրվա Թուրքիայից»,- վերոնշյալ հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարարը: