Գիտությունների Ազգային ակադեմիայում երեկ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված կլոր սեղան, որին մասնակցում էին, այսպես կոչված, «դորտմունդյան կոնֆերանսի» համանախագահներ Հարոլդ Սոնդերսը, ով ժամանակին եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ եւ Քեմպդեյվիդի համաձայնագրի համահեղինակներից մեկը եւ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը: Դորտմունդյան կոնֆերանսը ձեւավորվել է մոտ 30 տարի առաջ եւ փորձում է երկխոսություն կազմակերպել հակամարտող կողմերի միջեւ: Կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված կայացել են ինը հանդիպումներ, որոնց ընթացքում, ըստ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի, ով մասնակցել է այդ հանդիպումներին, հաջողվել է ձեւավորել մի փաստաթուղթ, որը կոչվում է «Խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագիր»: Վերոնշյալ հանդիպումներն Ա. Սարգսյանի փոխանցմամբ` ընթացել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, ընդ որում՝ բոլոր երեք կողմերն էլ որպես կողմ ունեցել են հավասար կարգավիճակ: «Երբ մենք 5 տարի առաջ սկսեցինք այս երկխոսությունը, սկզբունքորեն ոչ մի հարցի շուրջ համաձայնություն չէր կայանում, եւ շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ սկսեն խոսել իրար հետ եւ ոչ թե իրար դեմ»,- իր խոսքում նշեց Հ. Սոնդերսը: Ըստ նրա, իրենց խնդիրն է` հասարակություններին պատրաստել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Սոնդերսի խոսքերով` թեեւ ստորագրված «Խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագիրը» կողմերին լուծում չի առաջարկում, սակայն ներկայացնում է համաձայնեցված սկզբունքներ: Սոնդերսի փոխանցմամբ` առաջարկվում է ԼՂ հարցի լուծման փուլային եւ փաթեթային տարբերակների միջեւ միջանկյալ լուծման սկզբունք, որի նպատակն է` սկզբնական փուլերում ոչ այնքան բարդ հարցերի շուրջ համաձայնության գալը: Իսկ Վ. Նաումկինի խոսքերով` իրենց գործունեության արդյունքում լեգիտիմացվում է ԼՂ կարգավիճակը. կողմերը ԼՂ-ն բանակցային կողմ են ճանաչում: Իսկ կլոր սեղանի մասնակից, «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը, դիմելով դորտմունդյան կոնֆերանսի համանախագահներին, հայտարարեց, թե հայկական կողմի խաղաղ ապրելու ձգտումը չպետք է շահագործվի միջազգային հանրության կողմից: «Միջազգային հանրությունը պետք է տուրք չտա ադրբեջանցիների ցանկությանը` խնդիրն իրենց օգտին լուծել: Խաղաղության հաստատման պահը դեռ չի եկել: Հայաստանում կա «դրական» խաղաղություն, Ղարաբաղում կա «դրական» խաղաղություն, իսկ Ադրբեջանը խոսում է պատերազմի լեզվով, անում է պատերազմի ու բռնության կոչեր ամենաբարձր ատյաններից»,- նշեց Լ. Հարությունյանն` ավելացնելով, թե այդ պարագայում միջազգային հանրությունը ձգտում է մաքսիմալ զիջումներ կորզել հայկական կողմից: Սակայն Վ. Նաումկինը չհամաձայնեց տիկին Հարությունյանի հետ` նշելով, թե ստորագրված համաձայնագրի դեմ ավելի շատ առարկություններ պետք է ունենար Ադրբեջանը, եւ իրոք վերջինս մեծ դժվարությամբ է համաձայնել ստորագրել այն:
Դորտմունդյան կոնֆերանսի բանակցություններում հայկական կողմի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այս համաձայնագրի առավելություն է համարում այն, որ ԼՂ-ն այս ֆորմատում բանակցային կողմ է, իսկ ժամանակավոր կարգավիճակն էլ այն է, որ եթե բանակցությունների արդյունքում կողմերը` ներառյալ Ղարաբաղը, համաձայնություն են ստորագրում, ապա ԼՂ-ի «ժամանակավոր» կարգավիճակը վերանում է, եւ ԼՂ-ն դառնում է բանակցությունների լիարժեք կողմ: Դե, իսկ եթե ԼՂ-ն չի ստորագրի այն, ապա կարելի է համարել, թե բանակցություններ տեղի չեն ունեցել: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ «հավասարաչափ զիջումներ անելու մասին»: Օրինակ, եթե Շահումյանի եւ Ադրբեջանի կողմից օկուպացված մյուս տարածքների մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում չի խոսվում, ապա այստեղ այդպես չէ. եթե հայկական կողմը տարածք է զիջում, ապա ադրբեջանական կողմը եւս պետք է համարժեք զիջման գնա: