Պատերազմն անխուսափելի չէ

02/04/2006

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. դրա մասին վկայում է պարբերական տեղեկատվությունն այն մասին, որ տարածաշրջանում մարդիկ են զոհվում»,- Վաշինգտոնում հայտարարել է տիկին Ֆրեյզերը: Ըստ նրա՝ «Ռամբույեի չավարտված բանակցություններից հետո», միայն փետրվար ամսին` հրադադարի խախտման հետեւանքով տարածաշրջանում մահացել է 19 մարդ, որոնցից 8-ը շարքային քաղաքացիներ են: Իսկ 2005 թվականի ընթացքում տարածաշրջանում զոհվել է 90 մարդ: Սաբինա Ֆրեյզերի կարծիքով, ռազմական գործողությունների վերսկսումը թեեւ «անխուսափելի չի հանդիսանում», բայց կարող է մեկնարկել շփման գծում առկա «լարվածության» պատճառով:

Սաբինա Ֆրեյզերը նաեւ նշել է, որ հայերի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքից դուրս գտնվող բնակավայրերն «ավերված են եւ էական վերականգնման պահանջ կա»: «Հակամարտության շրջանը հատկապես զգայուն է, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը»,- ասել է ՄՃԽ ղեկավարը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հակամարտության մեջ կարող է ներքաշել նաեւ Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին եւ Թուրքիային: «Սա մի հակամարտություն է, որ գլոբալ աղետի վերածվելու մեծ ներուժ ունի»,- հայտարարել է նա:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա, Ս. Ֆրեյզերի կարծիքով. «Փոխզիջումը տարածաշրջանում ընկալվում է որպես բացասական երեւույթ: Որեւէ մեկն առայժմ չի համարձակվում բարձրաձայնել, որ այն անհրաժեշտ է երկու կողմերին էլ: Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ռազմական բյուջեի վրա: Վերջին տարիների ընթացքում այն հնգապատկվել է եւ ձգտում է հավասարվել Հայաստանի ընդհանուր բյուջեին: Այնպես որ, ադրբեջանցիները ոչ միայն ներքին լսարանին ուղղված ռազմաշունչ հայտարարություններ են անում, այլեւ պատրաստվում են հարկ եղած դեպքում պատերազմական գործողությունների դիմել»: