Նկարում պատկերված մեքենան գերմանական արտադրության է՝ 7-րդ դասի BMW։ Այն համարվում է, այսպես կոչված, «Լյուքս» դասի մեքենա. թողարկման գինը 100 հազար ԱՄՆ դոլարից բարձր է։ Թե ինչ կապ ունի այն ստորեւ շարադրվելիք նյութի հետ, պարզ կդառնա վերջում: Թեեւ շատերն արդեն առաջին նախադասությունից կարող են գլխի ընկնել` ինչի մասին է խոսքը։
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը (գուցեեւ` ամենագլխավորը) եղել եւ մնում է կոռուպցիան։ Պաշտոնական տվյալներով` 2005 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների պատճառով մեր երկիրը կրել է մոտ 3,5 մլրդ դրամի վնաս։
2003թ. Հայաստանն ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր, ստեղծվեց հանձնաժողով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ։ 2004թ. ապրիլին ՀՀ Գլխավոր դատախազությունում ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի բաժին։ Իսկ ավելի վաղ՝ 2004թ. հունվարին, մեր երկիրը միացավ Եվրախորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբին՝ ԳՐԵԿՈ-ին։
Այս խմբի մասնագետները մոնիտորինգի եղանակով գնահատում են անդամակցող երկրի կոռուպցիոն ռիսկերը եւ անում համապատասխան առաջարկություններ։ Գնահատումը կատարվում է 2 փուլով։ Առաջինում գնահատվող պետությունը պատասխանում է ԳՐԵԿՈ-ի պատրաստած հարցաշարերին, որից հետո փորձագետների խումբը տեղում ուսումնասիրում է օրենսդրությունը, դրա գործողության արդյունավետությունը եւ այլն։ Հայաստանն արդեն անցել է այս երկու փուլերը։ 2006թ. մարտի 6-10-ը տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում ներկայացվեց Հայաստանի մասին զեկույցը։ Երեկ այդ զեկույցը լրագրողներին ներկայացրին ԳՐԵԿՈ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանը եւ ՀՀ նախագահի խորհրդական, կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատու Բագրատ Եսայանը։
Անկեղծ ասած՝ ոչ ոք լուրջ բացահայտումներ չէր սպասում: Ինչպես բազմիցս նշել ենք՝ մեր երկրի ցանկացած քաղաքացի այս հարցի վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ցանկացած փորձագետ։ Ինչեւէ, գնահատման երկու փուլերից հետո մեր երկրին ներկայացվել է 24 կետից բաղկացած երաշխավորությունների (առաջարկությունների) ցուցակ, որոնց ուղղությամբ պետք է քայլեր կատարվեն։
Առաջին իսկ կետն արդեն ծիծաղ է առաջացնում. «Հակակոռուպցիոն նախաձեռնություններն ու ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանություններն ուսումնասիրություններ կատարեն՝ կոռուպցիայի եւ դրա զանազան դրսեւորումների ավելի պարզ պատկերը ստանալու համար»։ Այսինքն, մեր իշխանությունները չգիտեն` ովքեր են կոռումպացված ու պիտի գտնեն… Ախր, նրանց մեծ մասը շատ հեշտությամբ, առանց ջանքեր գործադրելու կարող է հայտնաբերել հանրապետության ամենակոռումպացված դեմքերին՝ պարզապես առավոտյան հայելու մեջ նայելով։
Կան նաեւ առաջարկություններ՝ պետական պաշտոնյաների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, «որպեսզի նրանք հայտնեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում իրենց հայտնի դարձած կոռուպցիայի դեպքերի կամ դրանց կասկածների մասին»։ Այլ կերպ ասած՝ «գործ տալու» դասընթացներ, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածելի է։
Դժվար է հավատալ, որ մեր երկրում կաշխատի նաեւ «վկաների պաշտպանության ծրագիրը», որին մեր հայրենակիցները ծանոթ են հիմնականում ամերիկյան ֆիլմերից։
Առաջարկությունների մեծ մասը վերաբերում է օրենսդրության բարելավմանը։ Բանախոսներն էլ հիմնականում այդ մասին էին խոսում, ինչը բնականաբար հարց առաջացրեց՝ արդյո՞ք միայն օրենսդրության թերությունների պատճառով է կոռուպցիան ծաղկում։ Բագրատ Եսայանի կարծիքով, առանց համապատասխան օրենսդրության անիմաստ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրամիջոցներին վերաբերող զեկույցում, որը բուռն քննարկումների առարկա դարձավ, նույնպես խոսվում էր Հայաստանում առկա կոռուպցիայի մասին։ Այնտեղ մասնավորապես նշվում էր, որ այս երեւույթի դեմ պայքարի հիմնական խոչընդոտներից մեկը քաղաքական կամքի բացակայությունն է։ Նախագահի խորհրդականն այս պնդման հետ համաձայն չէ:
ԳՐԵԿՈ-ի խմբի մասնագետները նույնպես այն կարծիքին են, որ գործող օրենսդրությունը լիարժեք չի գործում. «Չնայած այն փաստին, որ արդեն ձեռնարկվել են հակակոռուպցիոն որոշ քայլեր, եւ մի քանիսն էլ պետք է ընդունվեն, համակարգում դեռ առկա են որոշ թերություններ՝ ինչպես օրենսդրության, այնպես էլ գոյություն ունեցող հակակոռուպցիոն օրենքների-ծրագրերի գործողության եւ դատաիրավական համակարգի կազմակերպվածության առումներով»։
Իսկ մերոնց խոսքերով, վերջին երկու տարում կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում լուրջ առաջընթաց կա։ Օրինակ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել է, որ 2005թ. ընթացքում բացահայտվել եւ քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 371 քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 18 դեպքով։ Այս մասին հիշատակեցին նաեւ երեկվա ասուլիսի մասնակիցները։ Այդ 371-ից 97-ը պաշտոնատար անձինք են, սակայն դրանց մեջ չկա ոչ մի բարձրաստիճան պետական պաշտոնյա։ Դա եւս չի վրիպել փորձագետների աչքից. «… Կոռուպցիայի լուրջ դեպքերի մեջ ներգրավված անձանց հայտնաբերման եւ դատապարտման արդյունքների մասին տվյալները գրեթե իսպառ բացակում են։ Այս ամենը հիմք են տալիս եզրակացնելու, որ հակակոռուպցիոն դաշտում լուրջ անելիքներ կան»։
Ռ. Քոչարյանի խորհրդական Բ. Եսայանը կարեւորեց նաեւ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրենսդրության անհրաժեշտությունը։ Ներկայումս այդպիսի օրենք կա պետական պաշտոնյաների համար։ Այն թեեւ հրապարակային է, սակայն որեւէ պաշտոնյայի ունեցվածքի եւ եկամուտների մասին տեղեկություններ ստանալը կապված է բյուրոկրատական մեծ քաշքշուկների հետ, որի պարագայում այդ օրենքի իմաստը գրեթե կորում է, քանի որ հասարակությունն այդպես էլ չի կարողանում իմանալ, թե որ պաշտոնյան ինչ սեփականություն ունի, կամ ունեցածի որ մասն է հայտարարագրել, որը՝ ոչ: Խորհրդականի կարծիքով, ֆիզիկական անձանց հետ կապված նման օրենքը կարեւոր է այնքանով, որ պետական պաշտոնյաներից շատերն ունեն «հայկական հնարամիտ մենթալիտետ. իրենց ունեցվածքը գրանցում են զոքանչների, աներների եւ այլ հարազատների անունով»։ Իսկ համապատասխան օրենքի դեպքում հենց այդ հարազատ-բարեկամներին ուղղված հարցեր կառաջանան, եւ խնդիրը կլուծվի։ Մի խոսքով՝ պրն Եսայանը լավատես է։
Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձված անձեռնմխելիության խնդրին։ Մասնավորապես նշվում է, որ անձեռնմխելիության իրավունքից օգտվում են ոչ միայն «պետական ապարատի արդարացված շրջանակի անդամներ», այլեւ դատավորները, դատախազները, պատգամավորության թեկնածուները, Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները եւ «անգամ համայնքի ավագանու թեկնածուները»։
«Փաստորեն, ընտրությունների շրջանում հանրապետությունում կան հազարավոր անձեռնմխելի անձինք, դա աբսուրդ է»,- նշեց Բագրատ Եսայանը։ Իհարկե, աբսուրդ է, սակայն աբսուրդանման է նաեւ այն, որ Բ. Եսայանն այդ մասին նոր է իմանում։ Այնպիսի տպավորություն է, կարծես այդ օրենքն ընդունել են ոչ թե մեր պատգամավորները, այլ այն ընդունվել է Զիմբաբվեում եւ հրամցվել մեր ժողովրդին։
Խոսք գնաց նաեւ պետական պաշտոնյաների ստացած նվիրատվությունների մասին։ Ըստ մեր օրենսդրության, պետական պաշտոնյան իրավունք ունի չհայտարարագրել այն նվերները, որոնց արժեքը չի գերազանցում նրա աշխատավարձի հնգապատիկը։ Սակայն չի նշվում, թե ինչ հաճախությամբ կարելի է նվերներ ընդունել։ Այսինքն, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան կարող է ընդունել 450 հազարանոց նվեր, օրը մի քանի անգամ, շաբաթը մի քանի օր, եւ այսպես շարունակ։ Պետք է վերանայվի նաեւ այս դրույթը, քանի որ այն անմիջական կապ ունի կաշառատվության ձեւակերպման հետ։ Թե չէ ներկայիս օրենքը թույլ է տալիս պետական պաշտոնյաներին` ուտել քիչ, բայց հաճախ։ Ի գիտություն նշենք, որ օրինակ Անգլիայի օրենսդրությամբ կաշառք է համարվում այն նվերը, ինչը հնարավոր չէ ուտել 24 ժամվա ընթացքում։
Հիմա վերադառնանք նկարում պատկերված մեքենային։ Այդպիսի մեքենա վարում է ՀՀ Մաքսային պետական ծառայության պետը։ Ավելի հետաքրքիր է ՀՀ գլխավոր դատախազի օրինակը, որի հիմնական ֆունկցիան ոչ թե շուրջպար կամ ծառատունկ կազմակերպելն է, այլ հանցագործությունների դեմ պայքարը (այդ թվում՝ կոռուպցիայի)։ Վերջինս շրջում է ոչ պակաս թանկարժեք մեքենայով՝ Volkswagen Phaeton։ Հետաքրքիր է, պրն Հովսեփյանը մեքենան ձեռք է բերել իր աշխատավարձո՞վ, թե՞ պետբյուջեի միջոցներով։ Նվիրատվության պահը հակասում է մեր «թերի» օրենսդրությանը, եթե իհարկե, այդ մեքենան նրան դետալ առ դետալ չեն նվիրել։ Եվ հետաքրքիր է՝ արդյոք ԳՐԵԿՈ-ի խմբի անդամներն ուշադրություն դարձրե՞լ են, թե ինչ մեքենաներով են շրջում եւ ինչ տներում են ապրում «ժողովրդի ծառաները»։
Ինչեւէ, օրենսդրության բարելավումից վնաս չկա։ Դաշնակցական Բագրատ Եսայանը լավատես էր եւ վստահ, որ մեր խորհրդարանը շատ արագ կընդունի առաջարկվող նախագծերն ու փոփոխությունները, քանի որ «մենք ունենք կոալիցիա, որը պատրաստակամություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարում»։ Նա առաջարկեց ուշադրություն դարձնել, թե ո՛ր քաղաքական ուժերն են դեմ լինելու այս փոփոխություններին, եւ առանձնացրեց, որ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրինագիծը մերժվել է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի կողմից։ Ավելորդ չէր լինի հիշեցնել, որ 2002թ.-ից օրակարգում հայտնված այդ նախագծին դեմ է արտահայտվել նաեւ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը, որը նույնպես կոալիցիայի անդամ է։ Այլապես տպավորություն է ստեղծվում, որ բոլորն ուզում են կոռուպցիան վերացնել, «Ժողպատգամավորը»՝ ոչ։ Մենք պարզաբանում խնդրեցինք խմբի ղեկավար Կարեն Կարապետյանից։ «Մենք գտնում ենք, որ պետք է հայտարարագրվեն հասարակության բոլոր շերտերի եկամուտները, բայց այդ գործընթացը պետք է լինի աստիճանաբար, եթե ցանկանում ենք ստեղծել ոչ կոռումպացված հասարակություն։ Կա նաեւ հարցի սոցիալական գործոնը։ Նախագծի քննարկման ժամանակ մեր խումբը դեմ է եղել հայտարարագրվող եկամուտների շեմին եւ առաջարկել գործընթացը կազմակերպել սկզբում ունեւոր խավի նկատմամբ, նոր՝ մյուսների»,- նշեց պրն Կարապետյանը եւ ավելացրեց՝ եթե նախագիծը ներկայացվի նույն սկզբունքներով, ինչպես առաջ, իրենք նորից դեմ են քվեարկելու։ Նշենք նաեւ, որ «Ժողպատգամավորի» եւ ՕԵԿ-ի փաստարկները գրեթե նույնն էին եւ բավական տրամաբանական։ Իսկ եթե 2007թ. պառլամենտական ընտրություններից հետո այլեւս կոալիցիա չլինի՞։ Պրն Եսայանը կրկին հանգիստ է, հո՞ Ռ. Քոչարյանը մինչեւ 2008-ը նախագահ է մնալու։
Մի խոսքով, ԳՐԵԿՈ-ի խումբը մեզ տվել է 18 ամիս ժամանակ։ Հույս ունենք, դաշնակցական Բագրատ Եսայանն առավելագույնս կաջակցի ՀՀ-ում կոռուպցիան արմատախիլ անելու գործընթացին։ Ասենք, նա կարող է ինքն էլ մասնակցել ԳՐԵԿՈ-ի առաջարկած դասընթացներին, իսկ հետո համապատասխան մարմիններին տեղեկացնել իր կուսակցական գործընկերների, նրանց աներների, զոքանչների եւ ինչո՞ւ ոչ՝ քենիների ունեցվածքի եւ եկամուտների մասին տվյալները։ Այլապես, առաջարկված 24 երաշխավորությունները չկատարելու դեպքում, ինչպես հավաստեցին բանախոսները, մենք ԳՐԵԿՈ-ի եւ Եվրախորհրդի հետ կունենանք լրջագույն խնդիրներ։ Երեւի նույնքան լրջագույն, որքան 2003թ. ընտրություններից եւ 2005թ. հանրաքվեից հետո։