Խրախճանք գնդակահարությունից հետո

02/04/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ խմբագրություն էին այցելել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչներ Անահիտ եւ Սիլվա Այվազյան քույրերը, ովքեր Ռուսաստանից Հայաստան են եկել, որպեսզի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ներկայացուցիչներին տեղեկացնեն, թե ինչպես են Ոստիկանության եւ Դատախազության աշխատակիցները գնդակահարել իրենց եղբայր Սեյրան Այվազյանին:

Վերջիններս, մի քանի տարի է, ինչ բնակվում են Ռոստովում, սակայն օրեր առաջ հեռագիր են ստացել եղբոր մահվան մասին եւ, վերադառնալով Հայաստան, եղբորը հայտնաբերել են ոչ թե մահացած, այլ խոշտանգված ու սպանված: Նշենք, որ Սեյրանը շուրջ 15 տարի տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ, որը դրսեւորվել է խոր կասկածամտությամբ: Քույրերի պատմելով` դեպքն այսպես է եղել: Սեյրանն ապրել է 78-ամյա մոր հետ, ով, սակայն, դեպքի օրը, հիվանդ լինելու պատճառով, եղել է նույն գյուղում բնակվող աղջկա տանը: Մարտի 6-ին Սեյրանը գնացել է խանութ բրինձ գնելու եւ վաճառողից պահանջել է` անպայման բրինձը կշռել: Վաճառողից բացի խանութում ներկա գտնվող մարդիկ սկսել են ծաղրել Սեյրանին, ինչը վիրավորել է նրան: Չդիմանալով ծաղրուծանակին` Սեյրանը վերցրել է վաճառասեղանին դրված դանակը, իսկ վաճառողը հասցրել է նրա ձեռքից այն խլել: Սեյրանն անխոս հեռացել է տուն եւ սկսել է ամենօրյա այգեգործությամբ զբաղվել: Սակայն դանակը վերցնելիս խանութպան Ռիմա Չոբանյանի ձեռքը վնասվել է, եւ նա դիմել է տեղամասային բժշկին, ինչն էլ հետագա խրախճանքի առիթ է հանդիսացել: Քիչ անց Սեյրանի տուն են ժամանել Ալավերդու Ոստիկանության աշխատակիցները, որոնցից վախենալով` նա փախչել-թաքնվել է տան մեջ եւ դուռը ներսից կողպել է: Տիկին Անահիտն ասում է, որ բոլոր հարեւանները վկայում են այն մասին, որ մեծ թվով մարդիկ, ինչպես նաեւ անչափահաս երեխաներ, ականատես են եղել այս դեպքին: Ոստիկանները երկար ժամանակ, մինչեւ անգամ հսկայական գերանով փորձել են դուռը բացել, որից հետո ահազանգել են Հրշեջ ծառայություն: Վերջիններս` կոտրելով տան պատուհանները, խողովակներով ջրաշիթ են բաց թողել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ որեւէ մեկը հոգեբույժի միջամտության չի դիմել: «Այդ գազանաբար հարձակումը տեւել է 5 ժամ: Անգամ հարեւաններին չեն թողել մոտենալ, որ մարդկային ձեւով համոզեն տանից դուրս գալ Սեյրանին, ոչ էլ բժիշկ են կանչել,- պատմում է նրա քույրը: -Հարեւաններն ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանները 5 ժամ հետո ավտոմատով անխնա կրակահերթ տեղացել նրա վրա: Դեպքի վայրում են գտնվել գյուղապետը, միլպետը, միլպետի տեղակալը եւ այլ ղեկավարներ, որոնք եղբորս գնդակահարելուց հետո, մահացած դիակի ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել»: Տիկին Անահիտը պատմում է, որ այդքանից հետո ոստիկանները Սեյրանի դիակը խոշտանգել են, հարեւանները վկայել են, որ «բահով ու եղանով» հարվածելով` ամբողջ մարմինն այլանդակել են: Ի դեպ, մեր ձեռքի տակ են գտնվում Սեյրանի հարեւանների վկայություններն այն մասին, որ նա երբեւէ որեւէ մեկին չի վիրավորել, չի անհանգստացրել հարեւաններին, դեռ ավելին, բոլորի երեխաները Սեյրանի տանը մշտապես շախմատ են խաղացել եւ օգնել են հողագործության մեջ: Վերջիններս` բավական դրական կարծիք հայտնելուց զատ, պատրաստակամություն են հայտնում վկայություն տալ, թե ինչպես են ոստիկանները գնդակահարել եւ ծաղրի ենթարկել նրա դիակը: Տիկին Անահիտի պատմելով՝ Սեյրանին դաժանաբար սպանելուց հետո ոստիկանների մի մասը դիակը տեղափոխել է հիվանդանոց, իսկ մյուս խումբը մնացել է նրա տանը, այն դեպքում, երբ նրա տանը ոչ ոք չի եղել: Շրջափակելով Սեյրանի տունը` ոստիկաններն իսկական խնջույք են կազմակերպել: Նրա նկուղից մրգեր եւ ուտելիքներ են վերցրել, հարեւաններից օղի են պահանջել, վառել են վառարանն ու սկսել մինչեւ լուսաբաց քեֆ անել: Իսկ նրա սպանությունը հիմնավորելու համար Ոստիկանության աշխատակիցները եւ բժիշկները համապատասխան սցենար են կազմել: «Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գ. Քալանթարյանը փաստաթուղթ է տալիս, իբրեւ Սեյրանն ագրեսիվ հիվանդ է եղել, այն դեպքում, երբ Սեյրանը նրա հիվանդը չի եղել եւ չի էլ տեսել նրան երբեւէ: Եղբայրս կասկածամտությամբ է տառապել, բայց նրա բժշկական պատմության մեջ էլ անգամ գրված չէ, որ ագրեսիվ է եղել: Հիվանդանալուց հետո նա այգեգործությամբ, քանդակագործությամբ եւ նկարչությամբ է զբաղվել: Շատ գեղեցիկ գործեր ունի, տաղանդավոր էր, հարեւաններից շատերին նվիրել է կտավներ: Ոստիկանները, սպանությունն արդարացնելու համար, ուզում են ծանր հիվանդի անուն հանեն, որ իրենց հանցագործությունը թաքցնեն»,- ասում է նրա քույրը, ով նաեւ պատմում է, որ օրեր առաջ «02» հաղորդաշարով եթեր են հեռարձակել այս դեպքը` այն վերածելով իսկական զավեշտի: Բանն այն է, որ ոստիկաններն իրենց արարքը կոծկելու համար Սեյրանի տան պատշգամբում մի նռնակ եւ թմրանյութի փաթեթ են դրել, նկարահանել եւ հայտարարել են, թե այդ վտանգավոր հանցագործի տան մեջ հայտնաբերվել է նաեւ նռնակն ու թմրանյութը: Քույրերի պնդմամբ՝ իսկական հանցագործները ոստիկաններն են, ովքեր անմեղ մարդու դիակն անարգելուց զատ` նրա մահը շոուի են վերածել: «Քանի որ մայրս ծեր կին է, որոշեցինք որդու մահվան մասին չասել, գիտեինք, որ դա նրա համար ծանր կլինի: Մի քանի օր թաքցրինք, բայց ամբողջ գյուղը Սեյրանի մահն էր սգում, շուրջբոլորը դեպքի մասին էին քննարկում, իսկ երեխաները դեռ շոկի մեջ էին: Մայրս լսեց, որ քույրերով մղկտում ենք եւ, երբ գլխի ընկավ՝ նրան ասացինք: Չդիմացավ, միանգամից մահացավ…»,- պատմում են Սիլվան եւ Անահիտը: Նրանց մոր մահվան վկայականում գրված է, որ նա մահացել է սրտի պսակաձեւ անոթների արյան շրջանառության սուր խանգարման պատճառով: Լոռու մարզային դատական բժշկության բաժնից քույրերին տրամադրել են մի փաստաթուղթ, ըստ որի՝ Սեյրանի դիակի դատաբժշկական եզրակացության համաձայն՝ նրա մոտ եղել է ներքին սուր արյունահոսություն, կրծքավանդակի միջանցիկ հրազենային, գնդակային վիրավորում թոքերի եւ սրտի վնասումով: Բազմաթիվ հրազենային, գնդակային վերքեր` ստորին վերջույթներին: Ամենաուշագրավն այն է, որ փաստաթղթում արձանագրված է, որ նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, ինչը Սեյրանի քույրերն ու հարեւանները բացառում են, որովհետեւ այդքան կրակոցներից, բահի, եղանի հարվածներից հետո կենդանի մնալն աբսուրդ է: «Մեր թաղային տեսուչը հիմա ընկած հարեւանների տներով հարցնում է, թե արդյոք չե՞նք բողոքել, ու ասում է, որ, եթե բողոքենք, ինքը Հայաստանից կմեկնի»,- ասում է տիկին Անահիտը, ով Վանաձորի իրավապահ մարմիններին չի դիմում՝ համոզված լինելով, որ այդ «ոհմակը» գործին ընթացք չի տա, իսկ Երեւանում պատրաստվում է, նախագահականից բացի, դիմել Գլխավոր դատախազություն: