Եվրամիության հետ բանակցությունների երկրորդ փուլը կառուցողական եղավ: Թբիլիսիի եւ Ստրասբուրգի միջեւ հարեւանության քաղաքականության հաստատման վերաբերյալ գործողությունների եռամյա ծրագրի իրագործումից հետո կկնքվի նոր տիպի պայմանագիր: Ինչ վերաբերում է միասնական եվրոպական ընտանիքում լիիրավ անդամությանը, ապա, քաղաքագետ Կախի Գոգալաշվիլու խոսքերով, Վրաստանի համար այդպիսի հեռանկարը կարող է իրականացվել տասը տարի հետո:
– Ի՞նչ կոնկրետ արդյունքներ տվեց բանակցությունների երկրորդ փուլը` հարեւանության քաղաքականության հաստատման վերաբերյալ Եվրամիության գործողությունների ծրագրի հետ կապված:
– Այդ բանակցությունները սկզբից եւեթ ավելի բարդ էին ընթանում, քան Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որոնք անմիջապես ընդունեցին Եվրամիության առաջարկած գործողությունների ծրագրի նախագիծը: Վրաստանի նկատմամբ մոտեցումները մի փոքր այլ էին: Մեր կողմը խնդրել էր, որպեսզի որոշակի դրույթներով այդ նախագիծը հավասարեցվի Ուկրաինայի եւ Մոլդովայի համար հաստատված գործողությունների ծրագրին, այսինքն, որպեսզի գործողությունների ծրագիրը 5 տարվա փոխարեն սահմանափակվի 3 տարով: Դրա հետ մեկտեղ մենք վերապահություն էինք ուզում, որի համաձայն` կողմերը զրույց կվարեն ազատ առեւտրի կարգի ստեղծման հնարավորությունների, հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության առավել ակտիվ մասնակցության մասին: Վրացական կողմը ցանկանում էր նաեւ, որպեսզի Վրաստանը, Ուկրաինայի եւ Մոլդովայի նման, իրավունք ունենա միանալու Եվրամիության պաշտոնական հայտարարություններին: Վրաստանին հետաքրքրում էր նաեւ Եվրամիության հետ անցագրային կարգի պարզեցման հարցը:
– Եվրամիությունն ինչպե՞ս արձագանքեց այդ առաջարկություններին:
– Առավել բարդ եւ հիմնախնդիրային առաջարկությունների քննարկումները տեղափոխվեցին երրորդ փուլ: Դրանք կքննարկվեն Եվրամիության անդամ երկրների կողմից քաղաքական մակարդակով: Չնայած դրան, Եվրամիության հետ բանակցություններում որոշակի առաջընթացը նկատելի էր: Օրինակ, հակամարտությունների կարգավորման մասին դրույթում գրանցվեցին վրացական կողմի համար ցանկալի ձեւակերպումներ: Արտահայտություն հնչեց այն մասին, որ Եվրամիությունն ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում: Սակայն ներկա փուլում Եվրամիության կողմից ազատ առեւտրի կամ անցագրային կարգի հարցերում որեւէ զիջման հույս ունենալ առայժմ հարկավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է կառուցվածքային պահանջներին՝ Եվրամիությունը որոշ չափով ընդառաջեց: Չնայած ես կասկածում եմ, որ քաղաքական մակարդակով քննարկվելու համար հետաձգված պահանջները Եվրամիությունը կբավարարի:
– Նշվում էր, որ հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը համարյա համընկնում է Վրաստանի կառավարության ձեւակերպած` Եվրամիության հետ փոխգործունեության եռամյա ծրագրին: Եվրամիության հետ ինտեգրման ինչպիսի՞ աստիճանի նվաճում է նախատեսում այդ ծրագիրը:
– Եվրամիության գործողությունների ծրագրում ապագա ինտեգրման առնչությամբ կոնկրետ շեշտադրումներ գործնականում չկան: Մեծ մասամբ այնտեղ պահանջներ են նախատեսված՝ այս կամ այն երկրներին: Եթե նրանք կատարեն այդ պահանջները, ապա հետո նոր համաձայնագիր կկնքվի, որն, ըստ էության, ենթադրում է ինտեգրման խորացում: Այստեղ էլ նկատի են առնվում, այսպես կոչված, չորս ազատություններ՝ ապրանքափոխանակության, աշխատուժի (եւ ընդհանրապես մարդկանց, ծառայությունների փոխանակման եւ կապիտալի: Դա Եվրամիության հետ ինտեգրման նպատակն ու էությունն է:
– Իսկ մեզ հետ նրանք ինտեգրման խորացման մասին խոսակցություն կսկսե՞ն:
– Նրանք խոսակցություն կսկսեն բոլորի հետ, ում հետ զարգանում է հարեւանության քաղաքականությունը: Եվրամիության ընդլայնումը միայն վերջերս է կատարվել: Եվ այսօր Եվրամիությունը պետք է մեծ սահմանամերձ քաղաքականություն վարի, որպեսզի այդ սահմանը Եվրամիության համար ապակայունացման աղբյուր չդառնա: Վրաստանը Եվրամիության հետ անմիջական սահման կունենա 2007 թվականին, երբ Եվրամիություն մտնեն Ռումինիան եւ Բուլղարիան: Այդ պատճառով Եվրամիությունը փորձում է ձգձգել այդ թեմայով խոսակցությունը: Իսկ մինչ այդ նրանք ուսումնասիրում են երկիրը: Դա, ի դեպ, վերաբերում է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին: Շատ բան է կախված նրանից, թե հատկապես ով եւ ինչպիսի առաջընթաց ձեռք կբերի: Բայց եթե մեզ ասեն, որ իրենք այսօր եւեթ համաձայն են ինտեգրմանը, ապա, իհարկե, մենք դրան պատրաստ ենք:
– Համենայնդեպս, լավատեսական հաշվարկներով, որոշակի ժամանակաընթացքում հնարավոր կդառնա՞ լիիրավ անդամության մասին բանակցությունների սկիզբը:
– Դրանում մեծ դեր է խաղում երկրի քաղաքական կամքը: Օրինակ, Շվեյցարիան եւ Նորվեգիան արդեն հասել են հարեւանության քաղաքականության ծրագրով նախատեսված բարձր մակարդակի, սակայն նրանց բնակչությունը հանրաքվեների ընթացքում հրաժարվում է Եվրամիությանն անդամագրվելուց… Կարելի է մտածել, որ տասը տարի հետո մենք կարող ենք Եվրամիության անդամ դառնալ: Ճիշտ է, Վրաստանի կողմից դրա համար շատ մեծ կամք է անհրաժեշտ, ընդ որում, եւ իշխանությունների, եւ բնակչության: Ինչ վերաբերում է Եվրամիության երկրների համապատասխան կամքի դրսեւորմանը, ապա այն կդրսեւորվի միայն այն դեպքում, եթե Վրաստանը նրանց համար գրավիչ երկիր դառնա՝ շատ զարգացած, բարձր մշակույթով, բարենպաստ ներդրումային մթնոլորտով: Վրաստանը հավանաբար ունի այն առանձնահատկությունները, որոնցով նա էլ ավելի կհարստացնի Եվրամիության տարածքը: