Կաթոլիկական մի կազմակերպություն հաշվել է, որ Եվրամիությունում 1 գլուխ կովին օրական տրվում է 2,5 դոլար սուբսիդիա, եւ հաշվել էր, որ այդ կովերը տարվա ընթացքում կարող են տուրիստական ճանապարհորդություն կատարել աշխարհի շուրջը եւ 400 դոլար էլ գրպանի ծախս ունենալ:
Իսկ Ճապոնիայում 1 կովի հաշվով սուբսիդավորումը 7,5 դոլար է: Նրանք էլ կարող են բիզնես-կլասով ճանապարհորդել, միգուցե նաեւ ներդրումներ կատարել:
2009թ. հունվարից գյուղմթերքի իրացումը Հայաստանում պետք է հարկվի: Դա պահանջում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որին 2003թ. անդամակցել է նաեւ Հայաստանը: ԱՀԿ անդամ 149 երկրների առեւտրաշրջանառությունը կազմում է համաշխարհային առեւտրի 95 տոկոսը: ԱՀԿ-ի նպատակն այն է, որ անդամ երկրները միմյանց նկատմամբ ունենան առեւտրային թույլ ռեժիմ եւ իրենց օրենսդրությունը համապատասխանեցնեն միջազգային օրենքներին: Այս առումով, նաեւ միջազգային շուկայում տեղ ունենալու, ակտիվ գործունեություն ծավալելու համար արդարացված է ԱՀԿ-ին անդամակցելը: Բայց կազմակերպությունն անդամ երկրներին պահանջներ էլ է ներկայացնում, որոնցից հիմնականը գյուղատնտեսության հարկումն է եւ պետության կողմից այդ ոլորտին հատկացված աջակցության կամ սուբսիդավորման սահմանափակումը: Կազմակերպությունը նոր անդամ զարգացող երկրներին նախ 5 տարի ժամկետ է տալիս, որ այդ սուբսիդավորումը կրճատի եւ դարձնի իր գյուղատնտեսության համախառն արտադրանքի 10 տոկոսի չափով: Իսկ հետո այդ աջակցությունը թույլատրվում է ընդամենը 5 տոկոսի չափով: Այստեղ մենք լուրջ խնդիրներ չունենք, որովհետեւ, ինչքան էլ ցավալի է, գյուղատնտեսությանը մեր պետության աջակցությունը դեռեւս չի գերազանցել 2 տոկոսը: Հակառակը՝ մեր կառավարությունը նոր-նոր է հայեցակարգ մշակում, որ գյուղատնտեսությանը սուբսիդավորի 10 տոկոսի չափով: ԱՀԿ-ի պահանջներից մեկն էլ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սուբսիդավորման սահմանափակումն է, այսինքն՝ մի շարք երկրներ իրենց գյուղացիական տնտեսություններին կամ ֆերմերներին գումար են տալիս, որ նրանք իրենց արտադրանքն արտահանեն: ԱՀԿ-ն դա արգելում է: Հայաստանում այդ տարբերակն էլ է զրոյական վիճակում: ԱՀԿ-ն պահանջում է նաեւ գյուղատնտեսական ապրանքների իրացումը հարկել ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), որը մեզ մոտ սահմանված է 20 տոկոս: Այ, այստեղ մենք արդեն մեծ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացած չէ: Մեր շատ գյուղացիական տնտեսություններ տարբեր պատճառներով նույնիսկ իրենց օգտագործման համար անհրաժեշտ չափի մթերք չեն կարողանում ստանալ, ուր մնաց թե` 20 տոկոս էլ ԱԱՀ վճարեն:
«Մենք պետք է նախապատրաստվենք եւ այնպես անենք, որ գյուղացու համար դա խոցելի չլինի,- ասում է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: -Մեր օրենսդրությամբ` 3 մլն դրամից ավելի իրացում ունեցող ֆիզիկական անձն է ընկնում ԱԱՀ-ի տակ: Իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ մեր 339.000 գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսն իրացումից ստանում է մինչեւ 3 մլն դրամի եկամուտ: Այսինքն՝ եթե որեւէ բան չփոխվի, հարկման տակ է ընկնելու այդ տնտեսությունների մյուս 10 տոկոսը: Իսկ իրավաբանական անձ հանդիսացող բոլոր տնտեսությունները հարկվելու են»:
Բայց պարոն Ավետիսյանը նկատի է ունենում նաեւ պաշտոնական վիճակագրության տվյալները, որ վերջին տարիներին գրանցել է տնտեսական աճ եւ կարծում է, որ աճ կգրանցվի նաեւ այս տարի: Այսինքն՝ այդ 3 մլն-ը կարող է շատ ավելի գյուղացիական տնտեսությունների վրա տարածվել: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ մեր կողմը ԱՀԿ-ին առաջարկում է այդ սահմանը հասցնել 6 մլն դրամի: Այս դեպքում արդեն հարկման տակ կընկնեն միայն առեւտրային կազմակերպությունները՝ խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաները, անասնապահական ֆերմաները եւ խոշոր հողատերերը:
«Այս տարբերակն առաջարկելու համար մեզ հիմք է տալիս միջազգային փորձը,- ասում է Ս.Ավետիսյանը: -Մենք ուսումնասիրել ենք Լիտվայի օրենսդրությունը, այնտեղ այդ շեմը սահմանված է 18.000 դոլար: Այնտեղ հաշվի են առել նաեւ տարածքների չափը: Այսինքն՝ տարբեր չափի հողատարածք ունեցողները կհարկվեն տարբեր չափերով: Մենք եւս առաջարկելու ենք, որ այս առումով բարձր շեմ դրվի»:
Գյուղատնտեսության ոլորտում սպասվող թանկացումները մեղմելու համար ՀՀ Գյուղնախարարությունը Ֆինանսների նախարարության եւ Հարկային ծառայության հետ փորձում է տարբերակներ մշակել, որ հարկումը տարածվի գյուղատնտեսական միայն առեւտրային կազմակերպությունների վրա: Ընդ որում՝ հարկման դեպքում էլ փորձում են տարբերակված շեմ սահմանել: Տարբեր չափի շրջանառություն ունեցող ընկերությունների համար ԱԱՀ-ն կսահմանվի տարբեր չափերով, կամ էլ ընդհանրապես գյուղատնտեսության համար կսահմանվի ոչ թե գործող՝ 20 տոկոսը, այլ ավելի ցածր ԱԱՀ:
«Ֆրանսիայում գյուղատնտեսության համար սահմանված է 5 տոկոս, իսկ Լիտվայում, կարծեմ, 7 տոկոս է ԱԱՀ-ն,- ասում է պարոն Ավետիսյանը: -Միգուցե մեզ մոտ էլ որոշ փոփոխություններ անենք»:
Ներկայացրած պահանջներով հանդերձ` Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը չի կարողանում իր անդամ զարգացած երկրներին ստիպել, որ մեծածավալ ֆինանսավորում չտան իրենց գյուղատնտեսությանը: Եվրամիության երկրների բյուջեի 42-50 տոկոսը գնում է գյուղատնտեսության սուբսիդավորմանը եւ անհավասար պայմաններ է ստեղծում ԱՀԿ անդամ զարգացող երկրների համար: «Դրա համար էլ ԱՀԿ-ում ամենամեծ բանավեճերը գնում են դրա շուրջ,- տեղեկացնում է գյուղատնտեսության փոխնախարարը: -Զարգացող երկրներն ասում են, թե` մեզ պարտադրում եք բացել մեր շուկան, բայց դուք ավելի շահեկան դիրքում եք եւ, գրավելով մեր շուկան, տնտեսական լծակներով զսպում են մեր գյուղատնտեսության զարգացումը: ԱՀԿ-ի պահանջները միջազգային առեւտրի կանոնակարգման համար անհրաժեշտ կանոններ են, բայց չպետք է երկակի ստանդարտով կիրառվեն, բոլորի համար հավասար լինեն: 2004թ. Անգլիայում մի գիրք էր լույս տեսել՝ «50 հարց, որ կարող է հեղաշրջել աշխարհը»: Հարցերից մեկը վերաբերում էր գյուղատնտեսության սուբսիդավորմանը»:
Թեեւ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքների իրացումը դեռեւս ազատված է ԱԱՀ-ից, բայց իրականում անուղղակի ձեւով վճարվում է այդ հարկը: Եթե գյուղացին գնում է բենզին, թունաքիմիկատ, պարարտանյութ կամ այլ նյութեր, դրանց մեջ արդեն կա ԱԱՀ: Նույնը վերաբերում է նաեւ թռչնաբուծական ֆերմաներին ու մյուս առեւտրային խոշոր տնտեսություններին: Իսկ 2009թ. ուղղակիորեն գանձվող ԱԱՀ-ն գյուղատնտեսության համար ունենալու է բավականին բացասական հետեւանքներ, գյուղացիական տնտեսությունների եկամուտները կնվազեն, մեր արտադրանքի մրցունակությունը կընկնի եւ մեր առանց այն էլ հետամնաց գյուղատնտեսությունն ավելի հետ կգնա: Մենք կուտենք միայն պարսկական եւ թուրքական անորակ գյուղմթերք, որովհետեւ ներմուծվածն ավելի էժան կլինի, քան տեղական արտադրանքը: Ինչպես այսօր ավելի էժան է ներկրված մսամթերքը, քան տեղականը: Իսկ մեր տեղական, այսպես կոչված, էկոլոգիապես մաքուր գյուղմթերքից կօգտվեն միայն հարուստները: