Թեեւ սա առաջին նման կոնֆերանսն է Հայաստանում, սակայն, ՀԷԲ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի հավաստմամբ, իրենց արտասահմանյան գործընկերներից արդեն առաջարկներ են եղել, որպեսզի այն դառնա ավանդույթ: Կոնֆերանսին մասնակցում էին ԿԲ-ն, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունները, Հայաստանի որոշ առեւտրային բանկեր, արտահանող եւ ներմուծող տեղական ընկերություններ, ինչպես նաեւ` արտասահմանյան առեւտրային բանկերի («Citibank», «Commerzbank», «Raiffeisen Zentralbank Oesterreich», «Lloyds TSB Bank») ու ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները:
Ըստ Ա. Օսիպյանի, այս կոնֆերանսը կնպաստի միջազգային առեւտրի ֆինանսավորման եւ հետեւաբար` արտահանման ծավալների ավելացմանը, ինչը թույլ կտա, որ տնտեսության իրական հատվածը` արտադրությունը, ձեռք բերի նոր շուկաներ: Բացի այդ, կոնֆերանսի ընթացքում արտասահմանցի մասնագետները հայաստանյան բանկերին, արտահանող եւ ներմուծող ձեռնարկություններին մանրամասն ներկայացնում էին միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքները, հիմնականում` ակրեդիտիվը: Բանկերի կողմից առաջարկվող այս գործիքներով բանկերը, պարզ ասած, ներմուծող ընկերություններին երաշխավորում են, որ իրենց վճարած գումարների դիմաց նրանք կստանան իրենց ապրանքը: Այսինքն, ներմուծողը կամ արտահանողը բանկի ծառայությունների դիմաց վճարում է եւ «քաշվում» մի կողմ: Հայաստանում այս գործիքները շատ քիչ են կիրառվում, այն էլ` սահմանափակ թվով բանկերի կողմից: Ծավալային առումով առեւտրի բանկային ֆինանսավորման գերակշիռ մասն այսօր բաժին է ընկնում ՀԷԲ-ին: Եվ հարց է առաջանում. ՀԷԲ-ը կազմակերպում է այս կոնֆերանսը, որ մյուս բանկե՞րն էլ ակտիվանան այս շուկայում: Ա. Օսիպյանը չի վախենում այս փաստից: Նա գտնում է, որ մրցակցությունը շարժիչ ուժ է. «Այս շուկայում մենք լիդեր ենք, եւ ամեն ինչ կանենք, որ այդպիսին մնանք»,- ասում է նա:
Իրականում, այստեղ ավելի հեռահար նպատակներ կան: Հայ գործարարը լավ չի պատկերացնում այս գործիքների էությունը: Սա դեռ վաղուց գիտեին բանկային մասնագետները: Այս կոնֆերանսը կնպաստի, որպեսզի տեղական ներմուծողներն ու արտահանողներն առավել հաճախ դիմեն բանկերի օգնությանը: Իսկ թե ո՞ր բանկերը կակտիվանան այս շուկայում` դա հետագայի խնդիր է: Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի գծով ՎԶԵԲ տնօրեն Մայքլ Դեյվին` որպես կոնֆերանսի կարեւորության ապացույց, մատնանշում է հայաստանյան մասնակից ընկերությունների մեծ թիվը:
Ի՞նչ է անում ՎԶԵԲ-ը, որի բաժնետերերից մեկն, ի դեպ, ՀՀ կառավարությունն է: ՎԶԵԲ-ի կողմից մշակվել է Առեւտրի խթանման ծրագիրը (ԱԽԾ), որը նպատակ ունի հեշտացնել կիրառման երկրներում ներտարածքային եւ միջազգային առեւտրի իրականացումը: Այս ծրագրին Հայաստանից մասնակցում են 4 բանկեր` ՀԷԲ-ը, «Անելիք» բանկը, «Հայգյուղփոխբանկը» եւ «Ինեկոբանկը»: «Որպես կանոն, մենք ավելի երկարաժամկետ ֆինանսներ ենք տրամադրում, քան տեղական բանկերը, բայց վերջիններիս հետ մենք ակտիվ համագործակցում ենք»,- նշում է Մ. Դեյվին: Անցյալ տարի ՎԶԵԲ-ը Հայաստանում ֆինանսավորել է 11 գործարք` 20 մլն եվրո ընդհանուր գումարով: Այս տարի ակնկալվում է 40 մլն եվրոյի ֆինանսավորում: Մ. Դեյվիի հավաստմամբ, այս գումարներն ուղղված են մասնավոր սեկտորի փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Մ. Դեյվիի խոսքերով, ՎԶԵԲ-ը մտադիր է ընդլայնել հայաստանյան իր գործընկերների շրջանակը եւ ձեռք բերել նոր բաժնետոմսեր:
Կոնֆերանսի ժամանակ իրենց գործունեությունն էին ներկայացնում նաեւ խոշոր արտասահմանյան բանկերը: Նրանք հավանաբար կսկսեն կամ կխորացնեն իրենց համագործակցությունը Հայաստանի առեւտրային բանկերի հետ: Մ. Դեյվին գտնում է, որ որքան արտասահմանյան բանկերն ակտիվ գործեն հայաստանյան շուկայում, այնքան կաճի վերջինիս նկատմամբ նրանց վստահությունը:
Հ. Գ. «Բանկիրն այն մարդն է, որ արեւոտ օրերին քեզ կտա իր անձրեւանոցը, բայց անձրեւոտ եղանակին այն ետ կվերցնի»: Մարկ Տվենի այս խոսքերը թեեւ ճշմարտացի են, այնուամենայնիվ պետք է հիշել, որ բանկիրն այն մարդն է, որի «արեւը» բացվում է միայն ուրիշի փողերի հաշվին, ուստի նա շատ զգույշ է «անձրեւանոց» տրամադրելու, առավել եւս` այն ետ վերցնելու հարցերում: