Պատկանելության զգացումի բացակայության բարդույթից ազատվելու համար մարդ պիտի ապրի հայրենիքում, իսկ արդյունավետ գործունեություն ծավալելու համար պիտի ոտքերի տակ ամուր հող ունենա:
Այսպես մտածելով է, որ Վիքի Օդեհը վերադարձել է Հայրենիք ու հիմնադրել «Վիտակ» մաշկի խնամքի կենտրոնը: Ի դեպ, «168 Ժամի» ընթերցողները շուտով հնարավորություն կունենան ծանոթանալու Վիքիի խորհուրդներին` մաշկի խնամքի մասին:
– Վիքի, ի՞նչ է նշանակում` «վիտակ»:
– Այն հայերեն բառ է, որը նշանակում է մետաքս: Բառարանում երկար փնտրելուց հետո որոշեցի, որ մետաքսը կարող է ասոցիացվել խնամված մաշկի հետ:
– Ի՞նչը Ձեզ ստիպեց գալ Հայրենիք եւ աշխատել այստեղ:
– Հայաստանի անկախացումից հետո մենք ամեն տարի ընտանիքով գալիս էինք Հայրենիք, բայց վերջին տարիներին մտածում էինք, որ հաջորդ անգամ պետք է գալ՝ չգնալու պայմանով: Որովհետեւ սփյուռքահայը որտեղ էլ ապրի, ունի պատկանելության զգացումի բացակայության բարդույթ: Ցանկալի է եւ պետք է, որ ոտքը հողին ամուր դրվի: Հենց այս նկատառումներով էլ 3 տարի առաջ մայրս, ես եւ երեխաներս, 7 ամիս առաջ էլ` ամուսինս, տեղափոխվեցինք Հայրենիք: Մտածում ենք, որ գոնե մեր երեխաները կձերբազատվեն բարդույթներից. իհարկե, այստեղ էլ դժվարություններ կլինեն անպայման: Բնականաբար, Իրանից Հայաստան բերեցինք մեր գործը եւս, որով մեր ընտանիքը զբաղվում է արդեն 30 տարի` սկսած մայրիկիցս: Դա մաշկի հատուկ խնամքն է: Սկզբում ստացել եմ երաժշտական կրթություն, բայց հետո որոշեցի մայրիկիցս սովորել մաշկի խնամքն ու շարունակել նրա գործը: Նրանից սովորածի վրա էլ գումարվեց Ֆրանսիայում ստացած համապատասխան կրթությունն ու ինֆորմացիան, եւ, արդեն 10 տարի է՝ ինքս եմ զբաղվում այդ գործով: Հիմա էլ աշխատում եմ Ֆրանսիական 2 հանրահայտ ֆիրմաների` Մարիա Գալանի եւ Մարի Կոռի հետ:
– Կարծիք կա, թե Արեւելքի կանանց մաշկն ավելի խնամված է: Դուք է՞լ եք այդպես մտածում:
– Համաձայն չեմ այդ բաժանման հետ: Մաշկի խնամքին հետեւում է այն մարդը, ում կենսամակարդակն ավելի բարձր է, եւ ով ունի այդ կուլտուրան: 40 տարի առաջ ոչ ոք չէր խոսում այն մասին, որ ատամները պետք է խոզանակել օրը 2 անգամ: Դա երկար դաստիարակության արդյունք է, եւ հիմա բոլորը գիտեն, որ պետք է ատամները մաքրել: Իհարկե, մաշկի խնամքը դեռ այդ մակարդակի չի հասել: Դեռ երկար պետք է խոսել ու մարդկանց բացատրել դրա կարեւորությունն ու նշանակությունը: Եթե խնամվում են մազն ու ատամը, ապա պետք է խնամել նաեւ մաշկը, ոչ միայն կոսմետիկական առումներով, այլ` հենց առողջապահական: Մարդիկ եթե գումար ունեն, աշխատում են ծախսել երեւացող բաների վրա` մազերի գույնը փոխել, դիմահարդարման պիտույքներ գնել, իսկ դեմքի անհարթությունները կարելի է ծածկել մի քանի կիլոգրամ դիմափոշով:
– Ո՞ր տարիքից կարելի է զբաղվել դեմքի մաշկի խնամքով:
– Դեմքի մաշկը պետք է խնամել մանկուց: Դեմքի մաշկին հատկապես պետք է ուշադրություն դարձնել անցումային տարիքում` ընտրելով համապատասխան խնամքի միջոցներ: Խնամել` չի նշանակում` ինչ-որ «լյուքս» բան: Խնամել` նշանակում է` դիմել լավ մասնագետի օգնությանն ու հետեւել նրա խորհրդին: Մենք ունենք 14, 15 տարեկան հաճախորդներ, որոնց դեմքի սեւ կետերը պետք է մաքրել, եթե ոչ, դրանք վերածվում են թարախակալած բշտիկների: Դեռահասները պետք է իմանան, որ այդ ժամանակ պետք է լվացվել հակաբակտերիալ օճառով ու օգտագործել համապատասխան քսուքներ: Իսկ առհասարակ մարդու մաշկը նրա առողջության հայելին է: Մաշկի գեղեցկությունն ու թարմությունը պայմանավորված է տվյալ մարդու նյարդային համակարգով ու ճիշտ նյութափոխանակությամբ:
– Չե՞ք կարծում, որ հաճախ դիմահարդարման պարագաների անորակությունից է մաշկը փչանում:
– Դիմահարդարման պարագաները պետք է լինեն որակյալ: Անորակ ու էժանագին միջոցները փչացնում են մաշկը, լայնացնում մաշկի ծակոտիները: Մեր աղջիկները պետք է հասկանան, որ հարթ մաշկն ինքնին այնքան գեղեցիկ է, որ չարժե շպարելով այն փչացնել: Չնչին շրթներկն ու տուշը բավական է գեղեցիկ երեւալու համար: Դժբախտաբար, շատ ֆիրմաների արտադրանքը գովազդող դեմքերը դառնում են երիտասարդների կուռքը, իսկ վերջիններս էլ փորձում են նույնիսկ դիմահարդարման ձեւով նման լինել նրանց: Իսկ որպեսզի առաջին իսկ պատահած գովազդը չազդի, պետք է կարդալ, ծանոթանալ ու խորհրդակցել: Հիմա աշխարհում ավելի շատ հակված են դեպի բնական նյութերը, քան հորմոնալ միջոցները: Իսկ առհասարակ պետք է ամեն ինչ իմանալ օգտագործվող նյութի կամ քսուքի մասին, որովհետեւ չեն բացառվում ալերգիաներն այս կամ այն նյութի հանդեպ: Հաճախ դեմքի մաշկը սպիտակեցնելու նպատակով օգտագործում են գունաթափիչ նյութ (պերեկիս), որը շատ սխալ բան է: Սպիտակեցնելը համարվում է ռիսկի գոտի: Այն հետագայում կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Չգիտես ինչու, մեծերը սպիտակությունն ու գիրությունը գեղեցկություն են համարում:
– Դո՞ւք եք պատրաստում խնամքի միջոցներ, քսուքներ:
– Ոչ: Ես ոչինչ չեմ պատրաստում:
– Ձեր աշխատանքում որեւէ մեկը ձեզ օգնո՞ւմ է:
– Այո, հատկապես թղթաբանական հարցերում ամուսինս ինձ շատ է օգնում: Մեր կենտրոնի ձեւավորումն ու կահավորումն էլ նրա մտահղացմամբ է:
– Ընտանիքի անդամներն ըմբռնումո՞վ են մոտենում ձեր զբաղվածությանը:
– Ի՞նչ ըմբռնման մասին է խոսքը. դա իմ իրավունքն է: Մենք կյանքի ընկերներ ենք, այլ ոչ թե մեկս մյուսին պատկանող: Եթե կինն էլ, ամուսինն էլ աշխատանքից հոգնած տուն են գալիս, ինչո՞ւ պետք է մեկը ոտքերը դնի սեղանին, իսկ մյուսը՝ սպասարկի: Չէ՞ որ այդպես անարդար է: Ես երբեմն չեմ հասկանում, թե այստեղ տղամարդիկ իրենց ո՞ր տվյալի համար են ավելորդ վայելքներ անցկացնում: Չէ՞ որ կնոջ ֆիզիկական կարողություններն էլ անսպառ չեն:
– Վիքի, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց ու աղջիկներին:
– Թող չխուսափեն խորհրդատվությունից եւ ճիշտ հասցեով դիմելուց: Կարելի է հետաքրքրվել եւ չմտնել առաջին իսկ պատահած վարսավիրանոցն ու դեմքը վստահել բոլորին ու ամեն ինչին: Որովհետեւ ագրեսիվ մոտեցումները մաշկի խնամքում արգելված են: