Աջակցեցին

02/04/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամն» իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքին: Անդրադարձել էինք նաեւ Գուրգեն Մարգարյանի անվամբ բացված հիմնադրամի հաշվեհամարին, որի վրա մինչ օրս հավաքվել էր ընդամենը 135.000 դրամ: Դրանից հետո ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը Մարգարյանների ընտանիքին փոխանցել է 10.000 ԱՄՆ դոլար: Բացի պրն Ծառուկյանից, խմբագրություն զանգահարեցին նաեւ «Վեգա» էլեկտրոնիկայի խանութից եւ ցանկություն հայտնեցին այցելել Մարգարյաններին եւ մեր հրապարակած «Փող ունենայինք` երիկամ էլ կունենայինք» հոդվածում նկարագրված ընտանիքին: «Վեգայի» ներկայացուցիչները նույնպես Մարգարյաններին գումար փոխանցեցին եւ նշեցին, որ իրենց համար կարեւոր էր Մարգարյանների ընտանիքի հետ ծանոթանալն ու նրանց պարբերաբար այցելելը: «Վեգա» ֆիրմայի փոխտնօրեն Ռոբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարեգործական ակցիայի իրենց նախաձեռնությունը կանգ է առել հատկապես Գ. Մարգարյանի ընտանիքի եւ երիկամով հիվանդ հայր եւ որդու վրա, որովհետեւ Գուրգենի մահը յուրաքանչյուր հայի ցավը պետք է լինի, որովհետեւ «այն ազգային բնույթ է կրում»: Մյուս դեպքում երեխայի խնդիրն է, որն օգնության կարիք ունի: «Մենք ձեր հոդվածները կարդացինք եւ որոշեցինք ձեռք մեկնել: Կարծում ենք` ուշադրությունն ավելի կարեւոր է, քան նյութական աջակցությունը: Հիմա էն տականքին հերոս են սարքել, բայց եկեք պատկերացնենք Մարգարյանների ընտանիքի վիճակը, իրենց տղային սպանողն այսօր հերոս է: Սա ավելի շատ հոգեբանական աջակցություն է` ապացուցելու համար, որ մենք Մարգարյանների ընտանիքի կողքին ենք եւ Գուրգենի մահվան ցավն իրենց հետ կիսում ենք: Մարդիկ դեռ շոկի մեջ են, դա ակնհայտ զգացվում է մոր ու եղբոր խոսելուց: Գուրգենի նկարները, որ իրենք ցույց տվեցին, ոչ ոքի չեն կարող անտարբեր թողնել: Հզոր մարդ է եղել Գուրգենը»: Գուրգենի ընտանիքին այցելությունից հետո «Վեգայի» ներկայացուցիչներն ուղեւորվեցին երիկամի հիվանդությամբ տառապող Արմենենց տուն, որոնց նույնպես գումար փոխանցեցին: