Ընդ որում, այդ ակտիվությունն այնպես է մարել, որ դատելով վերջին մի քանի ամիսներին Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակից` հայաստանյան ընդդիմությունը դեռ երկար ուշքի չի գալու: Մինչդեռ անցած ամիսների ընթացքում տեղի ունեցան մի քանի հիշարժան իրադարձություններ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված, որոնց եւս հայրենի ընդդիմությունը մի տեսակ «արհամարհեց» ու հիմնավոր կերպով չանդրադարձավ: Տպավորությունն այնպիսին է, որ այդ հարցն ընդդիմադիրների մի ստվար զանգվածի չի էլ հետաքրքրում եւ նրանք արդեն համակերպվել են, որ ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինելու, ու պատրաստվում են 2007-2008թթ. ընտրություններին: Ի վերջո, ե՞րբ է հայաստանյան ընդդիմությունը դուրս գալու քաղաքական նիրհից ու կենդանության նշաններ ցույց տալու: «Ընդդիմության ներսում հիմա գնում է մի գործընթաց, որը կոչվում է ներքին վերադասավորումների եւ ներքին նոր ընդդիմադիր ձեւաչափերի ձեւավորման գործընթաց»,- ընդդիմության վերջին շրջանի պասիվությունն այսպես է բացատրում Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: «Հիմա այդ ժամանակաշրջանն է եւ այդ ժամանակաշրջանն արդեն իսկապես ավարտին է մոտենում»,- վստահեցնում է ՀԱԱԿ ղեկավարը: Հ. Հովհաննիսյանի խոսքերով` ընդդիմության մի մասը գտնում է, որ պրոցեսները պետք է գնան 2007-ի խորհրդարանական ընտրություններ, մինչդեռ ընդդիմության մի մասն էլ գտնում է, որ առաջիկայում ինչ-որ գործընթացներ են սպասվում, որոնք ընդդիմություն-իշխանություն վեճի մեջ որոշիչ կլինեն: ՀԱԱԿ առաջնորդը դեռ հույսը չի կորցրել, որ առաջիկայում գաղափարական հենք ունեցող ընդդիմադիր ինչ-որ միավորում կձեւավորվի: Նրա կարծիքով` հենց նման միավորումն էլ կլինի ընդդիմության դաշտում գործող իշխանություններին հակակշիռ ստեղծելու կլասիկ եւ ամենառադիկալ տարբերակը: «Բայց դա նաեւ ժամանակի, ցանկությունների խնդիր է, դա նաեւ այդ գաղափարները կրող, այդ գաղափարներն իրականացնող ուժերի համախմբման եւ պայմանավորվածությունների խնդիր է»,- նշում է պրն Հովհաննիսյանը` հավելելով, թե ընդդիմությունը հասարակությանը պետք է ներկայացնի այլընտրանք եւ պետք է ներկայացնի այն նոր երկրի ուրվագծերը, որտեղ ուզում է տանել հասարակությանը: Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին` Հ. Հովհաննիսյանը, ով ժամանակին եղել է նաեւ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, նշում է, թե՛ Հայաստանի ղեկավարության, թե՛ մասամբ նաեւ Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից գոնե մեկի կողմից ակնհայտորեն երեւում էր, որ ցանկություն կար եւ ամեն ինչ արվեց, որ Ռամբույեում ԼՂ հարցով բանակցությունները մտնեն փակուղի` հույս ունենալով, որ Ռամբույեից հետո մի երկար ժամանակ ԼՂՀ հարցում նոր դատարկություն կառաջանա: «Բայց ԱՄՆ-ը Ռամբույեի գործընթացները շարունակական դարձրեց: Դա են վկայում վերջին 1-1,5 ամսվա գործընթացները: Եվ ԱՄՆ-ի մղումը եւ ձգտումը ցույց են տալիս, որ գոնե իրենք ռեալ են համարում, որ 2006-ին ԼՂ խնդրի շուրջ ինչ-որ քայլ կարվի, որի վրա կարելի է կառուցել խնդրի կարգավորումը»,- կարծում է ՀԱԱԿ ղեկավարը: Վերջինիս պնդմամբ` պարզ երեւում է, որ ԱՄՆ-ի այդ նախաձեռնության դեմ ակնհայտ աշխատում են գոնե Հայաստանի իշխանությունները: «Դրա դեմ արդեն բացահայտ աշխատում է համանախագահող երկրներից գոնե մեկը` Ռուսաստանը, որը ոնց որ նման լուծումների բացարձակ ցանկություն չունի: Բացահայտ երեւում է, որ տորպեդահարվում են այդ պրոցեսները»,- հավելում է Հ. Հովհաննիսյանը, ում խոսքերով` ամեն ինչ կախված է նրանից, թե ԱՄՆ-ը ինչքան հետեւողական կլինի, եւ «այս տարածաշրջանն ինչքան կլինի ԱՄՆ-ի կենսական շահերի շրջանակներում, եւ ինչքանով ԼՂՀ հարցի լուծման սկիզբ դնելը կբխի ԱՄՆ-ի կենսական շահերից»: Պարոն Հովհաննիսյանն ինքը գտնում է, որ ԱՄՆ-ը հետեւողականորեն այդ գործընթացն առաջ կտանի եւ կփորձի լուծումներին լուրջ դինամիկա տալ: «Առաջիկայում դա շատ ավելի ակնհայտ կերեւա»,- կարծում է ՀԱԱԿ ղեկավարը: