Սպասվում էր, որ ՀՀ նախագահի աշխատակազմի այլեւս նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հետ կատարված դեպքերին ամենաառաջինը պետք է արձագանքեին ՀՅԴ-ականները: Ի վերջո Արտաշես Թումանյանը Դաշնակցության ամենամոտ կանգնած այրերից մեկն էր, ԱԺ մի քանի ընտրություններին ընդգրկված է եղել հենց ՀՅԴ համամասնական ցուցակում: Սակայն իրենց համախոհ Թումանյանի հետ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՅԴ-ականներն ամեն կերպ հրաժարվում են որեւէ տեսակետ հայտնել: «Իսկ Արտաշես Թումանյանի հետ ի՞նչ է պատահել, որ մենք էլ պետք է արձագանքեինք»,- մեր հարցից երեկ խիստ զարմացավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: Վերջինիս հիշեցրինք Թումանյանի պարտադրված հրաժարականը ոչ միայն աշխատակազմի ղեկավարի, այլեւ «Նոր երկիր» կուսակցության նախագահի պաշտոնից: Հիշեցրինք նաեւ մամուլի հրապարակումները, որ Թումանյանը հրավիրվել է 6-րդ վարչություն եւ Ազգային անվտանգության ծառայություն: Ընկեր Հրայրն այս առնչությամբ ասաց. «6-րդ վարչություն հրավիրելու մասին լուրերը հետո հերքվեցին: Բացի այդ, ի՞նչ կար այդտեղ արձագանքելու, Արտաշես Թումանյանը մեր կուսակցության անդամ չէր, ի՞նչ անենք, որ նա ՀՅԴ ցուցակում է ընդգրկված եղել»: Փաստորեն, երբ դաշնակ ընկերների շահերն այլեւս չեն համընկնում՝ նրանք դավաճանում են: