Տեսնող է եղել

02/04/2006

«Միավորում Հանուն Հայաստանի» կուսակցությունը, որին բոլորովին վերջերս անդամագրվեցին ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ Լյովա Խաչատրյանն ու Վահրամ Բաղդասարյանը, նախկինում գործել է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» անվամբ: Իսկ այդ կուսակցության նախագահը մարդու իրավունքների պաշտպանի նախկին թեկնածու Ռուբեն Թորոսյանն էր: Այսօր, սակայն, վերանվանված կուսակցության նախագահը ոմն Ժասմեն Բաբայանն է: Երբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք Ռուբեն Թորոսյանին, վերջինս ասաց, թե ինքն այդ ամենից տեղյակ չէ: «Նախորդ տարվա օգոստոս ամսին, համաձայն օրենքի, իմ կուսակցությունը պետք է լուծարվեր, քանի որ չուներ օրենքով պահանջվող 2000 անդամներն ու մարզային կառույցները: Բայց քանի որ լուծարման գործընթացն ահագին բարդ էր, ժողով արեցինք, ու ահագին մարդիկ, այդ թվում եւ` ես, դուրս եկանք կուսակցությունից: Դրանից հետո արդեն այն մարդիկ, ովքեր ուզեցել են շարունակել, մնացել են կուսակցության մեջ: Բայց ես առաջին անգամն եմ լսում, որ դա վերածվել է այլ կուսակցության»,- ասաց պարոն Թորոսյանը, որին բոլորովին վերջերս այդ կուսակցության անդամների հետ տեսնողներ եղել են: