Նախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է ստուգումներ իրականացնել «Լինսի» հիմնադրամում, որի համակարգողն իր պաշտոնավարման ընթացքում հենց Ա. Թումանյանն էր: Ի դեպ, Թումանյանի հրաժարականից հետո Ռ. Քոչարյանի հրամանագրով «Լինսի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Եվ շատերն այն կարծիքի են, որ եթե իշխանություններն ուզենան, ապա այդ ստուգումների արդյունքում բավական լուրջ բացահայտումներ կարվեն: Մանավանդ, ըստ մամուլի հրապարակումների, հրաժարականից հետո Արտաշես Թումանյանին արդեն հասցրել են իրենց մոտ հրավիրել ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ինչպես նաեւ` ԱԱԾ աշխատակիցները:
Բայց մինչ նախագահի վերահսկողական ծառայությունը կփորձի ստուգումներ անցկացնել «Լինսի» հիմնադրամում, փորձենք մի փոքր անդրադառնալ Շիրակի մարզում «Լինսի» հիմնադրամով կատարված շինարարական աշխատանքներին:
Այսպիսով, 2001 թվականից Շիրակի մարզում մեկնարկեցին «Լինսի» հիմնադրամի աշխատանքները: Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանն այդ նպատակով 155 մլն դոլար էր նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը, որից 44 մլն դոլարն ուղղվեց աղետի գոտու բնակարանաշինությանը: Ծրագիրն ավարտվեց 2003 թվականին: Եվ «Լինսի» շրջանակներում միայն Շիրակի մարզում կառուցվեց ու վերականգնվեց 3 հազար 674 բնակարան:
Սակայն Գյումրիում շատերն այն կարծիքին են, որ «Լինսի» հիմնադրամով իրականացված շինարարությունն իրականում «մեծ լվածք էր»: Որպեսզի այդ մեծ լվացքը կարողանային բարեհաջող իրականացնել, պետք է «Լինսի» հիմնադրամում վճռորոշ ու գերակշռող դեր ունենային յուրայինները: Եվ այդ տրամաբանությամբ «Լինսի» հիմնադրամում պատասխանատու պաշտոններին մեծամասամբ նշանակվեցին մարդիկ, ովքեր ծնունդով Վանաձորից էին: Ծնունդով Վանաձորից էր «Լինսի» հիմնադրամի համակարգող խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանը, հիմնադրամի՝ Աղետի գոտու ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Հրայր Սարգսյանը եւ այլք: Իսկ «Լինսի» հիմնադրամին մոտ կանգնած մեր աղբյուրների վկայությամբ, շինարարական աշխատանքների իրականացման համար շինկազմակերպությունների միջեւ անցկացված մրցույթներում զարմանալի զուգադիպությամբ հաղթող էին ճանաչվում հիմնականում վանաձորյան ծագում ունեցող կազմակերպությունները, իսկ տեխնիկան ու բանվորական աշխատուժն արդեն վերցրեցին Գյումրիից: Նշենք, որ այդ մրցույթներն անցկացվում էին Երեւանում եւ սովորաբար փակ էին հասարակության համար: Ի դեպ, մեր աղբյուրների վկայությամբ, այդ մրցույթներում հաղթած շինկազմակերպությունների ղեկավարներին հետագայում զրուցելու նպատակով հերթով հրավիրել էին Ոստիկանության 6-րդ վարչություն եւ «խորհուրդ տվել գրավոր անկեղծանալ»:
Իսկ «Լինսի» հիմնադրամի մեկնարկի սկզբում գյումրեցիները շատ էին ուրախացել. վերջապես Գյումրիում էլ ստեղծվեցին աշխատատեղեր եւ այդ բանվորներն այլեւս ստիպված չեն լինի կտրվել ընտանիքից ու գումար վաստակելու համար խոպան գնալ: Բայց մի քանի ամիս աշխատելուց հետո նրանք պարզապես հուսախաբ եղան: Բանվորների աշխատավարձերը սկսեցին մեծ ուշացումներով վճարել: Արդյունքում, շինարարները մի օր աշխատում էին, մի օր՝ բողոքի ակցիա անում Շիրակի մարզպետարանի մոտ: Բողոքավորներին «Լինսի» հիմնադրամից այդ օրերին հավաստիացնում էին, թե իրենք գումարները պարտաճանաչորեն փոխանցել են եւ հաշիվները պարզելու համար ուղարկում էին շինկազմակերպությունների ղեկավարների մոտ: Շինկազմակերպությունների ղեկավարներն էլ պատճառաբանում էին, թե եռակի-քառակի անգամ թանկացել են հիմնական շինանյութերն, ու իրենք աշխատավարձերի գումարներով շինանյութ են գնել: Մինչդեռ, մեր աղբյուրների վկայությամբ, այդ շինկազմակերպությունների ղեկավարներին հստակ հրահանգված էր, թե որ շինանյութը կոնկրետ ումից ինչ գնով պետք է գնեն, հակառակ պարագայում սպառնում էին պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ: Օրինակ, թեպետ Շիրակի մարզում բազալտի հանքերի պակաս չկա, սակայն ճանապարհաշինության համար դրանք բերում էին Սիսիանից՝ համարելով այն տնտեսապես ավելի շահավետ, որակապես ավելի բարձր: Բացի այդ, նախատեսված էր «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացնել նաեւ կառուցված ու վերականգնված շենքերին հարող տարածքների՝ շինաղբից մաքրման աշխատանքները: Բայց վերջում պարզվեց, որ գումարները չեն հերիքում եւ հատուկ այդ նպատակով 300 մլն դրամ տրամադրվեց պետբյուջեից: Ի դեպ, եւս մեկ տարօրինակ փաստի մասին. նախատեսված էր «Լինսի» հիմնադրամով իրականացվող շինաշխատանքներն ավարտել 2003 թվականին: Բայց քանի որ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով շինարարության ավարտը ձգձգվում էր, վերջնաժամկետում տեղավորվելու համար մի օրիգինալ լուծում հրամցվեց: Ըստ այդմ, որոշվեց Գյումրիում 120 բնակարան պակաս կառուցել` 5 հարկանի շենքերը դարձնելով 4 հարկանի, 4 հարկանի շենքերը՝ 3 հարկանի: Ինչ վերաբերում է կատարված աշխատանքների որակին, ապա դրանց մասին խոսելն ավելորդ է: Շենքերը շահագործման հանձնելուց հետո գյումրեցիները բազմիցս են բողոքել անձրեւոտ եղանակներին կամ ձնհալի ժամանակ կտուրներից տեղացող կաթոցներից, ջրի եւ կոյուղու խողովակների անսարքությունից եւ այլն:
Իսկ ծրագրի ավարտից հետո Գյումրիում միանգամից հայտնվեց արտասահմանյան շքեղ ավտոմեքենաների մի ամբողջ խմբաքանակ: Իսկ այդ շքեղ մեքենաների տերերն, ի դեպ, բացառապես այն մարդիկ էին, ովքեր այս կամ այն չափով թաթախվել էին «Լինսի» մեջ:
Ի դեպ, Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանից երեկ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է` Շիրակի մարզում «Լինսի» հիմնադրամով իրականացված շինաշխատանքները ստուգելու դեպքում հայտնաբերեն չարաշահումներ, ինչը հետագայում բացասաբար անդրադառնա Արտաշես Թումանյանի ճակատագրի վրա: «Կա «Լինսի» հիմնադրամի ծրագրերի իրականացման գրասենյակ, թող իրենք պատասխանեն այդ հարցին: Բայց ամեն դեպքում ասեմ, որ «Լինսի» հիմնադրամի գործունեությամբ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել շինարարության մեջ: «Լինսի» ծրագիրը նոր որակ մտցրեց Գյումրիի բնակարանաշինարարության մեջ: Շատ հարմարավետ բնակարաններ կառուցվեցին: Իսկ մյուս խնդիրները ստուգողները կամ հանձնարարություն տվողները պետք է որոշեն: Ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ: Բայց որտեղ կա աշխատանք, այնտեղ բնական է, որ կան նաեւ թերություններ: Թերություններ չեն լինում միայն այնտեղ, որտեղ աշխատանք չկա»,- ասաց Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Տարօրինակ է, սակայն, որ այս ամենի մասին վերին ատյաններում նոր են իմացել։