Անցած շաբաթ օրը միասնության ծառատունկի երրորդ մեկնարկն էր: Սյունիքի ու Տաուշի մարզերում ծառատունկի սկիզբն ազդարարելուց հետո «Միասնության ծառատունկի» շտաբը ձեռնամուխ եղավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի կանաչապատմանը, մասնավորապես` Հաղթանակի (Մոնումենտի) այգու վերականգնմանը:
Համայնքի «Կանաչապատում եւ բարեկարգում» ընկերության աշխատակիցները, որոնք միշտ են զբաղված կանաչ տարածքների պահպանմամբ, նախաձեռնված ակցիայից այնքան էլ գոհ չէին: Նրանց կարծիքով, այդ միջոցառումը վատ էր կազմակերպած այն առումով, որ ցուցադրական մասին ավելի շատ ժամանակ ու տեղ էին տվել, քան բուն ծառատունկին: «Իրենց ելույթներից, քեֆ-ուրախությունից հետո նոր պիտի ծառ տնկեն,- ասում էր աշխատակիցներից մեկը: -Է, ի՞նչ եք արել, որ ուրախանում եք: Հըլա ծառները տնկեք-պրծեք, տեսնենք՝ ինչ եք արել, հետո նոր ձեր հետ միասին մենք էլ ուրախանանք: Ուրախությունն ու ելույթները գործի վերջում են անում»:
Այդ աշխատակիցները դժգոհում էին նաեւ ցաքուցրիվ կազմակերպած ծառատունկից: Նրանց կարծիքով, ծառերը պետք է շարքերով ու հավասար հեռավորությամբ տնկեին, որ անտառը համաչափ ստացվեր: «Թե չէ բահը վերցնում են, որտեղ որ ռաստ եկավ փոս են փորում ու ծառ են տնկում,- դժգոհում էր մեկ այլ աշխատակից: -Խի՞, սա մենակ էսօրվա տելեվիզորի համա՞ր են անում, թե՞ դարերի համար»:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի ծառատունկի «պաշտոնական» մասը տեւեց մոտ 2 ժամ, որից ավելի քան 1 ժամն օգտագործվեց ելույթների եւ այլ ցուցադրական արարողությունների վրա: Ծառատունկին մասնակից պաշտոնյաները՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Միասնության ծառատունկ» շտաբի ղեկավարները յուրաքանչյուրը մի քանի ծառ տնկելուց հետո գնացին միջոցառումը շարունակելու Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ի դեպ, ելույթների ժամանակ, երբ նրանք ոգեւորված ողջունում էին մասնակիցներին եւ կարեւորում էին այդ օրվա միջոցառումը, խմբվածներից մեկն ասաց, թե «Գլխավոր ծառ կտրողները ծառ տնկող են դարձել»: Իսկ Հաղթանակի այգում եւ ողջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծառատունկը պետք է շարունակվեր ամբողջ օրվա ընթացքում եւ պետք է տնկվեր մոտ 9600 ծառ, որից Հաղթանակի այգում՝ 2500-2800: Ծառերի մի մասը թաղապետարանն էր ձեռք բերել, որոշ չափով էլ օգնել էր «Միասնության ծառատունկի» շտաբը: Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը հավատացրեց, որ ամբողջ տարվա ընթացքում համայնքում տնկվելու է 30.000 ծառ:
Քաղաքապետ Երվանդ Զախարյանը թեեւ չգիտի, թե իր տնկածն ինչ ծառ է, բայց հավատացած է, որ անպայման կկպնի: Անցած տարվանը կպել էր: Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ այս պահին, երբ Հաղթանակի այգում ինքը ծառ է տնկում, մեկ այլ տեղում՝ քաղաքապետարանի հատկացրած, հասուն ծառ է կտրվում՝ էլիտար շենք կառուցելու համար, պարոն Զախարյանը պատասխանեց. «Ես այնքան պեսիմիստ չեմ, որքան դուք: Եթե ինչ-որ մի տեղ մի ծառ է կտրվում, դրա փոխարեն հազարավոր ծառեր են տնկվում: Եվ ինչ խոսք, պետք է այնպես անենք, որ այդ մի ծառն էլ չկտրվի: Բացի միասնության ծառատունկից, քաղաքապետարանի եւ համայնքների միջոցով էլ ծառեր են տնկվելու: Նախատեսել ենք համաքաղաքային շաբաթօրյակ եւ բոլորը միասին տնկելու ենք 80-90.000 ծառ: Անցած տարի տնկել ենք 32.000»: